Հայաստանյան ազգային փոքրամասնությունները

Թերևս գաղտնիք չէ, որ Հայաստանը մեծ մասամբ մոնոէթնիկ երկիր է: Այսուհանդերձ, մեր պետության պատմական և ներկայիս ճանապարհի, ինչո՞ւ ոչ, նաև ապագա ձեռքբերումների մաս են կազմում նաև իր այն քաղաքացիները, ովքեր այլ ազգի ներկայացուցիչներ են: Չնայած վերջիններս ՀՀ ընդհանուր բնակչության փոքր հատվածն են կազմում, այնուամենայնիվ բավականին կառուցողական դերակատարությամբ՝ իրենց գրկաբաց ընդունած և երկրորդ հայրենիքը դարձած երկրի լիիրավ քաղաքացիներ են:

Մեր կազմակերպության առաջնային նպատակներից է նպաստել համաեվրոպական ընդհանրական արժեքային համակարգի տարածմանը: Իսկ, ինչպես գիտենք, եվրոպական արժեհամակարգի հիմնական տարրերից է տվյալ հասարակության բոլոր անդամների հավասար ներգրավվածությունը պետության սոցիալ-քաղաքական, մշակութային և մնացած այլ ոլորտներում: ՀՀ-ում առկա հայաստանյան ազգային փոքրամասնությունների, նրանց շահերը ներկայացնող կազմակերպությունների գործունեության մասին տեղեկացվածության բարձրացումը մեր հասարակության շրջանում կարևոր խնդիր է: Մյուս կողմից մեր նպատակներից է նաև նպաստել ՀՀ-ում գործող և եվրաինտեգրմանը աջակցող հայաստանյան ազգային փոքրամասնությունների շահերը ներկայացնող կազմակերպությունների արդյունավետ գործունեությանը և ակտիվորեն համագործակցել նրանց հետ: Հետևաբար մենք մեր պարտքն ենք համարում մեր ունեցած ռեսուրսների սահմաններում հնարավորինս հասնել նշված նպատակներին:

Ըստ այդմ, շաբաթական մեկ անգամ՝ յուրաքանչյուր երկուշաբթի, կներկայացնենք ընդհանուր տեղեկություններ հայաստանյան ազգային փոքրամասնությունների, նրանց շահերը ներկայացնող այն կազմակերպությունների մասին, որոնք պատրաստակամորեն համաձայնել են համագործակցել և մեզ են տրամադրել համապատասխան տեղեկատվություն: Զուգահեռաբար հույս ունենք մեր հասարակության շրջանում բարձրացնել հայաստանյան ազգային փոքրամասնությունների, նրանց շահերը ներկայացնող կազմակերպությունների, վերջիններիս գործունեության, ինչպես նաև նրանց խնդիրների մասին տեղեկացվածության մակարդակը:

“Եվրոպական ինտեգրացիա” ՀԿ