Արևելյան գործընկերության երկրների եվրաինտեգրման ինդեքսը: Հայաստանը` տարվա անակնկալ

Ինչպես հայտնի է Արևելյան գործընկերության մեկնարկից հետո գործի է դրվել ԱլԳ Ինդեքս կոչվող գործիքը, որը միտված է ամենամյա կտրվածքով ուսումնասիրել նախաձեռնության անդամ երկրներում իրականացված բարեփոխումների օրակարգը, համեմատական անցկացնել և ներկայացնել այդ երկրների` ԵՄ հետ հարաբերություններում գրանցած առաջընթացը: Մոտ 695 ցուցիչներից բաղկացած ամենամյա այս համեմատականը կազմում են մոտ 50 անկախ փորձագետներ ԱլԳ անդամ պետություններից և Եվրոպական Միությունից:

Գնահատման գործոնների շարքում են երկրներում ժողովրդավարության մակարդակը ի դեմս մարդու իրավունքների, ընտրական համակարգի, կոռուպցիայի դեմ պայքարի, քաղաքական երկխոսության, որոշումների կայացման գործընթացում քաղաքացիական հասարակության ներգրավման, ինչպես նաև շուկայական տնտեսության, Խորը և համապարփակ ազադ առևտրի գոտի ստեղծելու շուրջ բանակցությունների ընթացքը և այլն:

2012 թվականին իրականացված ուսումնասիրությունների տվյալների համաձայն Մոլդովան առաջատար դիրքում է գտնվում նախաձեռնության անդամ մյուս երկրների շարքում: Այնուհետև ցուցակում հաջորդում են Վրաստանը, Ուկրաինան, Հայաստանը, Ադրբեջանը և Բելառուսը:

Մոլդովայի նման դիրքը, մի շարք այլ գործոնների հետ միասին, պայմանավորված է վերջինիս ժողովրդավարության մակարդակով, ԵՄ հետ մյուս երկրների համեմատությամբ առավել ինտենսիվ միջանձնային շփումներով, ինչպես նաև եվրաինտեգրման գործընթացի ինստիտուցիոնալ ապահովմամբ: Մոլդովան նաև ԵՄ կողմից աջակցության բարձր ցուցանիշ է արձանագրել այս տարի, ինչը, թերևս, Եվրամիության “ավելին` ավելիի դիմաց” մոտեցման վառ ապացույց կարող է հանդիսանալ:

Մյուս կողմից եվրաինտեգրման գործընթացում հետընթաց է արձանագրվել Ուկրաինայի դեպքում առանձնապես ժողովրդավարության, շուկայական տնտեսության և, առհասարակ բիզնես միջավայրի ոլորտներում: Ժողովրդավարության հետընթաց է նկատվել նաև Վրաստանի և Ադրբեջանի մոտ: Սակայն, ընդհանուր առմամբ, ԱլԳ Ինդեքս-2012-ը Մոլդովայի, Վրաստանի, Ուկրաինայի և Հայաստանի համար քիչ թե շատ նույն պատկերն է առանձնացնում ժողովրդավարության ոլորտում, իսկ Ադրբեջանին իր ցուցանիշներով մոտեցնում է Բելառուսին:

Այդուհանդերձ Ուկրաինան առաջատար տեղ է զբաղեցնում ԵՄ հետ ինտենսիվ և խորը կապերի տեսանկյունից քաղաքական երկխոսության և տնտեսական համագործակցության ոլորտներում: Սակայն, “խոսքի ազատության”, “արդարադատության”, “տրանսպորտի” և “էներգետիկա”-յի ոլորտներում Ուկրաինան ԵՄ ստանդնարդներին համապատասխանում է միայն Մոլդովայից, Վրաստանից և Հայաստանից հետո:

Այժմ անցնենք Հայաստանին: Փորձագետների կարծիքով Հայաստանը 2012 թվականի անակնկալն է եղել: Շոշափելի առաջընթաց է նկատվել ազատ առևտրի գոտու բանակցությունների հետ գրեթե միաժամանակ մեկնարկած Մուտքի արտոնագրի դյուրացման և ռե-ադմիսիայի վերաբերյալ համաձայնագրի բանակցությունների հաջող ավարտով և համաձայնագրի ստորագրմամբ: Ուսումնասիրության արդյունքներով կրթության, երիտասարդության և մշակութային ոլորտներում զգալի առաջընթաց է նկատվում: Ավելին, մեկնարկնել են նաև բանակցությունները Շարժունակության գործընկերության շուրջ: Նշենք նաև, որ Հայաստանը նաև դիտորդի կարգավիճակ է ձեռք բերել Եվրոպական էներգետիկ համայնքում:

Կարինե Օհանյան