Ֆրանս-գերմանական հաշտեցման և Ելիսեյան համաձայնագրի 50-ամյակը

Ֆրանս-գերմանական հաշտեցման և Ելիսեյան համաձայնագրի 50-ամյակի կապակցությամբ Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանությունները մարտի 11-ից 15-ը կազմակերպում են ֆրանս-գերմանական շաբաթ, որի մեկնարկը տրվեց երկուշաբթի՝ մարտի 11-ին, Երևանի պետական համալսարանի Գիտական խորհրդի նիստերի դահլիճում՝ “Կերտել ընդհանուր պատմություն. ֆրանս-գերմանական պատմության դասագիրքը” խորագրով անցկացվող սեմինարով:

Ֆրանս-գերմանական հաշտեցման և Ելիսեյան համաձայնագրի 50-ամյակը եվրոպական այս երկու երկրների համար չափազանց կարևոր իրադարձություն է, քանի որ դրա հիմքում ընկած է երկարատև տարիների աշխատանք: Այն հանդիսանում է փոխզիջման և փոխըմբռնման վառ օրինակ: Բացի այդ, ինչպես նշել են դեսպանները, ԵՄ ձևավորման հիմքում ընկած է հենց Ելիսեյան համաձայնագիրը: Բացի դեսպաններից այս հանդիպումների ընթացքում հանդես են եկել նաև Գերմանիայից և Ֆրանսիայից ժամանած չորս մասնագետներ, որոնք նշել են նման հաշտության հասնելու համար անհրաժեշտ մի քանի նախապայմաններ: Դրանք են. քաղաքական էլիտայի և հասարակության առանձին շերտերի միջև երկխոսության մեկնարկ, համագործակցություն տարածաշրջանային մակարդակում, ժամանակ, որպեսզի պատմության որոշակի ցավագին փուլեր հաղթահարվեն, մոռացվեն, պատասխանատվության կիսում կողմերի միջև, սեփական սխալն ընդունելու քաջություն և, որ ամենակարևորն է, քաղաքական կամք:

Այս նշանակալից հոբելյանը տոնելու նպատակով այս շաբաթ նախատեսված միջոցառումներն ընգրկում են ՀՀ-ում Ֆրանսիայի և Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպաններ Անրի Ռենոյի և Ռայներ Մորելի ելույթներ, ֆրանսիացի և գերմանացի կոմպոզիտորների ստեղծագործություններով դասական համերգ, ֆիլմերի ցուցադրություն, զրույց-քննարկում երկու երկրների հարաբերությունների շուրջ:

Արմինե Հարությունյան