ԱՀՔ ԱՎԱԳ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ

Դեկտեմբերի 4-ին Բրյուսելում տեղի ունեցավ Արևելյան Հարևանության Քաղաքականության ավագ պաշտոնյաների հանդիպումը, որին մասնակցեց ՀՀ Արտաքին գործերի նախարարի տեղակալ, Հայաստան-ԵՄ ասոցացման համաձայնագրի գլխավոր բանակցող Զոհրաբ Մնացականյանի գլխավորած պատվիրակությունը: Նման ձևաչափով հանդիպման նպատակն էր քննարկել Արևելյան գործընկերության շրջանակներում տեղ գտած ԵՄ և գործընկեր երկրների միջև համագործակցության ընթացիկ զարգացումներն ու հեռանկարները և նախանշել անելիքները մինչև 2013 թ. Վիլնյուսի գագաթաժողովը:

Հանդիպման սկզբում ԵՄ Ընդլայնման և հարևանության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն անդրադարձավ Եվրոպական հարևանության վերանայված քաղաքականությանը, որի շրջանակներում հատկապես կարևորվում են ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության ամրապնդման ուղղությամբ գործընկեր երկրներում ձեռնարկվող քայլերը: Նշվեց, որ այդ ոլորտներում առաջընթացի հիման վրա է, որ ԵՄ-ն կիրառելու է «ավելին՝ ավելիի դիմաց» սկզբունքը: Հանձնակատարը հիշատակեց նաև, որ Եվրոպական հանձաժողովի նախագահ Ժ. Մ. Բառոզուն մեծապես տպավորված է Հայաստան վերջերս կատարած իր այցելությունից:

Փոխնախարար Մնացականյանը, իր ելույթում կարևորելով Արևելյան գործընկերության դերը Հայաստան-ԵՄ հարաբերությունների վերընթաց զարգացման գործում, ընդգծեց, որ ԵՄ հետ Հայաստանի հարաբերությունները առաջին հերթին կառուցվում են ընդհանուր արժեհամակարգի վրա: Նա շեշտեց, որ ԵՄ հետ ընդհանուր արժեքների և սկզբունքների վրա հիմնված բարեփոխումներ իրականացնելը Հայաստանի ներքին օրակարգի մասն է և Արևելյան գործընկերությունն ընձեռնում է դրանք խթանելու գերազանց հնարավորություն:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատեց մինչև 2013 թ. Վիլնյուսի Արևելյան գործընկերության գագաթաժողովը ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի, ներառյալ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու շուրջ բանակցություններն ավարտելու և առաջիկայում Ասոցացման օրակարգ ձևավորելու շուրջ աշխատանքներ տանելու Հայաստանի պատրաստակամությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր:

05.12..2012