ԲԱՐԱՔ ՕԲԱՄԱՆ ՎԵՐԸՆՏՐՎԵԼ Է

Դեմոկրատական կուսակցությունից առաջադրված թեկնածու Բարաք Օբաման վերընտրվել է ԱՄՆ նախագահի պաշտոնում, հայտնում են ամերիկյան հեռուստաալիքները:

Օբամայի կողմնակիցները ընտրություններում նրա հաղթանակը տոնել են պարերով ու օվացիաներով: Հազարավոր մարդիկ Նյու Յորքի Թայմզ սքվերում սպասում էին ԱՄՆ-ի նախագահի ընտրությունների արդյունքներին:

Կեսգիշերին մոտ ակնհայտ է դարձել, որ Օբաման զգալի առավելությամբ հաղթում է եւ երկրորդ ժամկետն է նախագահելու:

Պատմության մեջ ԱՄՆ-ի սեւամորթ առաջին նախագահի ամենահավատարիմ կողմնակիցները Թայմզ սքվերում սկսել են վանկարկել «Օ-բա-մա», «Այո, նա կարող է», «Եվս չորս տարի»:

Օբաման, CNN-ի տվյալներով, 303ձայն է ստացել՝ անհրաժեշտ  270-ի փոխարեն: Ռոմնին 203 քվե է ստացել:

Նոյեմբերի 7-ին վաղ առավոտյան ԱՄՆ դեսպան Հեֆերնի ու դեսպանատան աշխատակիցների հետ ԱՄՆ ընտրությունների առիթով դեսպանատանը կազմակերպված նախաճաշին մասնակցում էր ուսանողներից, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից, դասախոսներից, պետական պաշտոնյաներից և ԶԼՄ-ների ներկայացուցիչներից բաղկացած բազմազան մի խումբ: Մասնակիցները հետևում էին ԱՄՆ ընտրությունների արդյունքների ամփոփման ուղիղ հեռարձակմանը և լուսանկարվում նախագահության թեկնածուներ նախագահ Օբամայի ու նահանգապետ Ռոմնիի իրական չափերի պատկերների կողքին:

Մասնակիցների համար պատրաստվել էին նաև Հանրապետական կուսակցության, Դեմոկրատական կուսակցության, Ընտրական կոլեգիայի ու իշխանության ժողովրդավարական անցման մասին պատմող տեղեկատվական տաղավարներ: Դեսպանատան հյուրերը նաև մասնակցեցին ընտրախաղի` քվեարկելով ԱՄՆ նախագահի իրենց նախընտրելի թեկնածուի օգտին:

“Եվրոպական ինտեգրացիա” ՀԿ թիմն ի սրտե շնորհավորում է Երևանում ԱՄՆ դեսպանատանը, ինչպես նաև ամերիկյան ժողովրդին` նախագահ Օբամայի վերընտրման կապակցությամբ:
07.11.2012