Ֆյուլեն և Մինյոնը Արևելյան Գործընկերության և հակամարտությունների մասին

Ստրասբուրգում հունվարի 21-24-ին անցկացված ԵԽԽՎ նստաշրջանի ժամանակ անդրադարձ է կատարվել ԵՄ-ԵԽԽՎ համագործակցությանը, նստշրջանին ելույթով հանդես է եկել ԵՄ ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն: Իր ելույթում, խոսելով երկու կառույցների միջև հարաբերությունների մասին, հանձնակատարն անդրադարձել է Արևելյան Գործընկերության երկրների հետ համագործակցությանը, ինչպես նաև «սառեցված» հակամարտություններին:

Ֆյուլեն իր ելույթում շեշտել է ԵՄ հավատարմությունն աջակցելու հարևանության երկրներում բարեփոխումների գործընթացին՝ հիմնված «ավելին ավելիի դիմաց» սկբունքի վրա:

Նստաշրջանի ընթացքում Ֆյուլեն համատեղ հայտարարությամբ է հանդես եկել ԵԽԽՎ նախագահ Ժան-Կլոդ Մինյոնի հետ: Հայտարարության մեջ նրանք պատրաստակամություն են հայտնել իրենց աջակցությունը տրամադրել հարևանությամբ գտնվող այն երկրներին, որոնք կիսում են իրենց արժեքները և ձգտում են համապատասխանել չափորոշիչներին: «Մեր համագործակցությունը ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող ԵԽ Արևելյան Գործընկերության գործիքին արդեն իսկ իրական փոփոխություն է բերում գործընկեր երկրներում»,-ասված է հայտարարության մեջ:

Համատեղ հայտարարությամբ կարևորվել է նաև «սառեցված» հակամարտությունների կարգավորման գործում խորհրդարանական դիվանագիտության դերը: «Խորհրդարանական դիվանագիտությունը կարևոր ներդրում է ունենում «սառեցված» հակամարտությունների մեջ ներգրավված երկրների ներկայացուցիչների միջև երկխոսության կառուցման մեջ: Վստահության կառուցման միջոցները և ուղիղ երկխոսությունն ընտրված ներկայացուցիչների միջև լավագույն ուղին են այս հակամարտությունների լուծման կառուցողական միջավայրի կառուցման և համապատասխան ցանկացած նախաձեռնությունների խրախուսման համար»,- ասված է համատեղ հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ «սառեցված» հակամարտությունների հարցն իր օրակարգային խնդիրների շարքում առանձնացրել է նաև այս տարի վերընտրված ԵԽԽՎ նախագահ Ժոն-Կլոդ Մինյոնը:

Աննա Կարապետյան