Արդյունավետ կառավարման Կառլ Ֆրիդրիխ Գյորդելեր քոլեջ 2013/2014

Մասնակցության մրցույթի վերաբերյալ կարեւոր տեղեկություններ

 I.  Քոլեջի նպատակն ու ընթացքը

  •   Դուք աշխատո՞ւմ եք հանրային կառավարման ոլորտում եւ ակտիվորեն մասնակցո՞ւմ եք միջազգային հարաբերությունների կերտմանը:
  • Դուք ցանկանո՞ւմ եք կատարելագործվել եւ կապեր հաստատել ներգրավված եվրոպացիների հետ:
  • Դուք ցանկանու՞մ եք զարգացնել եւ իրագործել նոր մտահղացումներ եւ նորարարական կոնցեպտներ:

Եվրոպան միացնել եւ կատարելագործել երիտասարդ ղեկավար ուժերի հաջորդ սերնդին. սրանք են արդյունավետ կառավարման Կառլ Ֆրիդրիխ Գյորդելեր քոլեջի նպատակները: Քոլեջը կատարելագործման մեկամյա միջազգային ծրագիր է հանրային ոլորտից (հանրային կառավարման մարմիններ, հանրային ձեռնարկատիրություն, հանրօգուտ կազմակերպություններ եւ այլք) մինչեւ քսան գերմանախոս երիտասարդ ղեկավար ուժերի համար Ադրբեջանից, Բելառուսից, Թուրքիայից, Հայաստանից, Մոլդովայից, Ռուսաստանից, Վրաստանից եւ Ուկրաինայից:

Քոլեջի գլխավոր թեմաներն են.

1. Պատասխանատու գործել

Քոլեջի ուսանողները կծանոթանան հանրային կառավարման ոլորտի բարեփոխումներին ու արդիականացմանը եւ արդյունավետ կառավարման կոնցեպտին. ինչպե՞ս են կազմակերպված հանրային կառավարման մարմինները Եվրամիությունում, ինչպե՞ս կարող են կառավարման մարմիններն էլեկտրոնային կառավարման միջոցով նորովի եւ արդյունավետ վերակառուցվել, ինչպիսի՞ն է քաղաքականության հետ համագործակցությունը, ի՞նչ դեր են ստանձնում կառավարման մարմինները փոխակերպման (տրանսֆորմացիայի) գործընթացում, ինչպե՞ս կարող է անհատը նպաստել արդյունավետ կառավարմանը:

Քոլեջի այս հատվածը կիրագործվի գերմանական մի համալսարանի հետ համագործակցության միջոցով եւ ավարտին կտրվի առանձին հավաստագիր:

2. Հայացք կուլիսներից անդին

Քոլեջի ուսանողները կհանդիպեն հասարակության, քաղաքականության եւ կառավարման ոլորտի փորձագետների հետ, կխորացնեն իրենց տպավորությունը Գերմանիայում եւ Եվրամիությունում քաղաքական կյանքի եւ փոխկապակցվածությունների մասին: Քոլեջի նպատակը փոխադարձաբար սովորելն ու լավագույն փորձի փոխանակում կատարելն է:

Քոլեջի տնօրեն պրոֆեսոր Գյունթեր Ֆերհոյգենը կուղեկցի քոլեջի ուսանողներին եւ նրանց հնարավորություն կընձեռի գործնական պատկերացում կազմելու Եվրամիության քաղաքականության եւ կառավարչության աշխատանքի, եվրոպական քննարկման թեմաների մասին:

Քոլեջի ուսանողները կհյուրընկալվեն համանման մասնագիտական ոլորտում գործող գերմանական կազմակերպություններում, կհաստատեն կարեւոր կապեր, կստեղծեն կապերի ցանց:

3. Տեւականորեն կերտել

Քոլեջը հնարավորություն է ընձեռում ուսանողներին իրենց աշխատանքային բնագավառներում զարգացնել եւ իրականացնել արդյունավետ կառավարմանը վերաբերող սեփական նախագիծ:

Նախագծերը պետք է ուղղակիորեն առնչվեն քոլեջի ուսանողների աշխատանքային գործունեությանը եւ օգտակար լինեն նրանց աշխատավայրի համար: Ընդ որում, նախագծերը պետք է լրացնեն որեւէ բաց. ի՞նչ նախագիծ էի ես միշտ ցանկանում իրագործել, որի համար ինձ, սակայն, պակասում էին փորձաքննություն, կարեւոր եւ անհրաժեշտ կապեր կամ իրագործման մտահղացում: Ի՞նչ է անհրաժեշտ իմ գործունեության ոլորտում, որպեսզի աշխատանքի ընթացքը բարելավվի:

Ծրագիրը բաղկացած է չորս տարրից.

1. Երեքշաբաթյա սեմինար Լուկենվալդեում, Բեռլինում եւ Վարշավայում 2013թ. օգոստոսի 31-ից մինչեւ սեպտեմբերի 21-ը

Սեմինարի առաջին շաբաթը կսկսվի կատարելագործման ներքին դասընթացով Բեռլինի մոտ գտնվող Լուկենվալդեում: Այստեղ ուշադրության կենտրոնում կլինեն քոլեջի ուսանողների միջեւ կապերի հաստատումը եւ նախագծերի կառավարման (պրոյեկտմենեջմենթի) եւ կառավարչության արդիականացման թեմաներով կատարելագործման դասընթացները: Քոլեջի ուսանողներն այս փուլում կհստակեցնեն իրենց նախագծերը եւ կքննարկեն դրանց իրականացումը:

Երկրորդ եւ երրորդ շաբաթներում գլխավորը կլինի պրակտիկ գործունեությանը մոտ աշխատանքը: Քոլեջի ուսանողները կհյուրընկալվեն Բեռլինում եւ Վարշավայում գտնվող կազմակերպություններում, կծանոթանան դրանց գործունեությանը, աշխատաժողովներում եւ սեմինարներում քննարկումներ կանցկացնեն եւ կընդլայնեն ղեկավարման իրենց կարողությունները: Նրանք փորձի փոխանակում կկատարեն քոլեջի տնօրեն պրոֆեսոր Գյունթեր Ֆերհոյգենի, փորձառու դիվանագետների եւ փորձագետների հետ նեղ շրջանակում, ինչպես նաեւ` հենց խմբի ներսում:

2. Նախագծի իրագործում հայրենիքում 2013թ. հոկտեմբերից մինչեւ 2014թ. օգոստոս

Բացման սեմինարից հետո քոլեջի ուսանողներն իրենց երկրներում ինքնուրույն նախաձեռնում են նախագծերը եւ սկսում իրագործումը: Դրա համար նրանք վերանայում են իրենց նախագծերի պլանները եւ, իրենց գործատուի աջակցությամբ, դրանք հարմարեցնում: Այնուհետեւ, նախագծերը մեկ տարվա ընթացքում իրականացվում են եւ ավարտվում:

3. Միջանկյալ սեմինար 2014թ. փետրվարին

Միջանկյալ սեմինարը մեծ մասամբ անցկացվում է քոլեջի ուսանողների հայրենի երկրներից մեկում, եւ այն կազմակերպում են հենց քոլեջի ուսանողները: Միջանկյալ սեմինարը ծառայում է այդ երկրներից մեկում կառավարման ոլորտում, հասարակությունում եւ քաղաքականությունում փոխակերպման փորձին ծանոթանալուն:

Քոլեջի ուսանողներն այդ նպատակով հանդիպում են քաղաքական գործիչների ու փորձագետների եւ քոլեջի տնօրենի հետ համատեղ քննարկում են Եվրամիության հետ հարաբերությունների ապագան:

Բացի այդ, քոլեջի ուսանողները մասնակցում են նախագծերի կառավարման թեմայով կատարելագործման դասընթացի, գնահատում են նախագծերի իրականացման առաջին փուլը եւ եկող կես տարվա համար պլանավորում են կատարվելիք գործողություններն ու դրանց եղանակը:

Միջանկյալ սեմինարը նաեւ ծառայում է Կառլ Ֆրիդրիխ Գյորդելեր քոլեջի տարբեր տարիների շրջանավարտների միջեւ կապերի հաստատմանը եւ շրջանավարտների հետ աշխատանքի պլանավորմանը:

4. Եզրափակիչ սեմինար Բեռլինում 2014թ. օգոստոսին

Հաջորդ` 2014թ. քոլեջի մեկնարկին քոլեջի ուսանողները կրկին կհավաքվեն Բեռլինի մոտ գտնվող որեւէ վայրում: Այս սեմինարը կծառայի մեկ տարվա ընթացքում նախաձեռնված եւ իրականացված նախագծերի եզրափակմանը: Դրա համար քոլեջի ուսանողները կուսուցանվեն ավարտական կատարելագործման բաժնում եւ կներկայացնեն իրենց նախագծերի արդյունքները:

Բացի այդ, քոլեջի ուսանողները կապեր կհաստատեն հաջորդ տարվա ուսանողների հետ եւ կպլանավորեն շրջանավարտների աշխատանքը:

Սեմինարի լեզուն գերմաներենն է:

II. Ծախսերի ստանձնումը

Ռոբերտ Բոշ հիմնադրամը հոգում է հետեւյալ ծախսերը. Մասնակիցների ընտրության հարցազրույցներ

-   Բնակության վայրից Բեռլին եւ հետադարձ ուղեւորությունը,

-   կացարան եւ սնունդ,

-   այցագիր եւ բժշկական ապահովագրություն:

Քոլեջի մեկնարկից առաջ լեզվի դասընթաց

-   Քոլեջն սկսվելուց անմիջապես առաջ Դրեզդենի Գյոթե ինստիտուտում մեկ կամ երկշաբաթյա գերմաներենի դասընթացի ծախսերը (օրական 4 ժամ, դասընթացին մասնակցության որոշումը կայացնում է Ռոբերտ Բոշ հիմնադրամը),

-   բնակության վայրից Դրեզդեն, Դրեզդենից Բեռլին եւ այնտեղից բնակության վայր հետադարձ ուղեւորությունը,

-   կացարան եւ կիսով չափ օրապահիկ (առանց ընթրիքի),

-  լրացուցիչ ծախսերի հավելավճար շաբաթական 150 եվրո` սննդի, ներքաղաքային հանրային տրանսպորտով երթեւեկության եւ Գյոթե ինստիտուտի կողմից լրացուցիչ` վճարման ենթակա առաջարկների համար,

-   այցագիր եւ բժշկական ապահովագրություն,

-  որպես այլընտրանք կարելի է ծախսերի ստանձնման հայտ ներկայացնել հայրենիքում հավաստագրված որեւէ տեղ, օրինակ` Գյոթե ինստիտուտում, լեզվի դասընթացի համար: Այն կարող է մինչեւ 300 եվրոյի չափով հավելավճարվել (այս ծախսերի ստանձնման մասին որոշումը կայացնում է Ռոբերտ Բոշ հիմնադրամը):

Բացման սեմինար 2013թ. օգոստոս-սեպտեմբերին

-   Բնակության վայրից Լուկենվալդե եւ Բեռլինից բնակության վայր ուղեւորությունը (բացառություն. Դրեզդենում լեզվի դասընթացի մասնակցությունը),

-   կացարան` կիսով չափ օրապահիկով (առանց ընթրիքի) եւ սննդի ծախսերի հավելավճար 400 եվրո,

-   Վարշավա ուղեւորությունը,

-   այցագիր եւ բժշկական ապահովագրություն,

-   Բեռլինում եւ Վարշավայում հանրային ներքաղաքային տրանսպորտով երթեւեկությունը,

-  սեմինարի ծախսերը (ռեֆերենտների, սենյակների, տեխնիկայի եւ փաստաթղթերի համար):

Միջանկյալ եւ եզրափակիչ սեմինարներ

-   Բնակավայրից սեմինարի անցկացման վայր եւ հետադարձ ուղեւորությունը,

-   կացարան եւ սնունդ,

-   այցագիր եւ բժշկական ապահովագրություն,

-   սեմինարի ծախսերը (ռեֆերենտների, սենյակների, տեխնիկայի եւ փաստաթղթերի համար):

Նախագծեր

Նախագծերի իրականացման համար Ռոբերտ Բոշ հիմնադրամը ծախսեր չի ստանձնում: Նախագծերի խորհրդատուն ամբողջ տարվա ընթացքում կաջակցի քոլեջի ուսանողներին:

III.  Տեղեկություններ կազմակերպիչների մասին

Ռոբերտ Բոշ հիմնադրամը մեկն է Գերմանիայում ձեռնարկատիրության հետ փոխկապակցված մեծ հիմնադրամներից: Այն հիմնվել է 1964թ. եւ շարունակում է ընկերության հիմնադիր, հանրային բարերար Ռոբերտ Բոշի (1861-1942) հանրօգուտ ջանքերը: Հիմնադրամն առաջնահերթ զբաղվում է ժողովուրդների միջեւ փոխըմբռնման, կրթության եւ առողջապահության թեմաներով:

Արտաքին քաղաքականության գերմանական ընկերակցությունը (DGAP)

Քոլեջը կազմակերպվում է Արտաքին քաղաքականության գերմանական ընկերակցության`Ռոբերտ Բոշ հիմնադրամի Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի կենտրոնի հետ համագործակցության միջոցով: Կենտրոնը խորհրդատվություն է տրամադրում քաղաքականության, տնտեսության եւ քաղաքացիական հասարակության արտաքին քաղաքականության ոլորտում որոշումներ կայացնողներին Արեւելյան եւ Կենտրոնական Եվրոպայում արդի քաղաքական զարգացումների մասին, կազմակերպում է խորհրդաժողովներ, փորձագետների եւ տեղյակ շրջանակների հետ քննարկումներ:

Պրոֆ. Գյունթեր Ֆերհոյգենը

2011 թվականից արդյունավետ կառավարման Կառլ Ֆրիդրիխ Գյորդելեր քոլեջի տնօրենն է: Բացի այդ, նա 2010 թվականից որպես պատվավոր պրոֆեսոր եվրոպական կառավարում, Եվրամիության ընդլայնում եւ միջազգային քաղաքականություն է դասավանդում Ֆրանկֆուրտում (Օդեր) գտնվող Եվրոպա-համալսարան Վիադրինայում: 2004թ. մինչեւ 2010թ. նա եղել է Եվրահանձնաժողովի Բարրոզո I հանձնաժողովի ձեռնարկատիրության եւ արդյունաբերության հարցերով հանձնակատարը եւ Եվրահանձնաժողովի փոխնախագահ: Ռոմանո Պրոդիի պաշտոնավարման ժամանակ նա 1999-2004թթ. եղել է հանձնաժողովի` Եվրամիության ընդլայնման հարցերի պատասխանատուն: Գյունթեր Ֆերհոյգենը 1998-1999թթ. եղել է պետնախարար ԳԴՀ արտգործնախարարությունում, իսկ դրանից առաջ որպես Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության խմբակցության փոխնախագահ` Բունդեսթագում եղել է արտաքին քաղաքականության, նաեւ` անվտանգության եւ զարգացման քաղաքականության պատասխանատուն (1994-1997):

Կառլ Ֆրիդրիխ Գյորդելեր

Քոլեջն անվանակոչված է կառավարման ոլորտի իրավաբան եւ Դիմադրության շարժման մարտիկ Կառլ Ֆրիդրիխ Գյորդելերի անունով (1884-1945): Գյորդելերը 1930-1936թթ. եղել է Լայպցիգի ավագ քաղաքապետը, մեկը մեծ քաղաքների քիչ թվով այն քաղաքագլուխներից, ովքեր չէին անդամակցում Գերմանիայի ազգային սոցիալիստական աշխատավորական կուսակցությանը: Ի նշան Լայպցիգում ազգային սոցիալիստների վարած քաղաքականության դեմ բողոքի իր հրաժարականից հետո նա կարողանում է Բոշ ընկերությունում աշխատանքի անցնելով` ակտիվ գործել ազգային սոցիալիստների ռեժիմի դեմ դիմադրության պայքարում: Որպես քաղաքացիական դիմադրության համահիմնադիր, Գյորդելերն իր հուշագրերում ուրվագծել է սահմանադրական-քաղաքական նոր կարգեր եւ ծրագրեր եվրոպական պետությունների դաշնություն ստեղծելու վերաբերյալ: 1944թ. հուլիսի 20-ի ձախողված մահափորձից հետո, նա 1945թ. փետրվարի 2-ին Բեռլինում ենթարկվել է մահապատժի:

Ցուցում. պարտադիր եւ ուժի մեջ են համարվում պաշտոնական կայքում զետեղված գերմաներեն տեղեկությունները: