ԵՀՔ առաջընթացի մասին զեկույցների համեմատական՝ ԱլԳ 4 երկրների համատեքստում

Մարտի 20-ին Եվրոպական Հանձնաժողովը (ԵՀ) հրապարակել է ԵՀՔ գործընկեր երկրների առաջընթացի մասին ամենամյա զեկույցները: Հատկանշական է, որ ի հավելումն առաջարկությունների և հանձնարարականների՝ փաթեթն առաջին անգամ ներառում է նաև նախորդ տարվա հանձնարարականների կատարման գնահատում:

Ուշագրավ է նաև փաստը, որ ԵՀ տարածած մամլո հաղորդագրության մեջ ևս մեկ անգամ նշվում է առանձին գործընկեր երկրների առաջընթացի տարբերվող տեմպերն ու բարեփոխումների ուղղվածությունը: Ուստի ԵՀ-ն եզրակացնում է, որ ԵՄ-ն պետք է առավել ընդգծված տարբերակի առանձին երկրների կարիքներին և նկրտումներին իր արձագանքը:

Փորձենք ԵՀՔ երկրների առաջընթացի վերաբերյալ զեկույցների համատեքստում որոշակի համեմատական վերլուծություն անցկացնել ԱլԳ 4 երկրների՝ Հայաստանի, Մոլդովայի, Վրաստանի, Ուկրաինայի միջև (հասկանալի պատճառներով դիտարկման շրջանակներից դուրս ենք թողնում Ադրբեջանը և Բելառուսը):

Գնահատելով ԵՀՔ առաջընթացի վերաբերյալ նախորդ տարվա առաջարկությունների կատարումը՝ Եվրոպական Հանձնաժողովը նշում է, որ Մոլդովան և Վրաստանը անդրադարձել են համապատասխան զեկույցներում տեղ գտած կարևորագույն առաջարկությունների մեծ մասին, Հայաստանը՝ կարևորագույն առաջարկություններից մի քանիսին, մինչդեռ Ուկրաինայի պարագայում ընդգծվում է, որ նախորդ տարվա զեկույցում ներառված առաջարկությունների մեծամասնությունը դեռևս անդրադարձի և համապատասխան աշխատանքի կարիք ունեն:

Եթե ԵՄ օրենսդրության նկատմամբ կարգավորիչ դաշտի մոտարկման ուղղությամբ կատարված աշխատանքների մասին խոսվում է Մոլդովայի, Վրաստանի և Հայաստանի պարագայում, ապա Ուկրաինայի առաջընթացի վերաբերյալ այս տարվա զեկույցում այս չափանիշի գնահատումն ընդհանրապես սղված է:

Կոռուպցիայի առնչությամբ, օրինակ, Մոլդովայի դեպքում նշվում է, որ անհրաժեշտ է բավական լայն դաշտ ապահովել այս ոլորտում առաջընթացի համար, մինչդեռ Հայաստանի զեկույցում ամրագրվում են Մարդու իրավունքների ազգային ռազմավարության ընդունումն ու այս ուղղությամբ ձեռնարկված որոշ միջոցառումներ: Հայաստանում խնդրահարույց է մնում բարձրաստիճան պաշտոնյաների շրջանում կոռուպցիայի դեմ պայքարը:

Ինչ վերաբերում է ոլորտային առաջընթացի մասին դրույթին, ապա այն Ուկրաինայի դեպքում բացակայում է, այնինչ գրեթե նույն ձևակերպումն է ստանում Հայաստանի և Վրաստանի առնչությամբ (և սա այն դեպքում, երբ Վրաստանն զգալիորեն ավելի մեծ ֆինանսական աջակցություն է ստանում ոլորտային բարեփոխումներ իրականացնելու, այսպես կոչված Indicative ծրագրերի համար): Մոլդովայի առաջընթացն այս դաշտում համեմատության մեջ առավել ընդգծված է: Դուրս գալով դատաիրավական, պետական համակարգի բարելավման շրջանակներից՝ այն մեկ քայլ առաջ է անցնում նաև սոցիալական աջակցության, առողջապահության և կրթության, էներգետիկայի, մրցակցության և պետական աջակցության ոլորտներում:

Հրապարակված զեկույցներում յուրաքանչյուր երկրի առնչությամբ ներառված են նաև ուշագրավ կետեր, որոնց անդրադառնում ենք:

Մասնավորապես ԵՄ-ն գնահատանքով է արտահայտվել փաստի մասին, որ «Վրաստանը վերահաստատեց իր անկեղծ ցանկությունը՝ ներգրավվելու անջատված շրջաններում»: Ավելին՝ ԵՀ-ն առաջարկում է ուղիներ որոնել ներգրավման համար ֆինանսական ռեսուրսներ տրամադրելու համար:

Այստեղ շարունակում է խնդրահարույց մնալ նաև ԶԼՄ-ների բազմազանության և անկախության, կամարտահայտման ազատության, լրատվամիջոցների սեփականության մասին օրենքի կիրառման շրջանակը:

Փաստացի որոշակի անհստակություն է ստեղծվել Մոլդովայում: Այստեղ, ըստ ԵՀ-ի, ընտրությունները հանգեցրել են քաղաքական ու սահմանադրական ճգնաժամի: Դրան հաջորդած կառավարության անկումը հարցականի տակ դրեց քաղաքական կայունացման հարցը:

Ուկրաինայի դեպքում, չնայած դատաիրավական ոլորտներում ձեռնարկված բարեփոխումներին, հավաքների և փախստականների մասին օրենքի ընդունմանը, դրանց իրականացումը մնում է անկատար:

Ինչ վերաբերում է մեր երկրին, ապա Հայաստանը, ըստ ԵՀ-ի, թեև շարունակել է մակրոտնտեսական հիմնավոր քաղաքականություն և կառուցվածքային բարեփոխումները, լրացուցիչ առաջընթաց արձանագրել մակրոտնտեսական քաղաքականության, աղքատության կրճատման և սոցիալական համերաշխության ոլորտներում, այնուամենայնիվ կա լրացուցիչ աշխատանքների անհրաժեշտություն համապատասխան օրենսդրական դաշտի ամբողջականացման և ի կատար ածելու ուղղությամբ:

Իսկ, ընդհանուր առմամբ, ԱլԳ ընդհանուր համատեքստում բանակցվող փաթեթների առնչությամբ ստեղծվում է հետևյալ պատկերը: «Մոլդովան, Վրաստանն ու Հայաստանը, շարունակելով ժողովրդավարական բարեփոխումները, անցկացրեցին միջազգային չափանիշներին ընդհանուր առմամբ համահունչ ընտրություններ: Ուկրաինայում կայացած խորհրդարանական ընտրություններում գրանցվել են մի շարք բացթողումներ ինչպես նաև հետընթաց՝ նախկինում ձեռք բերված չափանիշների համեմատ»:

Մոլդովայի, Հայաստանի և Վրաստանի հետ ԵՄ-ն շարունակում է բանակցել Ասոցացման համաձայնագրերի և դրա մաս կազմող Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտիների շուրջ և Ադրբեջանի հետ՝ Ասոցացման համաձայնագրի շուրջ: ԵՄ-Ուկրաինա Ասոցացման համաձայնագիրը նախաստորագրվել և պատրաստ է ստորագրման, եթե ԵՀ ձևակերպմամբ «Կիևն իրականացնի անհրաժեշտ քայլերը»:

«2012 թվականի ընթացքում զգալի առաջընթաց գրանցվեց Արևելյան գործընկեր պետությունների հետ առանց վիզաների մուտքի ուղղությամբ: Մոլդովան և Ուկրաինան լուրջ առաջընթաց գրանցեցին վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի ուղղությամբ: Վրաստանի հետ մեկնարկեց վիզաների ազատականացման երկխոսությունը, իսկ Հայաստանը տրամադրեց առանց վիզաների մուտքի հնարավորություն ԵՄ քաղաքացիների համար 2013 թվականի հունվարից: Մոլդովայի, Վրաստանի և Հայաստանի հետ Տեղաշարժի գործընկերության հաստատումից հետո մեկնարկեցին բանակցությունները ԵՄ-Ադրբեջան Տեղաշարժի գործընկերության շուրջ»:

Ընդհանուր առմամբ, կարելի է եզրակացնել, որ ոլորտային բարեփոխումների և ԵՄ իրավաօրենսդրական դաշտի հետ մոտարկման իմաստով Մոլդովան, չնայած որոշ խնդիրներին, այնուամենայնիվ վստահորեն գլխավորում է դիտարկված քառյակը: Հետաքրքիր է, որ Հայաստանի ու Վրաստանի պարագայում առկա խնդիրները երբեմն միմյանց կրկնում են, երբեմն էլ անսպասելի պատկեր ստեղծում: Ընդսմին, Վրաստանում մամուլի անազատության և կարգավորիչ մեխանիզմների լիարժեք իրագործման ոլորտում առկա խնդիրներն առավել վառ արտահայտվեցին անցյալ տարի կայացած խորհրդարանական ընտրությունների ընթացքում, ինչն էլ փաստորեն հստակ ամրագրվել է զեկույցում և պահանջ ձևակերպվել՝ հաղթահարել ոլորտում առկա խոչընդոտները: Փաստացի, քառյակը եզրափակող Ուկրաինայի առնչությամբ արձանագրված հետընթացի ամրագրմանը զուգահեռ ԵՀ-ն կոչ է անում ամրապնդել ԵՄ օրենսդրության նկատմամբ կարգավորող դաշտի մոտարկման ուղղությունը և վերադառնալ ստեղծված մեխանիզմների իրագործման շրջանակներ:

Քրիստինե Հովսեփյան