ԵՄ ԳԱԳԱԹԱԺՈՂՈՎԸ ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ

Բրյուսելում անց է կացվում ԵՄ անդամ պետությունների և այդ երկրների կառավարությունների ղեկավարների հերթական գագաթաժողովը: Սակայն այդ գագաթաժողովի առաջին օրը, ինչպես և սպասվում էր, ոչ մի արդյունք չտվեց: Այս մասին վկայում են գագաթաժողովի նյութերը և հանդիպման մասնակիցների հայտարարությունները:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵՄ զարգացման տնտեսական առաջնահերթությունների հարցերը: Եվրախորհրդի ղեկավար Հերման վան Ռոմպեյը մամուլի ասուլիսի ժամանակ պատմել է, որ այդ առաջնահերթությունների մեջ մտնում են ֆինանսական կայունության վերականգնումը, պայքարը գործազրկության դեմ, պետական ֆինանսների կայունության ապահովումը: Նրա խոսքերով, խորհրդի ընթացքում խոսվել է նաև հարկերը չվճարելու մասին: Ելնելով գագաթաժողովի արդյունքներով հրապարակված փաստաթղթերից՝ հանդիպման ընթացքում քննարկվել են այնպիսի հարցեր, ինչպիսին են “գոտիները ձգելու” քաղաքականության իրականացումը, տնտեսության վարկավորման վերականգնումը:

Եվրագոտում շարունակվում է ճգնաժամը, ԵՄ-ում ավելանում է սոցիալական լարվածությունը՝ կապված պետական ծախսերի կրճատման հետ, միության ՀՆԱ-ն ընկնում է, փոխարենն աճում է գործազրկությունը:

ԵՄ գագաթաժողովից հետո տեղի է ունեցել եվրագոտու երկրների առաջնորդների գագաթաժողով, որի ընթացքում քննարկվել է տարածաշրջանում ֆինանսատնտեսական դրությունը: Այսօր երեկոյան տեղի կունենա արտահերթ Եվրախումբը՝ նվիրված Կիպրոսի ֆինանսական օգնությանը, որի ընթացքում հնարավոր է պարզաբանվեն վերջինիս ցուցաբերվող աջակցության մանրամասները: Չի բացառվում, որ նախատեսված ֆինանսական օգնության չափը կարող է կրճատվել մոտավոր մինչև 10 միլիարդ եվրո: Հիշեցնենք, որ ավելի վաղ նախատեսվում էր տրամադրել 18 միլիարդ եվրո:

ԵՄ գագաթաժողովը տեղի է ունենում մի շարք եվրոպական երկրներում գործազրկության և ռեցեսիայի դեմ պայքարի ֆոնի վրա: ԵՄ ուղղվածությունը փոխելու վերաբերյալ պահանջները գնալով ավելի բարձր են հնչում:

Եվրոպայում մի շարք առաջատար քաղաքական գործիչներ աստիճանաբար հիասթափություն են ապրում: 2008 թվականի ճգնաժամի սկզբից ԵՄ-ն կոշտ տնտեսության քաղաքականություն է վարում, սակայն լուրջ դրական առաջընթաց դեռևս չի նկատվում: ԵՄ երկրների տնտեսական աճը մնում է չափազանց ցածր, իսկ շատ երկրներ նախկինի պես ռեցեսիա են ապրում, գործազրկությունը Եվրոպայի հարավում սպառնացող ծավալների է հասել: Բրյուսելի օգնության կարիքն ունեցող երկրների թիվը գնալով ավելանում է:

Հիմնական հարցը, որն անհանգստացնում է դիտորդներին, կայանում է նրանում, թե որքա՞ն երկար ԵՄ երկրների բնակիչները պատրաստ կլինեն աջակցել իրենց կառավարությունների ներկայիս քաղաքականությունը: Ընդ որում, ինչպես այն երկրներում, որտեղ անհրաժեշտ է շարունակել տնտեսումը, այնպես էլ կայուն երկրներում, ինչպես Գերմանիան, որոնք պետք է օգնություն ցուցաբերեն պետական բյուջեի հետ խնդիրներ ունեցող երկրներին: Եվ արդյո՞ք Եվրոպային չի սպառնում պառակտում: