“ՄԵԾԱՐԵԼՈՎ ՏԱՓԱՍՏԱՆՆԵՐԸ՝ ՄԻ´ ՆՍԵՄԱՑՐՈՒ ԼԵՌՆԵՐԸ´

Այսօր “Եվրոպական ինտեգրացիա” հասարակական կազմակերությունը Հայաստանում Ղազախստանի դեսպանատան օժանդակությամբ անցկացրեց կոնֆերանս “Ղազախստանի և Հայաստանի համագործակցության փորձն ու նոր ուղիները էթնոքաղաքականության ոլորտում” թեմայով: Կոնֆերանսն իրականացվեց “Ղազախստան. բազմամշակույթ և յուրօրինակ” ծրագրի շրջանակներում:

Բացելով միջոցառումը՝ “Եվրոպական ինտեգացիա” ՀԿ նախագահ Կարեն Բեքարյանը պատմեց այդ ծրագրի մասին, այն մասին, որ Հայաստանում Ղազախստանն առավել ճանաչելի դարձնելու նպատակով և հայ-ղազախական համագործակցության հեռանկարների համար հայկական հեռուստաեթերում շուրջ 40 հաղորդումներ են ցուցադրվել՝ նվիրված Ղազախստանի տարբեր ոլորտներին: Պարբերաբար հանդիպումներ են անցկացվում Հայաստանի շրջաններում, որոնց շրջանակներում քննարկվում են հայ-ղազախական համագործակցության տարբեր կողմերը: Բացի այդ, ծրագրի շրջանակներում Ղազախստանի մասին երկու գիրք է հրատարակվել հայերեն լեզվով, որոնք անվճար տարածվում են հայ հասարակության տարբեր շրջաններում:
Ողջունելով հավաքվածներին՝ Հայաստանում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Այիմդոս Բոզժիգիտովն իր հերթին պատմեց նման միջոցառումների կարևորության մասին: “Ղազախստանն ինքնիշխանության տարիների ընթացքում դարձել է հաջողակ պետություն՝ զարգացման յուրօրինակ մոդելով, և Ղազախստանում հաջողված ծրագրերից մեկը համարվում է հենց ղազախստանյան իշխանությունների ազգային քաղաքականության հարցը: Ինչպես ասում է մեր նախագահ Նազարբաևը, “մեր երկրի անկախության պատմությունը մեր էթնոսների ընկերության պատմությունն է”: Նման քաղաքականության գործիքներից մեկը Ղազախստանի ժողովրդի Ասամբլեան է, որն այսօր իսկապես հանդիսանում է հանդուրժողականության քաղաքականության իրականացման և Ղազախստանում ազգերի ընկերության վառ օրինակ”,-ընդգծել է պրն. Բոզժիգիտովը:

Կոնֆերանսի ընթացքում ելույթներով հանդես եկավ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը (թեման` “Ղազախստանի և Հայաստանի միջև միջխորհրդարանական համագործակցության հնարավորություններն ու հեռանկարները”): Բացելով իր ելույթը Օլժաս Սուլեյմանովի խոսքերով՝ “Մեծարելով տափաստանները՝ մի´ նսեմացրու լեռները”, զեկուցողը նշեց, որ հենց այդ արտահայտությունն էլ հանդիսանում է Ղազախստանի հանդուրժողականության մոդելը, որի հետ Հայաստանը ջերմ բարեկամական հարաբերություններ է ունեցել ինչպես մինչև ԽՍՀՄ, ապա սովետական տարիների ընթացքում, այնպես էլ հետխորհրդային համագործակցության վերջին 20 տարիների ընթացքում, մի շրջան, երբ Հայաստանի և Ղազախստանի միջև հարաբերություններն անբեկանելիորեն խորանում են: Նրա խոսքերով, այսօր առավել խոր տնտեսական համագործակցությանը խանգարում է այն, որ ՀՀ և ՂՀ միջև առևտրաշրջանառությունն իրականացվում է երրորդ երկրների միջնորդությամբ: Միջպետական համագործակցության տեմպերը հնարավոր կլիներ խորացնել, և, զեկուցողի կարծիքով, նման կոնֆերանսները պետք է նոր թափ հաղորդեն համագործակցության զարգացմանն ու խորացմանը: Արտակ Զաքարյանն ընդգծեց, որ ԱՊՀ և ՀԱՊԿ ԽՎ շրջանակներում, ինչպես նաև այլ միջխոհրդարանային ասպարեզներում մեր երկու երկրներն ունեն բավական ջերմ փոխհարաբերություններ, մեր երկրների խորհրդարաններում գործում են բարեկամության մշտական խմբեր, սակայն չկա հայ-ղազախական միջխորհրդարանական հանձնաժողով, որը երկկողմ համագործակցությունն առավել արդյունավետ կդարձներ, և, որպես հստակ առաջարկ, արտահայտեց համագործակցության մասին միջխորհրդարանական հուշագրի ստորագրման գաղափարը:
“Միջէթնիկական հանդուրժողականության և հասարակական համերաշխության ղազախստանյան մոդելը” թեմայով հանդես եկավ Ղազախստանի ժողովրդի ասամբլեայի փոխնախագահ Եռալի Տոգժանովը: “Այսօր աշխարհում տեղի ունեցած իրադարձությունների ֆոնի վրա խաղաղության և համաձայնության հարցերը բավական արդիական են համարվում: Բազմազգ Ղազախստանի համար իր անկախության առաջին իսկ օրերից խաղաղ գոյատևման հարցերը եղել են առանցքային: Ղազախստանում այսօր բնակվում են ավելի քան 100 էթնիկ խմբերի ներկայացուցիչներ և գոյություն ունեն 40-ից ավել կրոններ: Մի անգամ Բժեզինսկին ասել է, որ Ղազախստանը հակամարտությունների դաշտ է, և այստեղ հնարավոր են մեծ հակամարտություններ, սակայն Ղազախստանը, ի հեճուկս բոլոր կանխատեսումների, կարողացավ ապացուցել աշխարհին, որ Ղազախստանում խաղաղության և համաձայնության առկայությունը հնարավոր է”,-ասաց Տոգժանովը: Զեկուցողի խոսքերով, Ղազախստանում միջէթնիկական խնդիրների լուծմանը նպաստել է Նուրսուլթան Նազարբաևի՝ Ղազախտանում Ղազախստանի ժողորդի Ասամբլեայի ստեղծման գաղափարը, որը յուրօրինակ կամուրջ դարձավ պետության և երկրի էթնիկ խմբերի միջև: “Դա հանդուրժողականության մոդելն է, որն այսօր հետաքրքրություն է հարուցում աշխարհում”,-ասաց Տոգժանովը: Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի ղեկավարության տակ գտնվող Ասամբլեայի մեջ մտնում են 394 անդամներ՝ բոլոր էթնիկ խմբերի ներկայացուցիչները, և նրանք բոլորը հավասար իրավունքներ ունեն: “Ղազախստանի ժողովրդի Ասամբլեայի 9 ներկայացուցիչներ մտնում են Ղազախստանի Մեջլիսի մեջ և ներկայացնում են բոլոր էթնիկ խմբերի շահերը: Այդ մեխանիզմը խորհրդարանում փոքրամասնությունների երաշխավորված ներկայացուցչությունն է հանդիսանում”,-նշեց Եռալի Տոգժանովը: Նրա խոսքերով, Ղազախստանում միջէթնիկական, միջկրոնական հարցը սահմանադրությամբ ապաքաղաքականացված է: “Էվոլյուցիա, ոչ թե հեղափոխություն”, “մեկ երկիր, մեկ ճակատագիր”, “լայնամասշտաբ հանդուրժողականություն և վստահություն, “լայնամասշտաբ թափանցիկություն”. հենց այս կարգախոսներն էլ, զեկուցողի խոսքերով, ընկած են Ղազախստանի ժողովրդի Ասամբլեայի հիմքում, կազմակերպություն, որում բոլոր փոքրամասնությունների ներկայացուցիչները հավասար իրավունքներ ունեն և որտեղ չկան երկակի ստանդարտներ…
ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը հանդես եկավ “Հայ-ղազախական հարաբերությունների զարգացման հեռանկարները գիտական, հանրային, քաղաքացիական և այլ ոլորտներում” զեկույցով: Զեկուցողն անդրադարձավ համագործակցության հարցերին և ղազախստանցի գիտանականներին, գիտական և կրթական հաստատությունների կապերին, ընդգծեց համատեղ գիտական համաժողովների անցկացման կարևորությունը: Նշելով, որ ՀՀ Հանրային խորհրդի շրջանակներում համագործակցության լավ ներուժ գոյություն ունի, Ռուբեն Սաֆրաստյանն առաջարկեց խորացնել այդ համագործակցությունն ու բարեկամությունն առավել հստակ՝ օգտվելով այսօրվա համաժողովից:

Անհնար է խոսել Հայաստանի և Ղազախստանի մասին՝ չանդրադառնալով Ղազախստանում հայ համայնքի թեմային: Այդ երկրում միշտ երախտագիտությամբ են հիշում սովետական Ղազախստանի Կոմկուսի Կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար Լևոն Միրզոյանին, որի անունով մինչ օրս անվանվել են փողոցներ անկախ Ղազախստանի որոշ քաղաքներում: Այսօր այդ երկրում ապրում է ավելի քան 35000 հայ, կան 2 հայ ԽՍՀՄ հերոսներ, մշակույթի 6 մրցանակակիրներ, գիտությունների 19 թեկնածուներ, բազմաթիվ հայտնի քանդակագործներ, ռեժիսորներ, սպորտսմեններ և այլն…
“Ղազախստանի հայերի հանրապետական էթնոմշակութային միավորման” նախագահ Արտուշ Կարապետյանը, ով հանդիսանում է Ասամբլեայում Նազարբաևի երեք տեղակալներից մեկը, համաժողովի մասնակիցներին պատմեց Ղազախստանի հայերի մասին: Կարապետյանի ինքնադրսևորման երկակիությունը զգացվեց նաև զեկուցողի ելույթում. նա նույնացնում է իրեն ինչպես Ղազախստանի, այնպես էլ Հայաստանի հետ: Պատմելով հայկական մշակութային կենտրոնների, հայկական թերթերի, դպրոցների մասին՝ Կարապետյանը նշեց, որ հայերն իրենց իսկապես շատ հարմարավետ են զգում բարի և հյուրընկալ Ղազախստանում:
Քննարկման ընթացքում կարծիքների փոխանակում կատարվեց համագործակցության փորձի և Ղազախստանի ու ՀՀ միջև տարբեր՝ գիտության, տնտեսության, հոգեբանության, կրթության, էթնոքաղաքականության և այլ ոլորտներում այդ համագործակցության նոր ուղիների հեռանկարների շուրջ: Եվ ինչպես հանդիպման ավարտին նշեց զեկուցողներից մեկը, “աշխարհում գոյություն ունի մի զենք, որն ավելի զորեղ է քան ատոմը. դա ընկերությունն է”, և հենց այդ “զենքը” պետք է տարածել ողջ աշխարհում նման համաժողովների միջոցով:
Նշենք, որ սա արդեն յոթերորդ միջոցառումն է “Ղազախստան. բազմամշակույթ և յուրօրինակ” ծրագրի շրջանակներում, որը կյանքի է կոչվում Հայաստանի մայրաքաղաքում և շրջաններում “Եվրոպական ինտեգրացիա” ՀԿ-ի կողմից ՀՀ-ում ՂՀ դեսպանատան աջակցությամբ:

Կարինե Օհանյան
թարգմանությունը` Արմինե Հարությունյանի