«ԳՐՔԻ ՀԱՐԹԱԿ» ՆԱԽԱԳԻԾԸ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

«Գրքի հարթակ» նախագիծը, որ մշակութային երկխոսություն է ինչպես ԵՄ երկրների, այնպես էլ Միջերկրական ծովի ԵՄ անմիջական հարևանների հետ, ներկայացվել է հունվարի 16-ին Հայաստանում, Խնկո Ապոր ազգային մանկական գրադարանում:

Նախագծի գաղափարը համահունչ է տարածաշրջանի կայուն զարգացման գործում մշակույթի դերակատարմանն աջակցելուն և Եվրոպական Միության հետ համատեղ Արևելյան գործընկերության տարածաշրջանի պետական հաստատությունների, քաղաքացիական հասարակության, մշակութային և ակադեմիական կազմակերպությունների համագործակցությունը խթանելուն ուղղված Արևելյան գործընկերության մշակութային ծրագրի ընդհանուր նպատակին:

«Գրքի հարթակ» նախագիծն իրականացնում է Next Page հիմնադրամը՝

Եվրոպական Միության արևելյան գործընկերության մշակութային ծրագրի աջակցությամբ:

«Next Page» հիմնադրամի տնօրեն Յանա Գենովան ներկայացրել է նախագիծը և 2012 թվականի ընթացքում իրականացված աշխատանքը: Այդ տարի Հայաստանը նշում էր Հայկական գրատպության 500-ամյակը:

Նա բացատրել է, որ նախագծի նպատակն է կազմել մշակութային այնպիսի ծրագրեր, որոնք վերաբերում են գրքին, ընթերցանությանը և թարգմանչությանը:

«Արևելյան գործընկերության ծրագրի ժողովրդավարության զարգացման քաղաքականության շրջանակներում ԵՄ-ն վերջերս ներառել է նաև մշակութային ծրագրեր, հետևաբար մեր նածագիծը կոչված է նպաստելու Արևելյան հարևանության երկրներում մշակութային զարգացմանը: Ծրագիրն արդեն մեկ տարի է իրականացվում է Հայաստանում, Ուկրաինայում և Վրաստանում և կշարունակվի ևս 1,5 տարի»:

Յուրաքանչյուր երկրում նախագիծը համագործակցում է տեղական գործընկերի հետ: Հայաստանյան գործընկերը Հրատարակիչների ասոցիացիան է:

Գրքի հարթակի կարողությունների զարգացման գործունեությունը կենտրոնացած է ուսուցողական միջոցառումների վրա: Նախագիծը ընդհանուր առմամբ նախատեսում է 2-3-օրյա 9 սեմինար` ներառելով միջազգային և տեղական ուսուցանողների և համաուսուցանողների:

Նախատեսված են նաև այլ ծրագրեր, այդ թվում՝ խմբագիրների այցելություններ: Այս այցելությունները ներառում են եվրոպական երկրների և տարածաշրջանի շուրջ 10 խմբագիրների, հրատարակիչների, մշակութային լրագրողների 5-օրյա աշխատանքային այցելությունները դեպի ծրագրի գործընկեր երեք երկրներ: Կան նաև վերաորակավորման և այլ ծրագրեր:

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի տնօրեն Ռուզան Տոնոյանը ասել է, որ ծրագրի շրջանակներում իրականացված ուսումնասիրության տվյալներով, գրքի նկատմամբ հետաքրքրությունը 2012 թվականին աճել է:

«Խորհրդային Միության ժամանակ Հայաստանը համարվում էր ամենաընթերցասեր երկիրը: Միության փլուզումից հետո հայերի շրջանում հետաքրքրվածությունն ընթերցանության նկատմամբ նվազել էր, մինչդեռ այսօր նման նախագծերի շնորհիվ առաջընթացն ակնհայտ է»:

«Next Page» հիմնադրամը ստեղծվել է 2001 թվականին: Մինչ այժմ աջակցել է 271 գրքերի թարգամնությանը 20 լեզուներով, իրականացրել է հրատարակչական և թարգմանչական 43 ուսումնասիրություն և իր հետաքրքրության շրջանակներում մասնակցել է ավելի քան 20 ուսուցողական միջոցառումների, աշխատաժողովների, հանրային քննարկումների, համաժողովների և այլ միջոցառումների: Հիմնադրամի կենտրոնը գտնվում է Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում:

14.02.2013

Աղբյուրը` Eunewsletter.am