Եվրաինտեգրումը Հայաստանի համար գերակայություն է

“Եվրաինտեգրումը ողջ 2012 թվականի ընթացքում եղել է Հայաստանի արտաքին քաղաքականության գերակայությունը, ընդ որում՝ գործընթացի տեմպերը, ինտենսիվությունը և խորությունն էապես տարբերվում էին նախորդ տարիներից”,-այս մասին հայտնել է “Եվրոպական ինտեգրացիա” հասարակական կազմակերպության ղեկավար Կարեն Բեքարյանը մամուլի ասուլիսի ժամանակ: Վերոնշյալի համատեքստում նա նշեց եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաների՝ Հայաստան կատարած և հայ քաղաքական գործիչների՝ ԵՄ երկրներ և եվրոպական կառույցներ կատարած փոխադարձ այցերի քանակը: Հատկանշական է, որ դրանք եղել են ոչ միայն երկկողմ, այլև բազմակողմ այցեր: Անխոս, 2012 թվականի ձեռքբերումը հանդիսանում է ԵՄ հետ կնքած մուտքի արտոնագրերի դյուրացման մասին պայմանագրի ստորագրումը, միության վերաբերյալ Համաձայնագրի կետերի շուրջ հետագա աշխատանքը, միջխորհրդարանական համագործակցության ակտիվացումը, եվրոպական կառույցների հետ ինստիտուցիոնալ կապերի հաստատումը, օրինակ, հայկական երեք կուսակցությունների անդամակցությունը Եվրոպական ազգային կուսակցությանը, ընդգծեց Բեքարյանը:

Նշելով Հայաստանի և ԵՄ միջև Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման մասին համաձայնագրի ստորագրման կարևորությունը՝ վերլուծաբանն ընդգծեց, որ այդ համաձայնագիրը սոսկ քաղաքական փաստաթուղթ չէ. այն վերաբերելու է Հայաստանի յուրաքանչյուր բնակչին: “Բազմաթիվ դեպքերում մեր հասարակությունն այնքան էլ չի պատկերացնում, որ համաձայնագիրը վերաբերում է մեզնից յուրաքանչյուրին. չէ՞ որ այդ համաձայնագիրը ենթադրում է, որ Հայաստանի տարածքում գտնվող բոլոր ապրանքատեսակները պետք է համապատասխանեն եվրոպական չափանիշներին, և միայն որակի վերաբերյալ համապատասխան հավաստագիրը ստանալուց հետո Հայաստանում կարտադրվեն մթերքներ և արդյունաբերական ապրանքներ”…

Կ. Բեքարյանը նշեց գործոններ, որոնք վկայում են Հայաստանի եվրաինտեգրման ուղու անդառնալիությունը: “Իր ծրագրային ելույթում Սերժ Սարգսյանն անդրադարձավ Հայաստանի զարգացման տարբեր ուղղություններին, և այդ բոլոր բաժինները եվրաինտեգրման ճանապարհի բաղկացուցիչ մասեր են՝ անկախ այն հանգամանքից, թե արդյոք դա ներքի՞ն քաղաքականություն է, թե արտաքին: Բացի այդ, Հայաստանի նախագահի պաշտոնի թեկնածուներից երկուսը հանդիսանում են այնպիսի կուսակցությունների ներկայացուցիչներ, որոնք Եվրոպական ազգային կուսակցության անդամներ են, ինչը ևս վկայում է այն մասին, որ եվրաինտեգրման գործընթացները մեր երկրում անդառնալի բնույթ են սկսում կրել”,-նշել է Բեքարյանը:

Վերլուծաբանը հաճույքով նշեց նաև, որ Հայաստանում նվազում է եվրաինտեգրման տեմպերի և խորության համեմատումը Ադրբեջանի ցուցանիշների հետ: “Հայաստանի եվրաինտեգրման զարգացումն առավել ճիշտ կլիներ համեմատել Մոլդովայի, Ուկրաինայի, Վրաստանի հետ: Ի դեպ, 2012 թվականին Հայաստանը եվրաինտեգրման բավական լավ ցուցանիշներ է գրանցել և այսօր որոշ ցուցանիշներով նույնիսկ առաջ է անցնում Ուկրաինայից, իսկ մյուսներով՝ Վրաստանից: Ինչպես ցույց են տվել Արևելյան գործընկերության երկրների եվրաինտեգրման Ինդեքսի արդյուքները, մեր երկիրը 2012 թվականի անակնկալն է եղել՝ տրանսպորտի և էներգետիկայի, ինչպես նաև կրթության, երիտասարդական և մշակութային քաղաքականության ոլորտներում ԵՄ չափանիշներին մոտենալու իր գրանցած տեմպերով: “

 Եվրաինտեգրացի՞ա, թե եվրասիական ինտեգրացիա

Պատասխանելով լրագրողների հարցերին՝ “Եվրոպական ինտեգրացիա” ՀԿ նախագահն անդրադարձավ նաև վերջին շրջանում քննարկվող այն խոսակցություններին, թե ինչ ապագա կընտրի Հայաստանը. Եվրասիական միությու՞ն, թե Եվրամիություն, Մաքսային միությու՞ն, թե ԵՄ հետ խորը և համապարփակ ազատ առևտրի գոտի: “Պետք չէ ամեն բան տեսնել սև և սպիտակ գույների մեջ, քանի որ ես չեմ բացառում, որ, օրինակ, Հայաստանը կարող է համաձայնագիր ստորագրել ԵՄ հետ խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու վերաբերյալ, ապա համագործակցել Մաքսային միության հետ այն կետերով, որոնք չեն հակասում ԵՄ հետ համաձայնագրի սկզբունքներին”,-հայտարարեց փորձագետը:

Բեքարյանի խոսքերով, բացարձակ պարտադիր չէ, որպեսզի այդ երկու համաձայնագրերը հակասեն միմյանց. Հայաստանը պետք է դիտարկի բոլոր հնարավոր տարբերակները և ընտրի իր համար առավել շահավետ ուղին կամ ուղիների փոխազդեցությունը: “Ինչ վերաբերում է Մաքսային միությանը, ապա հայ և ռուս մասնագետներից կազմված խումբը դեռևս ուսումնասիրում է Մաքսային

միության կազմում շահավետ համագործակցության հնարավորությունը: Սակայն այսօր արդեն կարելի տալ այդ բնագավառի խոչընդոտների վերաբերյալ որոշ հարցեր, մասնավորապես, ՀՀ և Մաքսային միության ընդհանուր սահմանների բացակայությունը: Արդյո՞ք Վրաստանը պատրաստ է աջակցել այդ ծրագրին, մասնավորապես, Աբխազական երկաթուղու բացումով: Արդյո՞ք Մաքսային միության երկրները պատրաստ են ներդրումներ կատարել Հայաստան-Իրան երկաթուղու կառուցման գործում Մաքսային միության հետ ինտենսիվ երկաթգծային համագործակցության համար: Եվ, վերջապես, երրորդ ուղղությունը. Թուրքիա: Արդյո՞ք կարող են միության երկրները “ճնշում գործադրել” Թուրքիայի վրա հայ-թուրքական սահմանի բացման համար: Վերոնշյալ բոլոր հարցերը կարելի է երկար քննարկել Մաքսային միության երկրների հետ, և եթե նրանք պատրաստ են իրականացնել տվյալ սցենարներից որևէ մեկը, ապա ինչու՞ ոչ. Հայաստանը պետք է մտածի Մաքսային միության հետ շահավետ համագործակցության հնարավոր ուղիների մասին”,-ասաց Կ. Բեքարյանը:

Հանդիսանալով Հայաստանի զարգացման եվրաինտեգրման ուղու միանշանակ կողմնակից՝ Կարեն Բեքարյանը նշեց, որ Հայաստան պետությունը պետք է գործի իր շահերից և օգուտներից ելնելով՝ ուշադրություն չդարձնելով այս կամ այն կարծրատիպերի և հոգեբանական գործոնների վրա…

 Կ. Ստեփանյան