Մինչև մայիս Ուկրաինայից առաջընթաց է ակնկալվում

2013թ. փետրվարի 25-ին Բրյուսելում կայացել է ԵՄ-Ուկրաինա 16-րդ գագաթաժողովը: ԵՄ-ն գագաթաժողովին ներկայացրել են ԵՄ խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպեյը և Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն: Ուկրաինան ներկայացրել է նախագահ Վիկտոր Յանուկովիչը: Նախորդ գագաթաժողովը կայացել էր 2011թ. դեկտեմբերին Կիևում:

ԵՄ-Ուկրաինա հարաբերություններում Ուկրաինայի նախկին վարչապետ Տիմոշենկոյի ձերբակալությունից և 2012թ. հեկտեմբերին խորհրդարանական ընտրություններից հետո զգալի սառնություն նկատվեց: Հիշեցնենք, որ դեռևս 2012թ.-ի մարտի 30-ին հայտարարվեց, որ ԵՄ-ն և Ուկրաինան ավարտել են Ասոցացման համաձայնագրի համաձայնեցումը և պատրաստ են ստորագրման: Սակայն, հետընտրական զարգացումների արդյունքում ԵՄ-ն Ուկրաինայի կողմից արձանագրեց հետընթաց ժողովրդավարական արժեքների և օրենքի գերակայության ապահովման հարցերում և սառեցրեց գործընթացը:

Ուկրաինային առաջադրվեցին երեք հիմնական նախապայմաններ, որոնց բավարարումը մինչև 2013թ. նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք Արևելյան գործընկերության ծրագրի գագաթաժողովը, հնարավոր կդարձնի Ասոցացման համաձայնագրի ստորագրումը: Այդ նախապայմաններն ամրագրվեցին նաև ԵՄ-Ուկրաինա 16-րդ գագաթաժողովի ժամանակ՝ հղում կատարելով 2012թ. դեկտեմբերի 10-ի ԵՄ արտաքին հարաբերությունների խորհրդի եզրակացություններին:

2012թ. դեկտեմբերի 10-ի՝ Ուկրաինային վերաբերող եզրակացություններում, մասնավորապես ասվում է. «Խորհուրդը վերահաստատում է ԵՄ-ի համագործակցությունն Ուկրաինայի հետ Արևելյան գործընկերության համատեքստում՝ ուղղված քաղաքական ասոցացմանը և տնտեսական ինտեգրմանը՝ հիմնվելով ընդհանուր արժեքների հանդեպ հարգանքի, Ուկրաինայի եվրոպական հոգու և վերջինիս եվրոպական ընտրությունը ողջունելու վրա: Խորհուրդը վերահաստատում է 2012թ. մայիսին կայացած քննարկումների արդյունքները՝ հայտարարելով, որ Ուկրաինայի հետ հարաբերությունները կանխորոշված կլինեն նրա գործողություններով և կգնահատվեն երեք ոլորտներում նրա արձանագրած առաջընթացի հիման վրա.

- 2012թ. խորհրդարանական ընտրությունների և հետընտրական գործողությունների համապատասխանությունը միջազգային չափորոշիչներին,

- խտրական արդարադատության և դրա կրկնման կանխարգելումը,

- Ասոցացման օրակարգով նախատեսված բարեփոխումների իրականացումը»:

Գագաթաժողովի արդյունքում ընդումնված համատեղ հայտարարության մեջ նշվում է, որ Ուկրաինայից այս հարցերում զգալի առաջընթաց է ակնկալվում մինչև ընթացիկ տարվա մայիսը:

Ընդհանուր առմամբ, արձանագրվել է Ուկրաինայի կողմից կատարած զգալի առաջընթացը մի շարք ոլորտներում բարեփոխումների իրականացման հարցում: Ղեկավարների կողմից ևս մեկ անգամ ընդգծվել է Խոր և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման համար անհրաժեշտ բարեփոխումների կարևորությունը և բոլոր այն գործողությունների կանխարգելումը, որոնք կարող են հակասել վերջինիս ոգուն:

Գագաթաժողովի ժամանակ ելույթներով հանդես են եկել ԵՄ խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպեյը և Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն: Նրանք նշել են, որ գագաթաժողովն անց է կացվում ԵՄ-Ուկրաինա հարաբերությունների համար կարևոր պահին և այն պահին, երբ հստակեցվում են ԵՄ-ի հարաբերությունները ԱլԳ երկրների հետ Վիլնյուսում կայանալիք գագաթաժողովին ընդառաջ: Ռոմպեյը նշել է, որ սա պատմական հնարավորություն է թռիչք արձանագրել Ուկրաինա-ԵՄ հարաբերություններում՝ մինչև Վիլնյուսի գագաթաժողովը ստորագրելով Ասոցացման և ԽՀԱԱԳ համաձայնագրերը: Նա նշել է, որ սա իր տեսակի մեջ ամենաառաջադեմ համաձայնագիրն է, որ երբևէ բանակցվել է ԵՄ-ի կողմից:

ԵՄ-Ուկրաինա 16-րդ գագաթաժողովն, այսպիսով, կոչված էր ամփոփել Ուկրաինայի՝ մինչ այժմ ունեցած առաջընթացն ու փաստել Ասոցացման համաձայնագրի ստորագրումը մինչև Վիլնյուսի գագաթաժողովը: ԵՄ-ն ընդգծեց Ուկրաինայի հետ համագործակցության կարևորությունն իր համար մի շարք, այդ թվում` էներգետիկ ոլորտում, միաժամանակ մատնանշելով անհրաժեշտ այն շտկումները, որոնք հնարավորություն կտան վերադարձնել Ուկրաինայի առաջատար դերը ԱլԳ երկրների շարքում և կատարել քայլ առաջ ասոցացման ու ինտեգրման գործընթացում:

Աննա Կարապետյան