“Բոլոր հնարավոր ուժերի և երկրների հետ ՀՀ համագործակցային շրջանակները չի կարելի երբևէ համարել վերջնականապես ձևավորված…”

Ստորև ներկայացնում ենք մեր զրույցը “Եվրոպական ինտեգրացիա” ՀԿ անդամ, միջազգայնագետ Քրիստինե Հովսեփյանի հետ եվրասիական և եվրաինտեգրման գործընթացներում Հայաստանի ներգրավվածության վերաբերյալ:

-Արդյո՞ք տրամաբանական է Եվրամիության և Եվրասիական միության հակադրումը:

-Ինչպես բազմիցս է նշվել, Եվրասիական միության և ԵՄ-ի հակադրումը խիստ արհեստածին է և իմաստազուրկ: Նախ, այն պարզ պատճառով, որ ի տարբերություն ԵՄ-ի՝ Եվրասիական միությունը դեռևս սաղմնային փուլում գտնվող գաղափար է: Իհարկե, Միության ստեղծման գաղափարի բարձրաձայնմանը պետք է հետևեր Միության հավանական անդամների դիրքորոշումը հստակեցնող գործընթացը: Վերջինս, ինչպես համոզվում ենք, ընթանում է հնարավոր բոլոր ձևաչափերում, ինչը ևս միանգամայն տրամաբանական է: Մյուս կողմից՝ բոլոր հնարավոր ուժերի և երկրների հետ ՀՀ համագործակցային շրջանակները չի կարելի երբևէ համարել վերջնականապես ձևավորված: Այս դաշտը ենթադրում է անընդհատ զարգացում և նոր իրողություններին զուգահեռ՝ շահերի հնարավորին համադրում և համարժեք դիրքորոշում:

-Որքանո՞վ է հստակ այս հարցում ՀՀ դիրքորոշումը:

-Որքանով գործընթացը թույլ է տալիս եզրահանգումներ անել, դեռևս մշուշոտ այս նախագծի նկատմամբ ՀՀ դիրքորոշումը բավական իրատեսական է: Այն է՝ շարունակել ներգրավված լինել գործընթացում, որտեղ «միս ու արյուն» է ստանում դեռևս վերացական գաղափարը: Նման գործելակերպը մի կողմից թույլ կտա «ներսից» հասկանալ առաջարկվող նախագծի հավանական հնարավորություններն ու ռիսկերը: Մյուս կողմից՝ նշված հարցերի շուրջ ընդհանուր օրակարգի ձևավորման գործընթացին ներգրավվածությունը թույլ կտա առավելագույնի հասցնել ինտեգրացիոն երկու ուղղությունների համադրման հնարավորությունները: Սա է այն ելակետը, որից ածանցվում է մեր համապատասխան գործողությունների ծրագիրը:

Ի վերջո, Եվրասիական միության գաղափարը դեռևս իրականացվում է տնտեսական ինտեգրման ուղեծրում: Միաժամանակ շարունակվում են Հայաստանի և ԵՄ միջև խոր և համապարփակ ազատ առևտրի գոտի հիմնելու շուրջ բանակցությունները, որոնց երրորդ փուլը տեղի ունեցավ դեկտեմբերի սկզբին: Հետևաբար, այս զուգահեռ գործընթացների տեմպերն ու ընձեռած հստակ հնարավորություններն էլ, ամենայն հավանականությամբ, մյուս տարի առավել տեսանելի կդարձնեն դրանցում մեր մասնակցության ձևաչափերն ու միտումները:

Հարաբերությունների հետագա ամրապնդմանն ու փոխշահավետ հիմքերով համագործության ընդլայնմանը պետք է միտված լինեն փոխլրացման պատրաստ երկրների և կառույցների հետ մեր աշխատանքները: Այս բանաձևն է, որ վերջնարդյունքում պետք է ապահովի միջազգային և տարածաշրջանային ձևաչափերում երկրի առավելագույն ներգրավվածությունն ու ընդհանուր խնդիրների կարգավորմանն ուղղված գործուն օրակարգի ձևավորումը:

“Եվրոպական ինտեգրացիա” ՀԿ