ԿԱՊՈՒՅՏ ԵՐԿՈՒՇԱԲԹԻ. ՏԱՐՎԱ ԱՄԵՆԱՏԽՈՒՐ ՕՐԸ

Այսօր տարվա ամենատխուր օրն է, իսկ ավելի ճիշտ՝ ամենատխուր երկուշաբթին, անգլերեն՝ Blue Monday: Այս տեսության հեղինակը բրիտանական Քադիֆֆի համալսարանի դասախոս Քլիֆֆ Առնալն է, ով 2005թ.-ին դուրս է բերել տարվա ամենատխուր օրը հաշվելու բանաձևը:

Բանաձևի մեջ ընդգրկված են այնպիսի հանգամանքեր, ինչպիսիք են եղանակը, Սուրբ Ծնունդից անցած ժամանակը, տոների ընթացքում կուտակված պարտքերը, այն ժամանակը, որն անցել է Ամանորից և որի ընթացքում չեն իրականացել երազանքները, մոտիվացման պակասն ու որևէ բան անելու անհրաժեշտության զգացողությունը:
Ըստ այդ հաշվարկի, որը մաթեմատիկական որևէ լուրջ հիմքեր ըստ էության չունի, հունվարի վերջին լիարժեք շաբաթվա երկուշաբթին է այն օրը, երբ միջին եվրոպացին ուժերի անկում է զգում:

Իհարկե Ձեր գործն է, հավատալ կամ չհավատալ նման եզրակացություններին ու հաշվարկներին… Իսկ մյուս կողմից հունվարի վերջին շաբաթը հենց այն շրջանն է, երբ բոլորս լիարժեք վերադառնում ենք աշխատանքային առօրյային, կարևոր գործերին և ամանորյա հանգստի ընթացքում մշակված ծրագրերի իրականացմանը՝ թարմ ուժերով և ոգևորված նոր գաղափարներով: Եղևնիներն արդեն հավաքված են, իսկ ամանորյա քաղցրավենիքներն էլ ավարտված, ու ոչինչ չի հիշեցնում տոնական եռուզեռը՝ շեղելով աշխատանքից:
Մեր տրամադրությունը միշտ մեր ձեռքերում է, և ոչ թե մաթեմատիկական հաշվարկների: