Կայացած պետության նոր ուղին. Ղազախստանի ռազմավարություն՝ 2050

Այսօր ՀՀ Կառավարման պետական ակադեմիայում տեղի է ունեցել կլոր սեղան “Կայացած պետության նոր ուղին. Ղազախստանի ռազմավարություն՝ 2050″ թեմայի շուրջ, որը կազմակերպվել է “Եվրոպական ինտեգրացիա” ՀԿ կողմից ՀՀ-ում Ղազախստանի դեսպանատան աջակցությամբ “Ղազախստան. հաջողության գաղտնիքները” ծրագրի շրջանակներում:

Միջոցառումն սկսվեց մեկ րոպե լռությամբ նախօրեին Ղազախստանում CRJ-200 ինքնաթիռի ավիվթարի զոհերի հիշատակը հարգելով: Մասնակիցներին ողջույնի խոսքով դիմել են ՀՀ-ում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Ա. Ե. Բոզժիգիտովը և Կառավարման ակադեմիայի ռեկտոր Ա. Բ. Լոկյանը, ովքեր ընդգծեցին Հայաստանի և Ղազախստանի միջև համագործակցության և տարբեր ոլորտներում փորձի փոխանակման կարևորությունը, մասնավորապես, պետական կառավարման և կրթական հաստատությունների ոլորտներում:

Կլոր սեղանի զեկուցողների և մասնակիցների հիմնական ուշադրությունը կենտրոնացվել է Ղազախստանի ներկայի վրա: Երկիր, որը Հայաստանի հետ միասին մտնում է անվտագության միևնույն համակարգի մեջ (ՀԱՊԿ) և դրսևորում է առաջընթացի զարմանալի տեմպեր: Ահա այս տեմպերի մասին էլ խոսել են զեկուցողները՝ հիմնական շեշտը դնելով ոչ միայն ձեռքբերվածի վրա, այլև նայելով Ղազախստանի ապագային, որը մինչև 2050 թվականն արդեն իսկ ունի ուրվագծված շրջանակներ: Ինչպես հայտնի է, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը ուղերձով դիմել է այդ երկրի ժողովրդին: Ուղերձում նա ներկայացրել է Ղազախստան պետության նոր քաղաքական ուղին և ռազմավարությունը մինչև 2050 թվականը:

ՀՀ-ում Ղազախստանի դեսպանության խորհրդական-դեսպանորդ Կանատ Խասենովը պատմել է այն մասին, որ 1997 թվականին նախագահ Նազարբաևը դիմել է ժողովրդին 2030 թվականի վերաբերյալ ուղերձով, և այն ժամանակ շատերը չէին հավատում, որ ուղերձի կետերը կյանքի կկոչվեն արդեն 2012 թվականին, և որ Ղազախստանը կկայանա՝ որպես ուժեղ և հաջողակ պետություն, որպես պատասխանատու միջազգային գործընկեր: Մինչև 2050 թվականը Ղազախստանը ձգտում է մտնել աշխարհի առաջատար 30 երկրների ցուցակի մեջ, և կգնա այդ նպատակի ուղղությամբ շնորհիվ յոթ կարևորագույն ուղիների իրականացման: Պարոն Խասենովն իր ելույթում նշել է այդ կարևորգույն ուղիները, որոնք և կհանգեցնեն 2050 թվականի ռազմավարությանը: Դրանք են. համընդհանուր տնտեսական պրագմատիզմ, գործարարության համապարփակ աջակցություն, սոցիալական քաղաքականության նոր սկզբունքներ, կրթության և նորարարության ոլորտներում որակյալ թռիչք, պետականության ամրապնդում և ղազախստանյան ժողովրդավարության զարգացում, արտաքին քաղաքականության արդիականացում և ղազախստանյան նոր հայրենասիրության ձևավորում:

“Ալտերնատիվա” հետազոտական կենտրոնի տնօրեն, տնտեսական գիտությունների թեկնածու Թաթուլ Մանասերյանն իր զեկույցում պատմեց Ղազախստան-2050 ռազմավարության տնտեսական հատվածի մասին: Նրա խոսքերով, ճգնաժամերի պայմաններում ակնհայտ է դառնում, որ հին միջոցներով ելքն անհնար է, պետք են նոր մեխանիզմներ, և այս համատեքստում ուշադրության է արժանի Նուրսուլթան Նազարբաևի ռազմավարությունը, որում ներկայացված են նոր միջոցներ, պրագմատիկ առաջարկներ, որոնք արդիական են աշխարհի շատ երկրների համար:Զեկուցողը ներկաներին ծանոթացրեց Ռազմավարություն-2050-ում նշված 21-րդ դարի 10 գլոբալ մարտահրավերներին, որոնք, նրա խոսքերով, էական են աշխարհի բոլոր երկրների համար, այդ թվում՝ Հայաստանի. պատմական ժամանակի արագացում, գլոբալ ժողովրդագրական անհավասարակշռություն, գլոբալ պարենային անվտանգության սպառնալիք, խմելու ջրի սուր պակաս, գլոբալ էներգետիկ անվտանգություն, բնական պաշարների սպառվելիություն, երրորդ արդյունաբերական հեղափոխություն, աճող սոցիալական անկայունություն, մեր քաղաքակրթության արժեքների ճգնաժամ, նոր համաշխարհային ապակայունացման սպառնալիք: Սակայն, զեկուցողի խոսքերով, Ղազախստանը ոչ միայն ուրվագծում է մարտահրավերները, այլև իրավիճակից ելնելու ուղիներ է առաջարկում: Մանասերյանի խոսքերով, Ղազախստանի տնտեսական դրության առաջընթացը պատահական չէ, և այն, անկասկած, հարգանք է ներշնչում:

“Եվրոպական ինտեգրացիա” ՀԿ նախագահ Կարեն Բեքարյանը Ղազախստան-2050 ռազմավարությունը գնահատեց մի մարդու տեսանկյունից, ով եղել է այդ երկրում և զրուցել այնտեղ հասարակ մարդկանց հետ, որոնք “իրենց մաշկի վրա” են զգում բոլոր այն փոփոխությունները, որոնց մասին խոսեցին զեկուցողները: Նրա խոսքերով, բազմաթիվ վերլուծաբաններ և փորձագետներ, պատասխանելով այն հարցին, թե “ո՞րն է Ղազախստանի հաջողության գրավականը”, ասել են. “հավակնությունը”: Իհարկե, հաջողության համար կան և´ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ. հարուստ երկիր, Ղազախստանի ղեկավարության հստակ քաղաքականություն, որոնց շնորհիվ հավակնորդ նպատակները հասնում են հավակնորդ արդյունքների: “Մենք սովոր ենք, որ կարող ենք ծրագրավորել առավելագույնը 5 տարվա համար: Ղազախստանը քանդեց այդ կարծրատիպը և ծրագրավորում է 35 տարվա համար”, ինչպես ասվում է ռազմավարության մեջ, “ուժեղ պետությունն զբաղվում է ոչ թե գոյատևելու քաղաքականությամբ, այլ ծրագրավորման”:

Զեկույցներից հետո տեղի ունեցավ հետաքրքիր քննարկում, որի ընթացքում շոշափվել են ԱՀԿ և Մաքսային միությանը, ԵՄ-ին և ԵվրԱզԷՍ-ին անդամակցելու, Ղազախստան պետական ծառայության մեխանիզմների, հետխորհրդային Ղազախստանի նման առաջընթացի պատճառների և գաղտնիքների մասին հարցեր: Ինչպես իր խոսքում նշեց ՀՀ-ում Ղազախստանի դեսպան Բոզժիգիտովո, “գոյություն չունի ԵՄ, թե ԵվրԱզԷՍ երկընտրանք, գոյություն ունի տնտեսական պրագմատիզմ, որը վճռում է այս կամ այն քայլերը”:

Նշենք, որ “Ղազախստան. հաջողության գաղտնիքներ” ծրագիրը ենթադրում է նման քննարկումների իրականացում ոչ միայն Երևանում, այլև ՀՀ այլ շրջաններում:

Կ.Օհանյան

Աղբյուրը՝ “Առմեդիա” ՏՎԳ