ՀԵՇՏԱՑՎԱԾ ՎԻԶԱՅԻՆ ՌԵԺԻՄ ԵՄ-ի ՀԵՏ 2013 թվականից

Հայաստանը Եվրամիության հետ հեշտացված վիզային ռեժիմ կունենա 2013—ի կեսերից։ Այդ մասին հայտնել է Ժոզե Մանուել Բարոզուն։
Վիզային եւ հետընդունման համաձայնագրերի շուրջ ԵՄ—ի եւ Երեւանի բանակցությունները, որոնք սկսվել էին այս տարվա փետրվարին, ավարտվել են ռեկորդային կարճ ժամանակահատվածում եւ նախաստորագրվել հոկտեմբերին։ Բարոզուի խոսքով՝ ԵՄ քաղաքացիներին կարճաժամկետ վիզաների տրամադրումը Հայաստանի կողմից դադարեցնելը կնպաստի փոխադարձ տեղաշարժերին։
Եվրահանձնաժողովի նախագահը նաեւ կարծում է, որ «Հայաստանի եւ ԵՄ—ի հարաբերությունները 2012թ. ավելի են աշխուժացել»։ 2012 թ. հուլիսից խոր եւ համակողմանի ազատ առեւտրի գոտու ստեղծման վերաբերյալ բանակցությունների երեք փուլ է անցկացվել։
«Լավ առաջընթաց է ձեռք բերվել ասոցիացիաների մասին համաձայնագրի եւ Հայաստանի տնտեսական ինտեգրման բանակցություններում»,–նշել է Բարոզուն։

30.11.2012