Ո՞վ է այսօր հայ երիտասարդը:

Հարցս գուցե զարմանալի թվա, սակայն, վերջին շրջանում այն հաճախ է ծագում մտքումս, երբ տարբեր ոլորտներում ու տարբեր իրավիճակներում շփվում եմ երիտասարդ սերնդի ներկայացուցիչների հետ: Բացի այդ, օրեցօր ավելի շատ է խոսվում երիտասարդների դերի մեծացման, նրանց ձայնի լսելիության և այլնի մասին: Փորձեմ Ձեզ հետ կիսել մտորումներս, եթե ունենանք մեկնաբանություններ, անհամաձայնություններ կամ լրացումներ, ուրախ կլինեմ դրանք տեսնել այս նյութի մեկնաբանությունների շարքում:

Ուրեմն այսպես…

Երիտասարդությունը, ինչպես և հասարակությունն ընդհանրապես, բազմաշերտ է: Այստեղ կդիտարկենք մրցունակ, կրթված, կոմունիկացիոն լայն դաշտ ունեցող միջին վիճակագրական երիտասարդին:

Նա ստանում է բարձրագույն կրթություն, երևի արդեն չորրորդ կուրսից փորձելով նոր-նոր հասկանալ իր մասնագիտական հակումներն ու մագիստրատուրայում ուղղել թույլ տրված սխաները կամ լրացնել բացթողումները, պարզապես շարունակել ընտրած ուղին: Նա հասարակության՝ քաղաքացիական հասարակության, ակտիվ անդամ է, մասնակցում է տարբեր շարժումների, համացանցում քննարկում քաղաքականությունից մինչև փողոցի արձանները, արտահայտում իր կարծիքն ու ավելի հաճախ քննադատում, քան գովաբանում որևէ բան: Իր երկրի կամ հայրենիքի մասին խոսելիս քննադատում է առկա թերությունները (քննդատությունը երբեմն առողջ է, երբեմն ոչ այնքան), ցավոք, մեծամասամբ հայացքները քաղաքականացված են, նույնիսկ՝ կուսակցականացված: Կա, սակայն, կարևոր մի բան, որ շատ եմ ուրախանում տեսնելով մեր երիտասարդի մեջ՝ համագործակցելու և նորը սովորելու ձգտումն է: Դեռևս նրան մի քիչ պակասում է հանդուրժողականությունը, ուրախալի է ազգային ավանդույթների հանդեպ հարգանքը, համենայն դեպս խոսքերում, որոշ ավանդույթների հերքումը կամ արդիականացումը նույնպես նկատելի է:

Նա փորձում է գտնել իրեն, ստանալ մրցունակ կրթություն, չի հրաժարվում դրսում կրթվելու հնարավորությունից: Սակայն, այստեղ ևս դրսում կրթության տակ երբեմն անտեսվում է այդ կրթության որակը, ինչպես և մի շարք այլ հարցերում, քանի որ նրա մոտ արտաքին տեսքն ու հնչեղությունը հաճախ ավելի են կարևորվում բովանդակությունից և խորությունից:

Նա շատ ընկերներ ունի թե՜ Հայաստանում, թե՜ աշխարհի տարբեր ծայրերում: Տիրապետում է օտար լեզուներին, առավելապես անգլերենին: Խոստովանեմ, երբեմն ցավով եմ արձանագրում, որ հայ երիտասարդն այսօր մոռանում է ռուսերենը, և սխալներով ռուսերեն խոսելն այլևս բնական է դառնում:

Նա աստիճանաբար գիտակցում է իր իրավունքները, փորձում է օգտվել իրեն ընձեռած հնարավորություններից, երբեմն բավական համբերություն չի ունենում որևէ գործով լրջովին զբաղվելու համար, քանի որ ձգտում է միշտ լինել ամենուր:

Ուրախանում եմ, երբ տեսնում եմ, որ մեր հայ երիտասարդը զբաղվում է գիտությամբ, սակայն, ոչ այնքան հաճախ, որքան կուզեի: Առավել ուրախանում եմ, երբ տեսնում եմ, որ սովորում է աշխատել թիմում, ձգտում է հանրօգուտ գործ անել, անտարբեր չէ իր շրջապատի հանդեպ:

Այս ամենի վրա, անշուշտ, մեծ է եվրոպական արժեքների, հասարակությունների միջև շփումների և կրթական մեթոդների ներմուծման ազդեցությունը: Ազդեցությունն, ի դեպ, ինչպես դրական, այնպես էլ բացասական: Բացասականը, սակայն, անցումային փուլի հետևանքն է, արժեքների արտաքին ընդունման և դեռևս չտեղայնացման, նմանակման, բայց չյուրացման: Ժամանակ է պետք, որպեսզի հայ երիտասարդը կարողանա գիտակցել իրեն ընձեռված հնարավորությունների ողջ լայնությունը, կարողանա ընտրել դրանցից իրեն ամենաանհրաժեշտն ու այն ծառայեցնի իր նպատակներին, հարմարեցնի իր հայկական ավանդույթներին ու մտածողությանը, գտնի իրենն այդ ամենում:

Երիտասարդության մեջ տեղի ունեցող փոփոխությունները մեծ լավատեսություն են արթնացնում, և չնայած պապական ընդունված խոսքին, թե ամեն հաջորդ սերունդ վատն է նախորդից՝ թույլ տվեք պնդել, որ ամեն սերունդ լավն է յուրովի: Ամեն սերունդ պատկանում է իր ժամանակին:

Աննա Կարապետյան