ՀՀ-ԵՄ ասոցացման համաձայնագրի բանակցությունների 12-րդ լիագումար նիստը

Մարտի 19-20-ին Երևանում տեղի ունեցավ ՀՀ-ԵՄ ասոցացման համաձայնագրի բանակցությունների 12-րդ լիագումար նիստը: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ, գլխավոր բանակցող Զոհրաբ Մնացականյանը: Եվրոպական կողմից բանակցությունները վարում էր Եվրոպական արտաքին հարաբերությունների ծառայության Արևելյան հարևանության, Ռուսաստանի և Արևմտյան Բալկանների հարցերով տնօրեն Գունար Վիգանդը:

Հանդիպման ընթացքում զգալի առաջընթաց գրանցվեց ապագա համաձայնագրի կառուցվածքային ձևաչափին, ընդհանուր և եզրափակիչ դրույթներին, քաղաքական երկխոսությանը, արտաքին և անվտանգության քաղաքականությանն առնչվող ոլորտների շուրջ: Արձանագրվեց, որ համաձայնեցվել են ոլորտային համագործակցության, ինչպես նաև արդարադատության, ազատության և անվանգության վերաբերյալ բոլոր գլուխներր:

Երկուստեք գոհունակությամբ նշվեց, որ հաջողությամբ ընթանում են նաև Ասոցացման համաձայնագրի բաղկացուցիչ մասը հանդիսացող՝ Հայաստանի և ԵՄ միջև Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտի հիմնելու շուրջ բանակցությունները, որոնց հաջորդ փուլը տեղի կունենա ապրիլին Երևանում:

Կողմերը վերահաստատեցին իրենց մտադրությունը մինչև 2013 թ. Արևելյան գործընկերության Վիլնյուսի գագաթնաժողովը ավարտել Ասոցացման համաձայնագրի` ներառյալ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտի հիմնելու շուրջ բանակցությունները:

Աղբյուր` ՀՀ ԱԳՆ