ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՊԼԱՆԱՎՈՐՈՒՄ Է ՎԵՐԱՆԱՅԵԼ ԵՄ-ԲՐԻՏԱՆԻԱ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Մեծ Բրիտանիան կարող է դադարեցնել իր անդամակցությունը Եվրոպական Միությանը, եթե Բրյուսելը չհամաձայնի Միացյալ Թագավորության՝ ԵՄ-ին անդամակցելու նոր ձևաչափին։ Այս մասին նշվում է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի ելույթում, որով նա այսօր պետք է հանդես գար Ամստերդամում։

Նախատեսվում էր, որ Նիդեռլանդների մայրաքաղաքում բրիտանական կառավարության ղեկավարը հստակ պատասխան կտար իր երկրի և Եվրոպական Միության ապագա հարաբերությունների վերաբերյալ։ Սակայն վարչապետի այցը Ամստերդամ հետաձգվել է Ալժիրում գերեվարված բրիտանացիների պատճառով։

Այնուամենայնիվ, այդ ելույթի ամենակարևոր հատվածները հրապարակվել են վարչապետի մամուլի ծառայության կողմից։ Դրանցում մասնավորապես նշվում է, որ Մեծ Բրիտանիան պետք է կարևոր և ակտիվ դեր ունենա ԵՄ-ում,սակայն առկա տարաձայնությունների դեպքում դա քիչ հավանական է։

Բացի այդ, հրապարակված նյութերից պարզ է դարձել , որ Մեծ Բրիտանիայի համար կատարյալ տարբերակ է այն, որ երկիրը ԵՄ-ի հետ միասնական տնտեսական գոտում ընդգրկվի, սակայն մնացած բոլոր ոլորտները մնան բրիտանական խորհրդարանի հսկողության տակ։

BBC-ին Քեմերոնը հայտնել է, որ ԵՄ-ի կազմում մնալը բխում է Մեծ Բրիտանիայի շահերից, և դա չպետք է անտեսել:
Այդուամենայնիվ, որոշ դիվանագետների և ԵՄ պաշտոնյաների կարծիքով, Բրիտանիան միությունում սկսել է պասիվանալ, և նախորդ շաբաթ երկրի սերտ դաշնակից ԱՄՆ-ը հստակեցրել է, որ ցանկանում է ԵՄ-ի ներսում Բրիտանիային տեսնել որպես «հզոր ձայն»:
18.01.2013