ԺՈԶԵ ՄԱՆՈՒԵԼ ԲԱՐՈԶՈՒՆ ԱՅՍՕՐ ԿԺԱՄԱՆԻ ՀԱՅԱՍՏԱՆ

Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով Հայաստան կժամանի Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն, տեղեկացնում են նախագահական գրասենյակի մամուլի ծառայությունից:
Եվրոպական հանձնաժողովի նախագահը հանդիպումներ կունենա Սերժ Սարգսյանի, Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի և վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ:
ՀՀ նախագահի հետ հանդիպմանն անդրադարձ կլինի երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակի, այդ թվում՝ Հայաստան-Եվրոպական Միություն համագործակցության օրակարգին, տարածաշրջանային հիմնախնդիրներին:
Սերժ Սարգսյանը և Ժոզե Մանուել Բարոզոն բանակցությունների արդյունքներով դեկտեմբերի 1-ին հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով:
Երևանում Եվրոպական հանձնաժողովի նախագահը կմասնակցի Եվրոպական ժողովրդական կուսակցության Արևելյան գործընկերության առաջնորդների գագաթնաժողովին, հանդիպում կունենա քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

30.11.2012