ՀՀ եվրաինտեգրումն՝ ըստ ՀՀ նախագահի թեկնածուների

Ներկայացնում ենք ՀՀ նախագահի թեկնածուների նախընտրական ծրագրերում եվրաինտեգրմանն առնչվող հատվածները:

Նյութում ներառված են միայն թեկնածուների կողմից հրապարակված դրույթները: Եվրաինտեգրման շուրջ ունեցած մոտեցումներն ըստ թեկնածուների ներկայացվում են այբբենական կարգով եւ առանց մեկնաբանությունների:

ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանն իր նախընտրական ծրագրի «ՀՀ արտաքին քաղաքականության ուրվագծեր» հատվածում նշում է.

«Արտաքին հարաբերություններում ՀՀ-ի պետական եւ ազգային ռազմավարական շահերը ներկայումս թելադրում են հավասարակշիռ և կառուցողական հարաբերությունների հաստատում Հարավային Կովկասում ուրույն շահեր հետապնդող բոլոր գերտերությունների (Ռուսաստան, ԱՄՆ, Չինաստան, Եվրամիության անդամ երկրներ) և նրանց կողմից ստեղծված ռազմաքաղաքական և տնտեսական կառույցների հետ:

Հայաստանը առավելագույնս պետք է խորացնի ինչպես ԵՄ ազատ առևտրի ռեժիմի, այնպես էլ` ԱՊՀ-ի հետ տնտեսական հարաբերությունների ինտեգրման խորացման գործընթացները։ Այնուամենայնիվ, Հայաստանը որևէ կողմի չպետք է թույլ տա հարաբերությունների այնպիսի մակարդակ, ինչը կբացառի հարաբերությունների զարգացումը մեկ այլ կողմի հետ»:

ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանն իր «ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԱՀԵՆՔԸ » անվանումը ստացած նախընտրական ծրագրում նշում է.

«Արտաքին հարաբերութիւնների կողմնորոշիչներից կարեւորագոյնը.

Հայաստանի պաշտոնապէս ազդարարած եւրոպական արժեքային համակարգին հաւատարմութիւնն է։ Ըստ այդմ դէպի Եւրոպական Միութիւն ընթացքը կլինի Հայաստանի արտաքին քաղաքականութեան ռազմավարութեան հիմքերի հիմքը։

Դա սակայն չի կարող իրականացուել Ռուսաստանի եւ Պարսկաստանի հետ աւանդական հարաբերութիւնները սահմանափակելու կամ նուազեցնելու հաշուին։ Մասնաւորապէս հայ – ռուսական հարաբերութիւնները պէտք է տեղափոխուեն բնականոն հարաբերութիւնների հարթութիւն»:

ՀՀ նախագահի թեկնածու Արամ Հովհաննիսյանի՝ եվրաինտեգրմանն առնչվող մոտեցումներն էլեկտրոնային միջոցներով պարզել չհաջողվեց:

ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական ծրագրի եվրաինտեգրմանն առնչվող հատվածները.

«Տնտեսական զարգացման, երկրի քաղաքական ու տնտեսական անկախության, անվտանգության բարձրացման եւ երաշխավորման անհրաժեշտ նախապայման հանդիսացող էներգետիկ աղբյուրների դիվերսիֆիկացումը, էներգիա արտադրող հզորությունների մեծացումը, վերականգնվող էներգետիկայի խրախուսումը, տարածաշրջանային ծրագրերում Հայաստանի առավել գործուն ներգրավումը, երկրի էներգետիկ անվտանգության շաղկապումը եվրոպական անվտանգության հետ:

Հեռանկարում Իրան-Հայաստան-Վրաստան-Ուկրաինա-Եվրոպա լայնատրամագիծ գազատարի կառուցման միջոցով ՀՀ էներգետիկ անվտանգության ապահովում, ինչպեսեւ դրա արդյունքում պետական բյուջեի մուտքերի ավելացում տարեկան 600 մլն դոլարի չափով:

Առաջանցիկ զարգացող, համաշխարհային եւ, հատկապես, եվրոպական տնտեսությանը սերտաճած ազատ շուկայական տնտեսությունը, որը ձերբազատված է ստվերից, կոռուպցիայից, մենաշնորհներից եւ անխափան հիմք է մարդկային կայուն զարգացման, անվտանգության ապահովման, բոլոր ճյուղերում բյուջետային եկամուտների ավելացման ու ծախսերի մեծացման, պետական համակարգերի տեխնիկական ու ինովացիոն վերազինման համար:

Ժողովրդավարական, մրցակցային, մասնակցային հիմունքների ու բազմակարծության վրա խարսխված քաղաքական համակարգը եւ քաղաքացիական հասարակությունը, որը սերտաճած է միջազգային ու եվրոպական համապատասխան համակարգերին, ունի հասարակական եւ պետական մակարդակներով արագ արձագանքման ու քաղաքական որոշումներ կայացնելու արդյունավետ մեխանիզմներ, միջազգային բեմահարթակներում վարվող ճկուն, բազմամակարդակ, փոխլրացնող (պետականից մինչեւ խորհրդարանական, ժողովրդական ու ոչ կառավարական կազմակերպությունների դիվանագիտություն), ազգային ու պետական շահի վրա հիմնված, հանրային լիազորմամբ արտաքին քաղաքականություն:

Եվրոպական կառույցների հետ փոխշահավետ գործակցության, փոխըմբռնման ու փոխօգնության բարձր աստիճանի ձեռքբերում եւ երկկողմ հարաբերությունների հաստատում` որպես արտաքին եւ ներքին քաղաքականության հիմնական ու հեռանկարային ուղղություն:

Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում ստորագրված` ԵՄ-Հայաստան Գործողությունների ծրագրի արդյունավետ կենսագործում, «Արեւելյան գործընկերության» շրջանակներում ԵՄ-Հայաստան ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունների արագ ավարտում, ազատ ու համապարփակ առեւտրի համաձայնագրի եւ այլ բաղադրիչների իրականացում»:

ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանն իր նախընտրական ծրագրում նշում է.

«ԵՎՐԱՄԻՈւԹՅՈւՆ

Եվրամիութան համար օրախնդիր է ցանկացած գնով երաշխավորել Հարավային Կովկասով անցնող հաղորդակցության ուղիների, այդ թվում նավթամուղների ու գազամուղների անխափան աշխատանքը: Քանի լուծում չի ստացել ԼՂ հիմնախնդիրը և մեծ է պատերազմի վերսկսման վտանգը, Ռուսաստանը շրջանցող այդ հաղորդակցության ուղիները չեն կարող լինել վստահելի: Այս իրավիճակի շարունակական պահպանումը կհանգեցնի Եվրամիության` Ռուսաստանից կախվածությանը և վերջինիս կողմից վերահսկելի կդարձնի Եվրամիության Հարավ-Արևելյան Ասիայի աշխատանքի և ապրանքների սպառման շուկաների հետ կապ ունենալու համար անհրաժեշտ ցամաքային ուղիները: Այսինքն, Եվրամիությունը կհայտնվի իր տնտեսական զարգացումը և միջազգային կապերի հաստատումը սահմանափակող զսպաշապիկի մեջ: Այս վտանգն է ստիպում Եվրամիությանը ԼՂ հիմնախնդրի լուծումները փնտրել ոչ իրավական հարթության վրա` անտեսելով նաև ավելի քան կես միլիոն ադրբեջանահայ փախստականների ոտնահարված իրավունքներն ու շահերը, ԼՂՀ ժողովրդի անկախ պետություն կառուցելու կամքն ու նպատակը:

ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանն իր նախընտրական ծրագրի «Արտաքին քաղաքականությունը դեպի Ապահով Հայաստան ճանապարհին» հատվածում նշում է.

«Մեր մշտական ուշադրության կենտրոնում են լինելու՝

Եվրամիության հետ մերձեցման քաղաքականության շարունակումը, եվրոպական պետությունների հետ հարաբերությունների առավել ամրապնդումը»:

ՀՀ նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանն իր հարցազրույցներից մեկում նշում է.

«Նախագահի թեկնածու վարդան Սեդրակյանը նախագահ ընտրվելու դեպքում կողմ է լինելու, որ Հայաստանն անդամակցի Եվրասիական միությանը: Թեկնածուն կարծում է, որ միությանը անդամագրված պետությունների հետ Հայաստանը երկար տարիներ գործակցել է ու նրանք հուսալի դաշնակիցներ կարող են լինել:

Վարդան Սեդրակյանը դեմ է այն կարծիքին, որ հնարավոր է անդամակցել և Եվրամությանը և Եվրասիական միությանը: Թեկնածուի խոսքով` պետք չէ կոմպլեմենտար քաղաքականություն վարել, Եվրազեսի շրջանակը բավարար է մեծ շուկա ապահովելու համար: Կգործակցի Եվրազեսի հետ, սակայն կա նախապայման: Սեդրակյանի առաջարկած մոդելում կարևոր են Ռուսաստանի հետ հարաբերություններն ու սահմանի հարցը: Իր կառավարման ընթացքում Հայաստանը կմիանա Եվրասիական միությանը, եթե Ռուսաստանի հետ ցամաքային սահման ունենա»:

“Եվրոպական ինտեգրացիա” ՀԿ