ԵՐԵՎԱՆ. «ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՇՏԵՑՈՒՄԸ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ-ԱՐԵՎԵԼՅԱՆ ԵՎՐՈՊԱՅԻ ԿԻՆՈՄՇԱԿՈՒՅԹՈՒՄ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Երևանում փետրվարի 13-ին բացվեց «Հակամարտությունը և հաշտեցումը Կենտրոնական-Արևելյան Եվրոպայի կինոմշակույթում» միջազգային կինոփառատոնը:

Փառատոնը մեկնարկեց «Գալիցիայի երեք պատմությունները» ֆիլմի ցուցադրությամբ «Մոսկվա» կինոթատրոնի կապույտ դահլիճում:

Այս տարվա փետրվարի 13-ից մինչև ապրիլի 10-ը Եվրոպայի և ԱՄՆ հայտնի ֆիլմարտադրողների 9 մրցանակակիր ֆիլմեր, որոնք անդրադառնում են հակամարտության, հաշտեցման, մարդկային խիզախության, կարեկցանքի զգայուն թեմաներին, ցուցադրվում են «Մոսկվա» կինոթատրոնի կարմիր դահլիճում:

Կինոփառատոնի նպատակն է կինոարվեստի միջոցով հայաստանյան հասարակությանը և մասնավորապես երիտասարդներին ներկայացնել Կենտրոնական-Արեւելյան Եվրոպայում հակամարտություններից և հաշտեցումից քաղված դասերը:

ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Հենրիետ Արենսն ասել է. «Արվեստը հզոր գործիք է: Այս ֆիլմերից շատերն առաջին անգամ են ցուցադրվում Հայաստանում, և դրանք ներկայացնում են մարդկային սրտառուչ պատմություններ: Եկեք ոգեշնչվենք այն մարդկանց օրինակով, ովքեր ունեցան այլ մարդկանց մասին հոգ տանելու քաջություն՝ սովորական մարդիկ, ովքեր արտասովոր քայլեր արեցին՝ պաշտպանելու մարդկային արժանապատվությունը: Նրանց օրինակը կարող է օգնել մեզ այսօր կառուցելու ավելի լավ աշխարհ»:

«Մոսկվա» կինոթատրոնի ղեկավարության աջակցության շնորհիվ ֆիլմերի ցուցադրությունն անվճար է, և փառատոնը բաց է բոլորի համար:

Կինոփառատոնը հնարավոր է դարձել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի, Բուլղարիայի, Չեխիայի, Գերմանիայի, Լիտվայի, Լեհաստանի, Ռումինիայի եւ Ուկրաինայի դեսպանությունների համատեղ ջանքերով:

Ցուցադրվելիք ֆիլմերն են.

Փետրվարի 27 – “Վարդը” (Լեհաստան)

Մարտի 6 – “Աշխարհի վերջից հետո” (Բուլղարիա)

Մարտի 13 – “Գրուբերի ճանապարհորդությունը” (Ռումինիա)

Մարտի 20 – “Կրակի վրայով անցնողը” (Ուկրաինա)

Մարտի 27- “Անձրևից առաջ” (Մակեդոնիա)

Ապրիլի 3 – “Շնորհավոր Սուրբ Ծնունդ” (Գերմանիա)

Ապրիլի 10 – “Փրկարարները” (ԱՄՆ)

27.02.2013