Տնտեսական համագործակցություն սահմանների բացակայության պարագայում. Հայաստան-Ղազախստան

Նոյեմբերի 27-ին, “Ղազախստան. բազմամշակութային և յուրօրինակ” ծրագրի շրջանակներում Սևան քաղաքում անց է կացվել սեմինար “Հայաստան-Ղազախստան. ամրապնդում և հետագա համագործակցության հեռանկարներ” թեմայով: Սեմինարի ընթացքում քննարկվել են Հայաստան-Ղազախստան տնտեսական հարաբերությունների ներկա վիճակն ու զարգացման հնարավոր ոլորտները: “Ղազախստան, բազմամշակութային և յուրօրինակ” ծրագիրն իրականացվում է “Եվրոպական ինտեգրացիա” ՀԿ-ի կողմից ՀՀ-ում Ղազախստանի դեսպանատան աջակցությամբ:

Քննարկմանը զեկույցներով հանդես են եկել ՀՀ Հանրային խորհրդի ֆինանսա-տնտեսական և բյուջետային հարցերով հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանը, տնտ. գիտությունների թեկնածու, դոցենտ Վիլեն Խաչատրյանը, ինչպես նաև ՀՀ-ում Ղազախստանի դեսպանատան առաջին քարտուղար Ժենիս Ումբետովը:

ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության դեսպան Ա. Բոզժեգիտովն իր ողջույնի խոսքում կարևորեց Ղազախստանի և Հայաստանի հարաբերությունները, նշեց դրանց բարձր մակարդակը մի շարք ոլորտներում, միաժամանակ, ցավով արձանագրեց, որ տնտեսական հարաբերությունները բավական թույլ են, ինչի համար կան թե՜ սուբյեկտիվ, թե՜ օբյեկտիվ պատճառներ՝ այդ թվում տրանսպորտային հաղորդակցության ուղիների բացակայությունը: “Անհրաժեշտ է խորացնել հարաբերություններն ու այն հարցերի շրջանակը, որոնց շուրջ կարող ենք համագործակցել”,- նշեց դեսպանը՝ դրանց թվում նշելով իննովացիոն տեխնոլոգիաների և գիտության տարբեր ճյուղերի զարգացման արդյունքների կիրառումը: Իննովացիոն տեխնոլոգիաներին իր զեկույցում անդրադարձավ նաև Ժ. Ումբետովը: “Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հաղորդակցությունը մեր երկրների միջև բավական բարդ է, անհրաժեշտ է զարգացնել այն ճյուղերը, որոնք տրանսպորտային փոխադրումներ չեն պահանջում, առաջին հերթին, իննովացիոն տեխնոլոգիաները: Առավել ևս, որ 2010թ.-ից Ղազախստանում դրանց զարգացումը քաղաքական առաջնահերթություն է համարվում և ընդունվել է իննովացիաների վերաբերյալ պետական ծրագիր”,-նշեց նա: Առաջին քարտուղարը նշեց 2012թ.-ի կարևորությունը հայ-ղազախական հարաբերություններում. “Այս տարի մենք նշում ենք մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակը”: Այսօրվա դրությամբ Հայաստանը Ղազախստանից ներմուծում է հացահատիկ և երկաթ, արտահանում՝ քարտաշ մեքենաներ: Ումբետովը նշեց հայ գործարարների հաջողությունները խողովակների արտադրության մեջ բազալտային մանրաթելերի օգտագործումը խթանելու հարցում: Բացի այդ, նա կարևորեց Հայաստանի և Ղազախստանի առանձին քաղաքների միջև համագործակցության հաստատումն ու խորացումը՝ օրինակ բերելով Ջերմուկ և Գուրաբայ քաղաքաների միջև հաստատված կապերը, որոնք ոչ միայն հանգստյան գոտիներ են, այլև առողջարանային նման պայմաններ ունեն:

Վ. Խաչատրյանն անդրադարձավ վերջին տարիներին Ղազախստանում երիտասարդ գիտնականների միջև կազմակերպվող մրցույթներին և մտադրություն հայտնեց իր ուսանողներից կազմված խմբով, նույնպես, հաջորդ տարի մասնակցել այդ մրցույթին: “Գիտական կապերը խիստ կարևոր են, և դրանց պետք է մեծ տեղ տրվի”,-նշեց նա: Բացի այդ, Խաչատրյանը կարևորեց հատուկ տնտեսական գոտիների ստեղծումը, որոնք նպաստավոր պայմաններ են ապահովում բիզնեսի զարգացման համար և արագ ընդարձակվում են:

Տնտեսական միություններին, առևտրի գոտիներին և տնտեսական համագործակցության նմանօրինակ ձևաչափերին մանրակրկիտ անդրադարձավ Վ. Սաֆարյանը: Նա նշեց վերջին տարվա ընթացքում Ղազախստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառության անկման ցուցանիշները, ընդգծեց տնտեսության զարգացման ոլորտում Ղազախստանի արձանագրած թռիչքային աճը, դրա առանձին կողմերի ուսումնասիրման կարևորությունը Հայաստանի համար: “Այսօր Ղազախստանը ձգտում է պետությանը վերադարձնել մինչ այդ սեփականաշնորհված ձեռնարկությունները, ինչն ուսանելի կլինի նաև մեր համար”,-նշեց նա: Սաֆարյանը հանդես եկավ Ղազախստան-Հայաստան տնտեսական համագործակցության մի քանի առաջարկներով, կարևորեց Հայաստան-Իրան երկաթգծի կառուցումը Ղազախստանի հետ ապրանքաշրջանառության ընդլայնման տեսակետից, առաջարկեց Ղազախստանին ներդրում կատարել դրա կառուցման մեջ, բացի այդ, առաջարկեց աջակցել քլորոպլենային կաուչուկի արտադրության գործարանի վերականգմանը, որը 12 հազ. աշխատատեղ կստեղծի և արտադրանքն այսօր Ղազախստանի համար մեծ կարևորություն ունի:

Ընդհանուր առմամբ, սեմինարի մասնակիցներն արձանագրեցին, որ չնայած առկա խոչընդոտներին, հայ-ղազախական տնտեսական հարաբերությունները զարգացման բավական մեծ հնարավորություններ ունեն, և այդ ուղղությամբ պետք է հետևողական աշխատանք տարվի:

Տեղեկատվական գործընկեր`

“Արմեդիա” ՏՎԳ