“Սկսենք ինքներս մեզանից…”

Ակտիվ երիտասարդություն ունենալու մասին խոսելը և դրա վերաբերյալ մեծագույն ցանկություն արտահայտելը թերևս նորություն չէ, ոչ էլ իրենից առանձնակի դժվարություն է ներկայացնում: Սակայն այլ բան է, երբ սկսում ես իրականացնել այդ ցանկությունը, կամ, նախ` վերածում ես դա նպատակի և այնուհետև ձգտում դրա իրականացմանը:

Բոլորովին վերջերս մասնակցեցի “Երիտասարդները որպես փոփոխություն իրականացնողներ” անվամբ դասընթացի` կազմակերպված Արևելյան Եվրոպայի Համագործակցության և Զարգացման Ցանցի (CDN) կողմից, որն աջակցում է Արևելյան Եվրոպայում գործող երիտասարդական կազմակերպություններին ոչ ֆորմալ կրթության, թրեյնինգների և այլ միջոցառումների միջոցով` ժողովրդավարության, մարդու իրավունքների, գենդերային, բռնության չկիրառման, սոցիալական արդարության, կանաչ տնտեսության և էկոլոգիայի ոլորտներում:

Նշածս միջոցառման ընթացքում ես տեսա շատ երիտասարդների, ովքեր եկել էին ոչ թե հերթական դասընթացին մասկացելու, այլ ովքեր իրական ցանկություն ունեին և հստակ քայլեր էին առաջարկում իրենց և իրենց երկրի ապագայի բարելավման հարցում երիտասարդության ակտիվ ներգրավվածության բարձրցման ուղղությամբ: Հատկանշական է, որ մասնակիցների մեծ մասը, որպես հաջողության գրավականի ելակետ էր առաջարկում “ինքներս մեզանից” սկսելը…

Պետք է խոստովանեմ, որ այսօր մենք իսկապես ունենք ակտիվ երիտասարդներ, ովքեր փորձում են մասնակցություն ունենալ հասարակական կյանքի բոլոր ոլորտներում` քաղաքական, ՏՏ, սպորտային և այլն: Ինչևէ, կարծում եմ, որ անհրաժեշտ է ավելի մեծ թափ հաղորդել այդ գործընթացին և դա պետք է արվի և’ ավագ սերնդի և’ մեր` ներկայիս երիտասարդների կողմից առավել համակարգված քաղաքականության իրականացման միջոցով ոչ միայն մայրաքաղաքում, այլև Հայաստանի բոլոր մարզերում:

Չէ՞ որ մեզանից յուրաքանչյուրը պատասխանատու է իր, իր երեխաների և երկրի ապագայի համար: Հետևաբար եկեք պատվով հանձն առնենք փոփոխություն իրականացնողի առաքելությունը:

Հեղինե Նազարյան