ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՔԱՐՈԶԱՐՇԱՎԸ ՍԿՍՎԵՑ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Այսօր՝ հունվարի 21-ին պաշտոնապես մեկնարկեց ՀՀ նախագահական ընտրությունների նախընտրական քարոզարշավը:

Ըստ ՀՀ Ընտրական օրենսգրքի՝ նախընտրական քարոզչության ժամանակահատվածը սկսվում է թեկնածուների, կուսակցությունների ընտրական ցուցակների գրանցման համար սույն օրենսգրքով սահմանված ժամկետի վերջին օրվան հաջորդող 7-րդ օրը և ավարտվում քվեարկության օրվանից մեկ օր առաջ:

Առաջադրված են 8 նախագահի թեկնածուներ՝ գործող նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ նախկին վարչապետ, «Հայ ազգային կոնգրես» ընդդիմադիր դաշինքի մաս կազմող «Ազատութուն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը, ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը, ԼՂՀ նախկին ԱԳ նախարար Արման Մելիքյանը, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը և գործազուրկ Վարդան Սեդրակյանը:

Այսօրվանից բոլոր թեկնածուներն անվճար եւ վճարովի եթերաժամակ կունենան Հայաստանի հանրային հեռուստատեսությունում եւ ռադիոյում, ինչպես նաեւ կարող են եթերաժամ գնել մասնավոր հեռուստառադիոընկերություններում:

Ընտրական օրենսգրքի համաձայն` թեկնածուները կարող են օգտագործել 60 րոպե ավճար եթերաժամանակ Հանրային հեռուստատեսությունում, 120 րոպե` հանրային ռադիոյում: ԿԸՀ-ում կայացած վիճակահանության արդյունքներով` հունվարի 21-ին առաջին անվճար եթերից  կօգտվի թեկնածու Պարույր Հայրիկյանը, իսկ  փետրվարի  16-ին այն կեզրափակի գործող նախագահ Սերժ Սարգսյանը: Նախընտրական քարոզարշավը Հանրային հեռուստաընկերությամբ կսկսվի ժամը 18.00-ին, Հանրային ռադիոյով`  օրական երկու անգամ` ժամը 13.30-ից  եւ 21.40-ից սկսած:

Նախընտրական քարոզարշավը կավարտվի փետրվարի 16-ին: Հայաստանի պատմության մեջ վեցերորդ նախագահական ընտրությունները կանցկացվեն փետրվարի  18 –ին, ժամը 08.00- 20.00 –ն: Պետության ղեկավարն ընտրվում է 5 տարի ժամկետով:

21.01.2013