Ի՞նչ առաջընթաց է արձանագրել Հայաստանը 2012թ.-ին. ԵՀՔ զեկույց

Մարտի 20-ին Եվրոպական հանձնաժողովը հրապարակել է 2012թ.-ին Եվրոպայի հարևանության քաղաքականության մեջ ներգրավված երկրների առաջընթացի զեկույցների ամենամյա փաթեթը: Այն ներառում է Եվրախորհրդարանի, Եվրահանձնաժողովի, Եվրոպայի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի և տարածաշրջանների կոմիտեի համատեղ ուղերձը («Գործընկերությունն ամրացնելու ուղղությամբ աշխատանքը»), որը պարունակում է 2012 թվականին Եվրոպական հարևանության քաղաքականության իրագործման գնահատականը, Հարավային միջերկրականի երկրների, ինչպես նաև Արևելյան գործընկերության երկրների՝ 12 երկրների զեկույցները (2012 թվականի զարգացումներն ու առաջարկվող գործողությունները), ներառյալ Հայաստանի զեկույցը և վիճակագրական տվյալներ:

Նույն օրը Եվրամիության ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն հանդես է եկել Եվրախորհրդարանին ուղղված հայտարարությամբ, ներկայացրել է ԵՀՔ փաթեթը:

Ինչպես նշված է Եվրահանձնաժողովի կողմից տարածված «Եվրոպական հարևանության քաղաքականությունը 2012 թվականի ընթացքում. հարևան պետությունների հետ շարունակ սերտացող համագործակցության հանձնառում՝ անկախ անկայուն քաղաքական և տնտեսական պայմաններից» մամլո հաղորդագրության մեջ, առաջին անգամ փաթեթում ներառվել է նախորդ տարվա առաջարկությունների գնահատումը: Մամլո հաղորդագրության մեջ նշվում է, որ ԵՀՔ տարեկան փաթեթը ցույց է տալիս, որ մի շարք գործընկերներ հավատարիմ են ԵՄ-ն հետ կապերը սերտացնելու իրենց հանձնառությանը, և որ ԵՄ-ն խորացրել է իր օժանդակությունը կարևոր բարեփոխումների ձեռնամուխ գործընկերների նկատմամբ: Նշվում է նաև, որ քաղաքական բարեփոխումները գործընկեր երկրներում հավասար չեն ընթանում, իսկ առաջընթացը դեպի խորը և կայուն ժողովրդավարություն միշտ միանշանակ չէ:

Ինչպես արձանագրվել է մամլո հաղորդագրության մեջ, Մոլդովան, Վրաստանն ու Հայաստանը, շարունակելով ժողովրդավարական բարեփոխումները, անցկացրեցին միջազգային չափանիշներին ընդհանուր առմամբ համահունչ ընտրություններ: Մոլդովայի, Հայաստանի և Վրաստանի հետ ԵՄ-ն շարունակում է բանակցել Ասոցացման համաձայնագրերի և դրա մասը կազմող Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտիների շուրջ: Անցագրային ռեժիմներին և շարժունակության վերաբերող հատվածում ընդգծվում է, որ Հայաստանը տրամադրեց առանց վիզաների մուտքի հնարավորություն ԵՄ քաղաքացիների համար 2013 թվականի հունվարից: Նշվում է, որ Արևելյան հարևանության երկրների առումով ԵՄ-ն սերտացրեց համագործակցությունը 2013 թվականի նոյեմբերի Վիլնյուսի գագաթաժողովում լուրջ արդյունքներ ապահովելու նպատակով:

Եվրախորհրդարանին ուղղված իր ելույթում, Ֆյուլեն նշել է. «Ես կարծում եմ, մենք պետք է մեր ջանքերը կենտրոնացնենք մեր առաջարկները կյանքի կոչելու և գործընկեր երկրներում հանրության հետ հարաբերվելու վրա, որպեսզի նրանք հասկանան, թե հստակ ինչ կարող են շահել ԵՄ-ի առաջարկից»: Նա նաև նշել է, որ ԵՄ-ն պետք է պատասխանի գործընկեր երկրներում բարեփոխումների տարբեր ուղղություններին և տարբեր փուլերում գտնվելուն նույնիսկ ավելի շատ տարբերակելով հարաբերությունները գործընկեր երկրների հետ «ավելին՝ ավելիի դիմաց» սկզբունքին զուգահեռ: Նա ընդգծել է առաջընթացը Խոր և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ Մոլդովայի, Վրաստանի և Հայաստանի հետ բանակցություններում:

Փաթեթում ներկայացրած Հայաստանի առաջընթացի զեկույցում նշվում է. «Հայաստանի Հանրապետության կառավարության հետ քաղաքական երկխոսությունը 2012 թվականին խորացել է: ԵՄ-Հայաստան ասոցացման համաձայնագրի, ներառյալ՝ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու բանակցությունները լավ տեմպով առաջ ընթացան: Հայաստանը շարունակել է մակրոտնտեսական հիմնավոր քաղաքականություն և կառուցվածքային բարեփոխումներ իրագործել: Հայաստանը լրացուցիչ առաջընթաց է արձանագրել մակրոտնտեսական քաղաքականության, աղքատության կրճատման և սոցիալական համերաշխության ոլորտներում Գործողությունների ծրագրի նպատակներին հասնելու ուղղությամբ: Չնայած որ 2012 թվականի մայիսի խորհրդարանական և 2013 թվականի փետրվարի նախագահական ընտրությունները, ընդհանուր առմամբ թափանցիկ էին, Հայաստանը լուրջ ջանք գործադրեց մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների խնդիրների լուծման ուղղությամբ, դեռևս անհրաժեշտ են լրացուցիչ աշխատանքներ, մասնավորապես՝ օրենսդրություն ընդունելու և ի կատար ածելու առումներով»:

Նախորդ տարվա առաջընթացի զեկույցի և խորհուրդների հիման վրա Հայաստանի կողմից իրականացված բարեփոխումներից առանձնացվել է ընտրական գործընթացի բարելավման «ճանապարհային քարտեզ»-ի կազմումը, Մարդու իրավունքների ազգային ռազմավարության ընդունումը և որոշ միջոցառումներ կոռուպցիայի դեմ պայքարի, դատաիրավական համակարգի և պետական կառավարման համակարգի բարեփոխման, ինչպես նաև՝ ոլորտային բարեփոխումների և ԵՄ-ի օրենսդրության նկատմամբ կարգավորող դաշտի մոտարկման ուղղություններով:

2012թ. մայիսի 15-ին հրապարակված Հայաստանի առաջընթացի զեկույցում առկա Հայաստանին ուղղված մի շարք կոչեր պահպանվել են նաև 2012-ի առաջընթացի զեկույցում: Մասնավորապես առանց փոփոխությունների պահպանվել է 2008 թվականի մարտի դեպքերի հետաքննության իրականացման, օրենսդրության մեջ լրատվամիջոցների բազմազանությանն ուղղված ԵԱՀԿ և ԵԽ առաջարկություններին համահունչ փոփոխություններ կատարելու, խտրականության դեմ համապատասխան օրենք ընդունելու, կրոնի և հավատքի ազատության վերաբերյալ օրենքն ավարտին հասցնելու և դրա կյանքի կոչմանն ուղղված քայլերի ձեռնարկման անհրաժեշտության վերաբերյալ կետերը: Անփոփոխ է մնացել նաև Մեծամորի ատոմակայանի փակելու անհրաժեշտության մասին կետը:

Ինչ վերաբերում է ղարաբաղյան հակամարտությանը, 2012թ.-ի զեկույցում պահպանվել են մադրիդյան սկզբունքների շուրջ համաձայնության գալուն ուղղված քայլերի ձեռնարկման, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղ ԵՄ ներկայացուցիչների մուտքի հնարավորության ապահովման կոչերը: Այս տարվա զեկույցում ավելացել է հակամարտության կարգավորման առաջընթացի համար նպաստավոր միջավայրի ձևավորմանը նպաստելու, խաղաղության հաստատման հարակից աշխատանքների իրականացման խրախուսման և օժանդակության կոչը:

Կոռուպցիայի դեմ պայքարի, արդարադատության ոլորտում, հանրային կառավարման և առևտրի ու նպաստավոր տնտեսական մթնոլորտի ապահովման բարեփոխումներին անդրադարձող կետերում արձանագրվում է առաջընթաց և նախանշվում են հետագա քայլերը:

Հատուկ ուշադրության արժանի հարցերի շարքում նշվում է, որ ընդհանուր առմամբ Հայաստանյան իշխանությունները բավական թափանցիկ և մրցակցային խորհրդարանական ընտրություններ անցկացրեցին 2012 թվականի մայիսին և նախագահական ընտրություններ` 2013 թվականի փետրվարին: Ընդհանուր առմամբ հարգվել են արտահայտվելու ազատությունը և հավաքների ազատությունը, սակայն լրատվամիջոցների անկախության մակարդակը դեռևս բավարար չէ: Սահմանափակ քայլեր են իրագործվել բարձր մակարդակներում կոռուպցիայի դեմ պայքարում: Կառավարության և քաղաքացիական հասարակության միջև համագործակցության ներկայիս շրջանակն անբավարար է: Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների տեմպը դանդաղել է: Արձանագրվում է, որ 2012թ.-ին Շփման գծի պատահարները, Սաֆարովի գործը և Լեռնային Ղարաբաղի օդանավակայանի բացումն առաջնահերթությունը փոխել են՝ լուծում որոնելուց անցում կատարելով լարվածությունը մեղմելուն:

Առաջընթացի զեկույցում նշվում է, որ ավարտվել են Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու բանակցությունների երեք փուլերը: Վիզաների դյուրացման համաձայնագիրը ստորագրվել է դեկտեմբերին: Հայաստանը հաստատել է որոշում, որով 2013 թվականի հունվարից վերացվել է մուտքի վիզայի պահանջը ԵՄ-ի քաղաքացիների համար: Ավելացել է ԵՄ-ի կրթական ծրագրերին մասնակցող հայ ուսանողների և հետազոտողների թիվը:

Աննա Կարապետյան