Հայաստանի վերաբերյալ ԵՀՔ զեկույցը կհրապարակվի մարտի 20-ին

Եվրամիության ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն հունվարի 14-ին հանդիպում է ունեցել Եվրոպայի հարևանության քաղաքականության երկրների պատվիրակությունների ղեկավարների հետ: Հանդիպման ընթացքում նա ամփոփել է 2012թ.-ի ընթացքում ունեցած ձեռքբերումներն ու անդրադարձել 2013-ից ունեցած ակնկալիքներին:

2012թ.-ը Ֆյուլեն գնահատել է որպես խթանող տարի հարևանության շրջանում: “Արևելյան հարևանության շրջանում նույնպես ժողովրդավարական զարգացումը անհավասար է մնում, միաժամանակ դրական զարգացման ավելի շատ նշաններ են նկատվել հատկապես Մոլդովայում”,-նշել է Ֆյուլեն:
Հանձնակատարը հայտարարել է,  որ ԵՀՔ հաջորդ փաթեթը, որն իր

մեջ ներառելու է ԵՀՔ 12 երկրների առաջընթացի զեկույցները, Արևելքի և Հարավի համար տարածաշրջանային երկու զեկույցները և բարեփոխումների թվային ցուցանիշները պարունակող զեկույցը, կհրապարակվի մարտի 20-ին: “Մենք ձգտում ենք փաթեթն ավելի շուտ հրապարակել, քան անցյալ տարի, որպեսզի առաջընթացի զեկույցները հաշվի առնվեն ֆինանսական աջակցության պլանավորման ժամանակ”,-ասել է Ֆյուլեն:
Նա հատուկ անդրադարձ է կատարել գործընկեր երկրներին ֆինանսական աջակցություն տրամադրելու հարցին և նշել, որ այն պլանավորելիս առաջնորդվելու են “ավելին ավելիի դիմաց” սկզբունքով: “Հարևանության քաղաքականությունը գործելու այն եղանակով, որ աջակցության մակարդակի զգալի փոփոխությունը դիտվի որպես քաղաքական ազդակ՝ խրախուսող առաջընթացը”,-ասել է Ֆյուլեն: Նա շել է, որ իրենք ձգտելու են խուսափել մեխանիկական մոտեցումից: “Ուղիղ կապ է լինելու առաջընթացի զեկույցների և լրացուցիչ աջակցության միջև”:
Ըստ հանձնակատարի ելույթի, ԵՄ-ն շարունակելու է գործընկերներին առաջարկել գումար, շուկա և մարդկանց շարժունակություն, ինչպես նաև տեխնիկական աջակցություն տրասպորտի, էներգիայի, մթնոլորտային պաշտպանության և այլնի տեսքով:
Նա նշել է, որ վերջին զեկույցները 2012-ի ընթացքում հարևանության երկրներում զգալի առաջընթաց են մատնանշել ազատ և արդար ընտրությունների անցկացման հարցում, սակայն դեռևս շատ անելիք կա քաղաքացիական ազատությունների և օրենքի գերակայության ոլորտներում: Նա կարևորել է պատվիրակությունների մշտական համագործակցությունը ոչ միայն իշխանությունների, այլև քաղաքացիական հասարակության հետ: Նշվել է նաև պաշտոնյաների պաշտոնական հանդիպումների հաճախակիացման կարևորությունը:
Հիշեցնենք, որ ԵՄ-ն Եվրոպայի հարևանության քաղաքականության շրջանակներում ամեն տարի հրապարակում է գործընկեր երկրների առաջընթացի զեկույցները, որոնք ուղենիշ են դառնում հաջորդ տարվա ընթացքում նրանց հետ համագործակցության կառուցման համար: Նախորդ տարի այդ զեկույցները հրապարակվել են մայիսի 15-ին , դրանց հետ հրապարակվել է նաև Արևելյան գործընկերության երկրների Ճանապարհային քարտեզը՝ նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք գագաթաժողովին ընդառաջ:
Ֆյուլեի ելույթն, ընդհանուր առմամբ, կարելի է դիտարկել որպես կոչ գործընկեր երկրներին շարունակել բարեփոխումները և ինտենսիվ համագործակցությունը ԵՄ-ի հետ, կատարել ստանձնած պարտավորությունները: Միաժամանակ, այն ևս մեկ ազդակ էր շարժվելու բարեփոխումների խորացման ճանապարհով և արագացնել դրանց տեմպերը:
“Արմեդիա” ՏՎԳ