ԱՐԵՎԵԼՅԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ. ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՏԵԶ՝ 2013Թ. ԳԱԳԱԹԱԺՈՂՈՎԻՆ ԸՆԴԱՌԱՋ

“Եվրոպական Ինտեգրացիա” հասարակական կազմակերպությունը ներկայացնում է Եվրամիության “Արևելյան Գործընկերություն” ծրագրի՝ վերջին շրջանի հիմնարար փաստաթղթերից մեկը`Եվրոպական Հանձնաժողովի և ԵՄ Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր հանձնակատարի ՀԱՄԱՏԵՂ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆ՝ ուղղված ԵՎՐՈՊԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻՆ, ԽՈՐՀՐԴԻՆ, ԵՎՐՈՊԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ ԵՎ ՌԵԳԻՈՆԱԼ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ, 2013 թ.-ի աշնանային գագաթաժողովին ընդառաջ հրապարակված “Ճանապարհային քարտեզ”-ը:

Շուտով մեր գործընկեր “Արմեդիա” ՏՎԳ-ի կողմից կներկայացվեն հարակից ևս երկու փաստաթղթեր. ԵՎՐԱՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՄԱՏԵՂ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԵՐԿՈՒ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ, որոնք ներկայացնում են Արևելյան գործընկերության 2012-13 “Ճանապարհային քարտեզները”` երկկողմ և բազմակողմ ձևաչափերով:
Փաստաթղթերի ամբողջական թարգմանության կարևոր դրդապատճառներից մեկն այն է, որ վերջին շրջանում հաճախ են հանդիպում կարծիքներ, որոնց համաձայն, եվրաինտեգրման գործընթացը տեսական է և անհրաժեշտ է երկար ժամանակ շոշափելի արդյունքների հասնելու համար: Մինչդեռ, նշված փաստաթղթերը լավագույնս ընդգծում են ԱլԳ ձևաչափում համագործակցության բոլոր ոլորտներում արձանագրված հստակ ձեռքբերումները և շարադրում մինչ 2013 թ.-ի աշունը ԵՄ ակնկալիքներն ԱլԳ երկրներից:
Ավելին, փաստաթղթերը թույլ են տալիս գործընկերության բոլոր բաղադրիչների սահմաններում ստանալ համեմատական պատկեր՝ բացահայտող ԱլԳ երկրների (առանձին-առանձին) մինչ այժմ ունեցած ձեռքբերումները:
Փաստաթղթի ոչ պաշտոնական թարգմանությունը “Արմեդիա” ՏՎԳ-ին է տրամադրել “Եվրոպական ինտեգրացիա” հասարակական կազմակերպությունը:
Նշենք, որ պատահական չէ նաև փաստաթղթերի ներկայացման պահի ընտրությունը: “Եվրոպական ինտեգրացիա” հասարակական կազմակերպությունը 2012թ.-ի նոյեմբերի 14-ին տոնում է իր հիմնադրման 10-ամյակը: Այս տարիների ընթացքում կազմակերպությունն իրականացրել է Հայաստանը Եվրոպային մոտեցնող բազմաթիվ միջոցառումներ և ծրագրեր:

14.11.2012