Բարոզու. “Մենք միայն կշահենք առավել սերտ աշխատելով”

ԵՄ-ն և Հայաստանը ամուր հարաբերություններ են կառուցում՝ հիմնված քաղաքական ասոցացման, տնտեսական ինտեգրման և առավել խորը մարդկային շփումների վրա: Նման տեսակետ է հայտնել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն՝ Երևանում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ընթացքում: Այս մասին հաղորդում է ԵՄ Հարևանության տեղեկատվական կենտրոնը (ENPI Info Centre).

Եվահանձնաժողովի ղեկավարը հայաստանյան քաղաքական գործիչների, խորհրդարանականների և քաղաքացիական հասարակության հետ հանդիպումների ժամանակ ունեցած ելույթներում ընդգծել է, որ ժողովրդավարական ինստիտուտները, դատական համակարգի անկախությունը, քաղաքական պլուրալիզմը, ԶԼՄ-ների ազատությունը և հիմնարար ազատությունների և իրավունքների պաշտպանությունը ՀՀ-ԵՄ գործընկերության գրավականն են :

Բարոզուն նշել է, որ Ասոցացման համաձայնագրի (ներառյալ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու) շուրջ բանակցությունները շատ լավ տեմպերով առաջ են ընթանում և հույս է հայտնել, որ դրանք ավարտին կհասցվեն 2013թ.-ի նոյեմբերին Վիլնյուսում նախատեսված Արևելյան գործընկերության գագաթաժողովի ընթացքում:

Նա նաև առաջընթաց է գրանցել մուտքի արտոնագրի դյուրացման շուրջ երկխոսությունում, նշելով որ ընդամենը հաշված օրեր անց՝ դեկտեմբերի 17-ին կստորագրվի համապատասխան համաձայնագիրը, որին անմիջապես կհաջորդի ռեադմիսիայի մասին համաձայնագրի ստորագրումը:

Բարոզուն գոհունակություն է հայտնել այս տարվա մայիսին տեղի ունեցած “լավ ընտրությունների” վերաբերյալ և նշել, որ գալիք ընտրությունները չափազանց կարևոր են հատկապես այն առումով, որ դրանց ընթացքում վերացված լինեն այն թերությունները, որոնք արձանագրվել էին ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ընթացքում:

Նա ողջունել է Հայաստանի կողմից բարեփոխումներին ձեռնամուխ լինելը և վերջինիս ջանքերը, ինչպես նաև ավելացրել, որ ԵՄ-ն Հայաստանին այս տարի հավելյալ 15 մլն եվրո է տրամադրել արդարադատության ոլորտի բարեփոխումների, ինչպես նաև մասնագիտական և կրթական վերապատրաստումների ընթացիկ նախագծերի համար:

Ժոզե Մանուել Բարոզուն անդրադարձել է նաև տարածաշրջանային կայունությանը, մասնավորապես իր խոսքում նշելով, որ ԵՄ-ն շարունակում է սատարել Մինսկի Խմբի ջանքերին և պատրաստ է նաև ավելի մեծ օժանդակություն տրամադրել վստահության մթնոլորտի ամրապնդման համար, սակայն նա այդ գործում կարևորել է կողմերի ցանկությունը:

Մատենադարանում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ ունեցած հանդիպման ընթացքում Եվրահանձնաժողովի ղեկավարը հատուկ ուշադրություն է դարձրել քաղաքացիական հասարակության դերին բարեփոխումների իրականացման գործընթացում: Նրա խոսքերով, ԵՄ-ն նոր գործիք է մշակել՝ ի դեմս Հարևանության քաղաքացիական հասարակության գործիքի (Neighbourhood Civil Society Facility), որի նպատակն է “հավելյալ գրանտային օժանդակություն տրամադրել և քաղաքացիական հասարակության կողմից որոշակի գործողություններ խրախուսել”: Նա նաև հույս է հայտնել, որ ԵՄ կողմից ՀԿ-ներին տրամադրվող աջակցությունը շարունակական կլինի Ժողովրդավարության և մարդու իրավուքների եվրոպական նախաձեռնության (European Initiative for Democracy and Human Rights) և ոչ-պետական դերակատարների համար նախատեսված այլ գործիքների միջոցով:

Բարոզույի խոսքերով նշվածից առավել կարևոր է քաղաքական կամքը, քաղաքական կամքն աշխատել պետության հետ միասին. “Մենք հավատում ենք, որ Հայաստանը եվրոպական երկիր է, որ դուք պատկանում եք ազգերի եվրոպական ընտանիքին և մենք միայն կշահենք առավել սերտ աշխատելով”: Եզրափակելով իր ելույթը` Բարոզուն նշել է. “Մենք իրապես ցանկանում ենք, որ դուք շատ մոտ լինեք մեզ՝ մեր արժեքները կիսելու, մեր ներքին շուկայի մասը կազմելու հարցում”:

04.12.2012