ԵԱՀԿ ՄԽ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐՆ ԱՄՓՈՓԵԼ ԵՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հունվարի 28-ին Փարիզում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ համատեղ հանդիպումը ամփոփող հայտարարություն են տարածել: ԵԱՀԿ պաշտոնական կայքում զետեղված հաղորդագրությունում, մասնավորապես, ասված է.

“2013 թ-ի հուվարի 28-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յան Քելին (ԱՄՆ), Իգոր Պոպովը (ՌԴ) և Ժակ Ֆորը (Ֆրանսիա) համատեղ հանդիպում են անցկացրել Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի և Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:

Համանախագահները շարունակել են ԱԳ նախարարների հետ քննարկումները խաղաղ բանակցային գործընթացն առաջ տանելուն միտված աշխատանքային առաջարկության շուրջ, որը կողմերին էր ներկայացվել 2012 թ-ի նոյեմբերին: Բացի այդ, մտքեր են փոխանակվել վստահության ամրապնդման հնարավոր միջոցների շուրջ:

Համանախագահներն անդրադարձել են 2011 թ-ի ապրիլի 14-ի և 2012 թ-ի հուլիսի 13-ի իրենց հայտարարություններին և նախարարների հետ քննարկել դեպի Լեռնային Ղարաբաղի օդանավակայան և այնտեղից քաղաքացիական թռիչքներ իրականացնելու վերաբերյալ հարցեր:

Արտգործնախարարներն ու համանախագահներն ընդգծել են ԵԱՀԿ Մինսկի խմբի կարևորությունը, որպես ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային ձևաչափ: Արտգործնախարարները վերահաստատել են իրենց աջակցությունը հակամարտության խաղաղ կարգավորմանը ու բանակցությունները շարունակելու վճռականության հարցում իրենց հավատարմությունը: Նախարարներն ու համանախագահները համաձայնել են խաղաղ գործընթացի հետագա քննարկումներ անցկացնել գալիք շաբաթների ընթացքում”, – ասված է հայտարարությունում:

29.01.2013