Հայաստանում Հունական համայնքի պատմությունը և ներկայիս կառուցվածքը

Հույն և հայ ժողովուրդների մշակութային և տնտեսական կապերը սկիզբ են առել անհիշելի ժամանակներից: Հույները պատմական Հայաստանի տարածք են թափանցել դեռևս հին դարերում: Տիգրան Մեծի գահակալության տարիներին՝ մթա I դարում, Կիլիկիայի հույներին հնարավորություն է տրվել վերաբնակվել Տիգրանակերտում, Արտաշատում, Նախիջևանում և այլ քաղաքներում, որտեղ նրանց թիվը հասնում էր հարյուր հազարի: Հունա-հայկական փոխհարաբերություններն ավելի սերտանում են 18-րդ դարի երկրորդ կեսին, երբ Պոնտոս (Սև) ծովի հարակից շրջաններից հրավիրվում են հույն հանքափորներ՝ աշխատելու Ալավերդու և Ախթալայի պղնձի հանքերում և գործարաններում (այստեղից է ծագել “պոնտի” անվանումը, որը տրվում է Հունաստանի սահմաններից դուրս բնակվող հույներին): Շուտով այստեղ բացվում է Լալվարի պղնձաձուլական ֆաբրիկան:

Բազմիցս ենթարկվելով հալածանքների և կտտանքների հույները չեն կորցնում ապրելու և բազմանալու ձգտումը: 19-րդ դարի առաջին կեսերին հիմնադրվում են մի շարք հունական գյուղեր՝ Կողոս, Յաղդան, Ախչվան: Իսկ 1865 թ.՝ Միսխանան (ներկայիս Հանքավանը): Նոր ներգաղթի հոսքն սկսվում է 1914-1915 թթ., երբ արևմտահայերի հետ միասին Հայաստանում հանգրվան են գտնում մեծ թվով հույներ: Նրանք հիմնավորվում են Գյումրիում, Ղարաբաղում և այլուր:

Հայկական աղբյուրները նշում են, որ 20-րդ դարի 80-ական թվականներին Հայաստանում ապրում էին 10-12 հազար հույն: Խորհրդային Միության տարիները համեմատաբար բարենպաստ և ապահով էին: Սակայն բացակայում էր ազգային զարթոնքը, չէին խթանվում ազգային կուլտուրան, լեզուն և ավանդույթները:

Խորհրդային Միության փլուզումից հետո ԱՊՀ բոլոր ժողովուրդները կանգնեցին ինքնուրույն զարգացման ճանապարհ վրա: Դժվարին տարիներ էին: Եվ ՀՀ-ից շատերը բռնեցին արտագաղթի ուղղին. Բացառություն չէին նաև հույները: Նրանք արտագաղթեցին Ռուսաստան, Ուկրաինա, իսկ մեծ մասն էլ վերադարձան պատմական հայրենիք՝ Հունաստան: Ներկայումս շատ և շատ հունական բնակավայրեր դատարկվել են, այդ թվում՝ Մադանը: Ցավոք սրտի, երբեմնի ծաղկուն գյուղում բնակվում են մի քանի հայ ընտանիքներ:

Սակայն շատերն էլ չհեռացան իրենց երկրորդ հայրենիքը դարձած Հայաստանից: Այստեղ մնացած մոտ 5000 հույները համախմբվեցին, կազմեցին համայնքներ, զարգացում ապրեց ազգային ինքնագիտակցությունը: Սույն գործընթացի սկիզբը դրվեց 90-ական թթ.: Սկսեց ակտիվորեն գործել հունական ֆեդերացիան, որի կազմում գործում էին և են բազմաթիվ համայնքներ՝ Ալավերդիում, Երևանում, Ստեփանավանում, Գյումրիում, Հրազդանում Նոյեմբերանում և այլուր:

Սլավա Ռաֆայելիդիս

Հույների “Իլիոս” համայնքի ղեկավար

ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ

ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Մեր կազմակերպության առաջնային նպատակներից է նպաստել համաեվրոպական ընդհանրական արժեքային համակարգի տարածմանը: Իսկ, ինչպես գիտենք, եվրոպական արժեհամակարգի հիմնական տարրերից է տվյալ հասարակության բոլոր անդամների հավասար ներգրավվածությունը պետության սոցիալ-քաղաքական, մշակութային և մնացած այլ ոլորտներում: ՀՀ-ում առկա հայաստանյան ազգային փոքրամասնությունների, նրանց շահերը ներկայացնող կազմակերպությունների գործունեության մասին տեղեկացվածության բարձրացումը մեր հասարակության շրջանում կարևոր խնդիր է: Մյուս կողմից մեր նպատակներից է նաև նպաստել ՀՀ-ում գործող և եվրաինտեգրմանը աջակցող հայաստանյան ազգային փոքրամասնությունների շահերը ներկայացնող կազմակերպությունների արդյունավետ գործունեությանը և ակտիվորեն համագործակցել նրանց հետ: Հետևաբար մենք մեր պարտքն ենք համարում մեր ունեցած ռեսուրսների սահմաններում հնարավորինս հասնել նշված նպատակներին: Կարդալ ավելին…