10 տարի, որ ավելի մոտեցրին մեզ Եվրոպային

10 տարի առաջ դժվար էր պատկերացնել այն քայլերի որակը և խորությունը, որոնք Հայաստանը կարող էր անել եվրաինտեգրման ճանապարհին: Այս ընթացքում Հայաստանը դարձել է Եվրոպայի խորհրդի լիիրավ անդամ, ԵՄ Եվրոպական Հարևանության Քաղաքականության, այնուհետև ԵՄ “Արևելյան գործընկերություն” ծրագրի մասնակից, և այժմ մեր երկիրը ԵՄ հետ Ասոցացման Համաձայնագրի շուրջ բանակցությունների հերթական փուլում է… Քաղաքական գործընթացները հաջորդում են մեկը մյուսին, ինչի հետ զուգահեռ աճում է ՀՀ այն քաղաքացիների թիվը, ովքեր չեն պատկերացնում իրենց ապագան առանց Եվրոպայի:

Անխոս, հայերի համար եվրոպական արժեքները հոգեպես շատ մոտ են, քանի որ հիմնված են քրիստոնեական արժեհամակարգի վրա: Սակայն դարերով կորցրած պետականությունը, օտար տիրապետության տակ գտնվելը, ներառյալ երկար տարիներ ԽՍՀՄ կազմում լինելը Հայաստանին զգալիորեն հեռացրել են նրանից, ինչն առանց այն էլ բազմաթիվ դարերի ընթացքում եղել է մեր մշակույթի և ավանդույթների բաղկացուցիչ մասը:

10 տարի առաջ, երբ մեր կազմակերպությունը` “Եվրոպական ինտեգրացիան”, դեռ նոր էր ձևավորվում, մենք գիտակցում էինք, որ Հայաստանի համար եվրաինտեգրումը միայն դեպի ապագա հայացք չէ, այլև` ինքնության վերաարժեվորում անցյալում: Այդ իսկ պատճառով Հայաստանով մեկ եվրաինտեգրման գաղափարների տարածումը, օբյեկտիվ քննարկումներին նպաստելը, այդ ճանապարհին հանդիպող խնդիրների շուրջ բանավիճելը մեր կազմակերպության կարևոր նպատակներից են դարձել: Մենք եղել ենք Հայաստանի շրջաններում, այցելել մեծ և փոքր քաղաքներ ու գյուղեր, կիսվել մեր տեսակետներով, շատերի հետ զրուցել այն մասին, թե ուր կարող է տանել եվրոպական ուղին Հայաստանին և միշտ եղել այն համոզմունքին, որ Հայաստանը Հին աշխարհի մի մասն է կազմում` նույն արժեքների և ինքնության կրողը…

Անցած 10 տարիների ընթացքում մեր կազմակերպությունն իրականացրել է մի շարք ծրագրեր, որոնք այս կամ այն չափով դարձել են Հայաստանի ողջ եվրաինտեգրման ճանապարհի մի մասը: Մենք շնորհակալություն ենք հայտնում բոլոր մեր գործընկերներին, ընկերներին, որոնք աջակցել են մեզ ծրագրերի իրականացման գործում: Անշուշտ, մեզ համար կարևոր է նաև հակամարտությունների վերափոխումը` հաշվի առնելով եվրոպական փորձը, ինչպես նաև աշխատանքը Ղարաբաղում, մարզերում և երիտասարդության հետ: Եվ այսօր, երբ տոնում ենք մեր 10-ամյակը, մենք կրկին վերահաստատում ենք հավատարմությունը եվրոպական հիմնարար արժեքներին. մենք միշտ եղել և շարունակում ենք մնալ հավասարության և ազատության, մարդու իրավունքների և ժողովրդավարության կողմնակիցը:

Գոհունակությամբ փաստելով, որ Հայաստանն իսկապես էական քայլեր է կատարում եվրաինտեգրման ուղղությամբ՝ այնուամենայնիվ, չի կարելի բավարար համարել եվրաինտեգրման գործընթացի արագությունն ու խորության մակարդակը: Չի կարելի բավարար համարել նաև հասարակության հետ տարվող աշխատանքի արդյունավետությունը, քանի որ դեռևս լիարժեք գիտակցված չեն եվրաինտեգրման գործընթացի ընձեռած հնարավորությունները: Մենք կոչ ենք անում եվրաինտեգրման ուղու բոլոր կողմնակիցներին ավելի ակտիվ աշխատանք ծավալել Հայաստանի եվրաինտեգրման ուղղությամբ: Չէ՞ որ Եվրոպան մշուշոտ ապագա չէ, այլ արդեն իսկ շոշափելի ներկա…

“Եվրոպական ինտեգրացիա” ՀԿ վարչություն