ԵՄ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐՆ ԱՅՍՈՒՀԵՏ ԱԶԱՏ ԿԱՅՑԵԼԵՆ ՀԱՅԱՍՏԱՆ

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հունվարի 9-ին հանդիպեց Եվրոպական ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով ԵՄ հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ:

Հանդիպման ժամանակ կողմերը քննարկեցին ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման հեռանկարները, բարձր գնահատեցին արդեն իսկ արձանագրված քաղաքական երկխոսության դրական դինամիկան և երկուստեք այն պահպանելու և շարունակելու պատրաստակամություն հայտնեցին :

Նշվեց, որ առաջընթաց է արձանագրվել ՀՀ-ԵՄ բանակցային գործընթացում` Ասոցացման համաձայնագրի և Խորը ու համապարփակ ազատ առևտրի գոտի ստեղծելու ուղղությամբ, միևնույն ժամանակ բանակցությունները 2013 թվականին ավարտին հասցնելու պատրաստակամություն հայտնեցին, ինչը նոր որակ կհաղորդի Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին:

Անդրադարձ եղավ նաև ՀՀ-ի տնտեսական և ժողովրդավարական ներքին բարեփոխումների ընթացքի վրա այդ գործընթացի դրական ազդեցությանը: Խոսվեց մուտքի արտոնագրերի և հետընդունման բանակցային գործընթացն ավարտելու և պայմանագրերի շուտափույթ վավերացման անհրաժեշտության մասին : Կարևորվեց այդ պայմանագրերի իրագործումը, ինչը ճանապարհ կհարթի դեպի մուտքի արտոնագրերի ազատականացումը ՀՀ քաղաքացիների համար:

Շտեֆան Ֆյուլեն իր հերթին երախտագիտություն հայտնեց ՀՀ կառավարության որոշման համար, որով ԵՄ քաղաքացիները կարող են առանց վիզաների ձեռքբերման մուտք գործել Հայաստան:

Կարևորվեց նաև ՀՀ իշխանությունների պատրաստակամությունը ազատ և եվրոպական չափանիշներին համապատասխան նախագահական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ:

11.01.2013