Հայաստան-ԵԽ հարաբերությունները 2012-ին

Ստորև ներկայացնում ենք մեր զրույցը “Եվրոպական ինտեգրացիա” ՀԿ անդամ, վերլուծաբան Տաթև Հայրապետյանի հետ 2012թ.-ին Հայաստանի և Եվրոպայի Խորհրդի միջև հարաբերությունների վերաբերյալ:

-Ի՞նչ գնահատական կարող եք տալ Հայաստան-ԵԽ հարաբերություններին՝ հաշվի առնելով 2012-ին տեղի ունեցած զարգացումները:

-Ընդհանուր առմամբ, տարին կարելի է կարևոր և արդյունավետ համարել Հայաստանում ԵԽ կառույցների գործունեության տեսանկյունից: 2012-ի կարևորագույն իրադարձություններից մեկի՝ խորհրդարանական ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելությամբ Հայաստանում էր գտնվում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախընտրական դիտորդական առաքելության պատվիրակությունը՝ բարոնուհի Էմմա Նիքոլսոնի գլխավորությամբ: Վերջինս պետության ղեկավար Սերժ Սարգսյանի հետ կայացած հանդիպման շրջանակներում բարձր էր գնահատել Եվրոպայի խորհրդի անդամ Հայաստանի Հանրապետության համագործակցությունը ԵԽ կառույցների հետ, ինչպես նաև այդ կազմակերպության շրջանակներում Հայաստանի ակտիվ մասնակցությունը համաեվրոպական օրակարգի բազմաթիվ խնդիրների քննարկմանը:

Հայաստանի կողմից բազմիցս կարևորվել է ԵԽ-ի դերը մարդու իրավունքների և ժողովրդավարության, օրենքի գերակայության արժեքների որդեգրման և զարգացման գործում: Համագործակցության տարբեր մեխանիզմների շնորհիվ իրականացվել են մեծաթիվ ծրագրեր: Ընթացքի մեջ է «Հայաստան 2012-2014 թթ.» Գործողությունների ծրագիրը: Այն արտացոլում է Հայաստանի գերակայություններն ու միջազգային պարտավորությունները և կոչված է աջակցել Հայաստանին՝ իրականացնելու Եվրոպայի խորհրդի անդամ-պետության իր կանոնադրային և հատուկ պարտավորությունները, մասնավորապես շարունակելու բարեփոխումները դատաիրավական և քրեակատարողական համակարգերում ու կրթական ոլորտում, խթանելու լրատվամիջոցների ազատությունն ու պաշտպանելու երեխաների իրավունքները, խորացնելու տեղական ժողովրդավարությունը, բարելավելու ընտրական օրենսդրությունն ու պրակտիկան:

Այն, որ 2013թ. մայիսին Հայաստանը կստանձնի Եվրոպայի խորհրդի Նախարարների Կոմիտեի նախագահությունը, մեկ այլ կարևոր քայլ է ՀՀ-ի համար և նպաստավոր հնարավորություն է ստեղծում, որպեսզի Հայաստանն առաջնային դերակատարություն ունենա մարդու իրավունքների ու օրենքի գերակայության սկզբունքների վրա հիմնված, առավել ժողովրդավար Եվրոպայի կառուցման ընդհանուր գործում:

“Եվրոպական ինտեգրացիա” ՀԿ