Մանվել Ղումաշյան. Հայաստանի եվրոպական և եվրասիական ինտեգրումները միմյանց չեն հակասում

Մեր կազմակերպության վարչության անդամ, քաղաքական վերլուծաբան Մանվել Ղումաշյանը օրերս մամլո ասուլիս է տվել լրատվամիջոցներին, որում անդրադարձ է կատարել Հայաստանի եվրաինտեգրմանը եվրասիական ինտեգրման համատեքստում:

Այսպես, իր խոսքում անդրադառնալով Հայաստանի հնարավոր ինտեգրմանը Մաքսային միությանը, վերլուծաբանը դիտարկեց խնդիրը եվրաինտեգրման գործընթացի հետ զուգահեռաբար:

“Կարծում եմ, եվրաինտեգրացիոն և եվրասիական ինտեգրացիոն գործընթացները Հայաստանի պարագայում միմյանց չեն հակասում”, նշեց պարոն Ղումաշյանը: Ընդգծելով, որ Հայաստանի համար նշված գործընթացների մեջ մտնելը անվտանգության խնդիր է, ինչը մեզ առանձնացնում է այս երկու գործընթացների մեջ ներգրավված Ուկրաինայից, նա ասաց որ Հաստանը, թերևս, այն բացառությունն է (կամ կարող է դա լինել), որ հաստատում է օրինաչափությունը:

Քանի որ մենք ունենք ՀԱՊԿ` որպես անվտանգության գործիք, իսկ ԵՄ դեպքում` համարժեք ոչինչ, ապա վերջինս Հայաստանին եվրասիական ինտեգրումից հետ պահելու համար, պետք է նրան այլընտրանք առաջարկի, պնդում է Մանվել Ղումաշյանը: Իսկ Հայաստանն, ըստ նրա, Արևմուտքի և Ռուսաստանի համար կարևոր նշանակություն ունի իր աշխարհաքաղաքական դիրքի տեսանկյունից` տարածաշրջանային համակարգերում ներգրավված լինելու հարցում:

Ասուլիսի ավարտին լրատվամիջոցներից մեկի այն հարցին, թե արդյոք չե՞նք կարող ունենալ ՀԱՊԿ` առանց Եվրասիական միության “Եվրոպական ինտեգրացիա” ՀԿ վարչության անդամ, վերլուծաբան Մանվել Ղումաշյանը պատասխանեց. “Տեսականորեն կարող ենք, բայց գործնականում` ելնելով այսօրվա գործընթացներից ու հայտարարություններից, կարծում եմ, դժվար է ասել` այո: Այլ հարց է, որ Եվրասիական ինտեգրումը կարող է շատ լայն մեկնաբանություն ունենալ: Նույն Ուկրաինան առաջարկում է համագործակցության մեխանիզմ, ոչ անդամակցության: Նույն մեխանիզմը կարող է աշխատել նաև Հայաստանի պարագայում”:

“Եվրոպական ինտեգրացիա” ՀԿ