Իտալիային նոր ընտրություննե՞ր են սպառնում

Փետրվարի 24-25-ին Իտալիայում անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքները բավական բարդ իրավիճակ են ստեղծել: Քվեների 100%-ի մշակման արդյունքում հաղթանակ է տարել ձախ-կենտրոնամետ բլոկը Պիեր-Լուիջի Բերսանիի գլխավորությամբ՝ հավաքելով քվեների 29,54%-ը: Նրանից աննշան տարբերությամբ երկրորդ տեղում է նախկին վարչապետ Սիլվիո Բերլուսկոնիի գլխավորած աջ-կենտրոնամետ կոալիցիան՝ 29,18%: Ի զարմանս բոլորի, երրորդ տեղում է բլոգեր, դերասան Բեպե Գրիլլոյի ղեկավարած «5 աստղ շարժումը»՝ 25,55%, իսկ լուծարված կառավարության ղեկավար Մարիո Մոնտիի կենտրոնամետ ուժերը ստացել են միայն 10,56%:

Իրավիճակի բարդությունն այն է, որ Բերսանին փաստացի մեծամասնություն է ստանում Ներկայացուցիչների պալատում, սակայն Սենատում ուժերից ոչ մեկը մեծամասնություն չունի: Ըստ 2006թ.-ին ընդունված օրենքի` խորհրդարանական ընտրություններում առաջին տեղ զբաղեցրած ուժը նույնիսկ նման արդյունքի դեպքում ստանում է Ներկայացուցիչների պալատի տեղերի 55%-ը: Բերսանին, այսպիսով, իրավունք է ստանում վարչապետ նշանակել: Սենատում Բերլուսկոնին և Բերսանին գրեթե հավասար քանակությամբ տեղեր են ստանում: Փորձագետները կարծում են, որ նման իրավիճակը, երբ Ներկայացուցիչների պալատն ու Սենատը ղեկավարում են մրցակից ուժեր, կարող է երկրում անկայունության հանգեցնել և, եթե կոալիցիոն կառավարության ձևավորման հարցում հաջողություն չարձանագրվի, նոր ընտրությունների անցկացումը կարող է անխուսափելի դառնալ:

Ինչ վերաբերում է կոալիցիային, համաձայնություն կարծես թե չկա: Այսօր Բերսանին հայտարարել է, որ ոչ մի հանգամանքներում չի համաձայնի կոալիցիա ձևավորել Բերլուսկոնիի հետ: Բերլուսկոնին, իր հերթին, դեմ չի արտահայտվել կոալիցիային, սակայն որոշ պայմաններով: Բերսանիի մյուս հավանական գործընկեր Գրիլլոն հայտարարել է, որ ցանկություն չունի համագործակցել որևէ կուսակցության հետ: «Ձախ-կենտրոնամետներն ու Բերլուսկոնիի կուսակցությունն անհաջողակներ են: Նրանք բեմում էին 30 տարի և հենց նրանք մեր երկիրը աղետի հանգեցրին»,-հայտարարել է Գրիլլոն: Մոնտին կոալիցիայի վերաբերյալ որևէ հայտարարություն դեռևս չի արել:

Աննա Կարապետյան