Հայաստանի քրդերը

Հին ժամակներից ի վեր այս տարածաշրջանում բնակվել են նաև քրդեր: Բարեբախտաբար հայ ժողովուրդը ձեռք բերեց իր անկախությունը, պետականությունը, այդ թվում նաև իր տարածքում բնակվող քուրդ ժողովրդի մի հատվածը: Քրդերն իրենց մասնակցությունն են ունեցել անկախացման գործընացներին: Նորանկախ պետությունում ստեղծվեցին նախադրյալներ, որպեսզի մեր քուրդ հատվածը զարգացում ապրի կյանքի բոլոր ուղղություններում:

Հայաստանում կան 21 քրդաբնակ գյուղեր, ինչպես նաև Արմավիրի, Կոտայքի, Արարատի և այլ մարզերում քրդական որոշ բնակչությամբ բնակավայրեր:

Անդրադառնալով գիտակրթական, մշակութային գործունեությանը, հարկ եմ համարում նշել, որ քրդերն իրենց զարգացման կենտրոններից ունեցել են նաև Հայաստանում, ինչը եղել է թե հայ ժողովրդի պետականության բացակայության ժամանակ, թե պետականության ձեռքբերումից հետո:

Այստեղ ստեղծվել է այբբենական կրթական համակարգը, ստեղծվել է թարգմանական և ինքնուրույն գրականություն, որն ի դեպ տպագրվում է պետպատվերի շրջանակներում: Հրատարակված գրականության քանակն անցնում է մի քանի հարյուրը: Հայաստանի Գրողների միությանը կից եղել և ներկայումս էլ շարունակում է գործել քուրդ գրողների բաժանմունքը: Նշեմ, որ 1930թ-ից լույս է տեսնում քրդական “Ռիա թազա” թերթը, որն այժմ ֆինանսական խնդիրների պատճառով լույս է տեսնում ամսական 1-2 անգամ է՝ պետության միջոցներով: Լույս է տեսնում նաև քրդական հայերեն “Զագրոս” թերթը, որն արտացոլում է ինչպես Հայաստանի, այնպես էլ այլ երկրներում ապրող քրդերի վիճակը:

Քրդերի կյանքում մեծ դեր է խաղում Հայաստանի Հանրային Ռադիոյի քրդական հաղորդումների բաժինը:

Ինչ վերաբերում է դպրոցներին, նշեմ որ կան հայկական դպրոցներ, որտեղ նախատեսված են տվյալ ազգային փոքրամասնության, տվյալ դեպքում քրդերի, մայրենի լեզվի դասընթացներ: Դպրոցներում դասավանդումն ընթացել է երեք փուլերով՝ խոսքը գրատեսակի մասին է: Առաջինը՝ հայատառ փուլն է՝ 1921-29 թթ., 1929-ից լատինատառ փուլն է սկսվել, իսկ 1944-ից` կիրիլիցայի փուլը: Անկախության շրջանում վերականգնվեց լատինատառ այբուբենը և գրականությունը սկսեց տպագրվել լատինատառ այբուբենով: Իսկ լատինատառով քրդական դասագրքերի տպագրումը նախաձեռնեցի ինքս:

Մշակութային նախաձեռնություններին ի դեմս փառատոնների, ցուցահանդեսների Հայաստանի քրդական համայնքը մշտապես մասնակցություն է ցուցաբերում: Հարկ եմ համարում նշել “Զարե” ֆիլմի մասին, որ նկարահանվել է 1926թ.-ին Համո Բեկնազարյանի կողմից: Այն հայկական երկրորդ ֆիլն էր և անդրադարձել է քրդական թեմային: Ժամանակին գյուղերում գործել են նաև քրդական թատրոններ, որոնցում հայ և քուրդ ստեղծագործողների պիեսներ են ներկայացվել:

 ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտում առկա է քրդագիտության բաժին, որն այսօր ցավոք այնքան էլ ակտիվորեն չի գործում: Ունեցել ենք նաև գիտական բնագավառներում ազգությամբ քուրդ գիտնականներ, որոնք հիմնականում ուսումնասիրել են լեզու, պատմություն, ազգագրություն և բանահյուսություն:

Հայաստանում գործող քրդական հասարակական կազմակերպություններն են “Քուրդիստան կոմիտե”-ն, “Քուրդ մտավորականների կազմակերպություն”-ը և “Հայաստանի Քրդական ազգային խորհուրդ”-ը: Վերջինս նաև համայնքի գործունեությունը համակարգող գործառույթ է կատարում, որի ղեկավարն է Կնյազ Հասանովը:

Հայաստանյան քրդերը ժամանակի ընթացքում մի շարք դժվարություններ են հաղթահարել, որոնցից է հայ հասարակության շրջանում քրդերի վերաբերյալ կարծրատիպերի կոտրումը: Գործող խնդիրներից է քրդագիտության ոլորտում մասնագետների պակասը, քրդական դասագրքերի հրատարակության շարունակականության ապահովումը:

Հայ և քուրդ ժողովուրդների համագործակցության համատեքստում հատկանշական և կարևոր է նաև այն փաստը, որ ՀՀ փոխվարչապետ, Տնտեսական համագործակցության հարցերով հայ-իրաքյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Արմեն Գևորգյանը հանդիպեց Իրաքյան Քուրդիստանի նախագահ Մասուդ Բարզանիի հետ, ինչի ընթացքում քննարկեցին առևտրատնտեսական համագործակցության զարգացման հնարավորություններն ու հեռանկարները:

Մամե Ալիխանե

Քրդական “Զագրոս” թերթի գլխավոր խմբագիր

ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ

ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Մեր կազմակերպության առաջնային նպատակներից է նպաստել համաեվրոպական ընդհանրական արժեքային համակարգի տարածմանը: Իսկ, ինչպես գիտենք, եվրոպական արժեհամակարգի հիմնական տարրերից է տվյալ հասարակության բոլոր անդամների հավասար ներգրավվածությունը պետության սոցիալ-քաղաքական, մշակութային և մնացած այլ ոլորտներում: ՀՀ-ում առկա հայաստանյան ազգային փոքրամասնությունների, նրանց շահերը ներկայացնող կազմակերպությունների գործունեության մասին տեղեկացվածության բարձրացումը մեր հասարակության շրջանում կարևոր խնդիր է: Մյուս կողմից մեր նպատակներից է նաև նպաստել ՀՀ-ում գործող և եվրաինտեգրմանը աջակցող հայաստանյան ազգային փոքրամասնությունների շահերը ներկայացնող կազմակերպությունների արդյունավետ գործունեությանը և ակտիվորեն համագործակցել նրանց հետ: Հետևաբար մենք մեր պարտքն ենք համարում մեր ունեցած ռեսուրսների սահմաններում հնարավորինս հասնել նշված նպատակներին: Կարդալ ավելին…

Հայաստանում Հունական համայնքի պատմությունը և ներկայիս կառուցվածքը

Հայաստանի Ասորիները

Հայաստանի գերմանացիների “Տևտոնիա” մշակութային հասարակական կազմակերպություն