ՀԱՅԱՍՏԱՆ-ԵՄ. ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՇՈՒՐՋ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ

Դեկտեմբերի 18-ին Բրյուսելում տեղի ունեցավ Հայաստան-Եվրոպական Միություն մարդու իրավունքների շուրջ երկխոսության հերթական հանդիպումը:

Հանդիպումն անցավ բաց և կառուցողական մթնոլորտում, որի ընթացքում քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն և մտահոգություն ներկայացնող հարցեր, ինչպես նաև՝ մարդու իրավունքների ոլորտում կոնկրետ համագործակցության հնարավորությունները:

Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Զոհրաբ Մնացականյանը, պատվիրակության կազմում էր նաև արդարադատության փոխնախարար Եղիշե Կիրակոսյանը: ԵՄ պատվիրակությունը գլխավորում էր Եվրոպական արտաքին գործերի ծառայության Մարդու իրավունքների քաղաքականության ուղենիշների ստորաբաժանման ղեկավար Էլիզաբեթ Թիզոնը:

Երկխոսության ընթացքում մտքեր փոխանակվեցին մարդու իրավունքների պաշտպանության ազգային համակարգի, դատական բարեփոխումների, ընտրությունների և ընտրական համակարգի, ազատ արտահայտվելու և տեղեկատվության ազատության, քաղաքացիական հասարակության ներգրավման, խոցելի խմբերի իրավունքների և այլ հարցերի շուրջ:

Պատվիրակությունները քննարկեցին նաև մարդու իրավունքների շուրջ համագործակցության հնարավորությունները միջազգային կազմակերպությունների, մասնավորապես` ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի և Եվրոպայի խորհրդի շրջանակներում:

Տեղեկանք: Եվրոպական Միությունը մարդու իրավունքների շուրջ մասնագիտացված քննարկումներ է անցկացնում մոտ 40 երկրների հետ: Հայաստանի և ԵՄ միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսությունը մեկնարկել է 2009թ.-ին: Հանդիպումները տեղի են ունենում տարեկան մեկ անգամ, հաջորդաբար՝ Երևանում և Բրյուսելում:

19.12.2012