«Հայացք աշխարհին» հաղորդաշարը կրկին էկրանին կլինի

Վերջին շրջանում կապի տարբեր միջոցներով (հեռախոս, սոց. ցանցեր և նամակներ) մեր գործընկեր “Արմեդիա” ՏՎԳ-ին են դիմում “Երևան” հեռուստաընկերության կողմից շաբաթ երեկոները (կրկնություններով) եթեր հեռարձակվող “Հայացք աշխարհին” “Արմեդիա” ՏՎԳ հեղինակային հաղորդաշարի հեռուստադիտողները և հետաքրքրվում հաղորդման եթերից դուրս գալու պատճառներով:

Նշենք, որ “Արմեդիա” ՏՎԳ “Հայացք աշխարհին” հեղինակային հեռուստածրագիրը դուրս է մնացել “Երևան” հեռուստաընկերության եթերից ոչ մեր գործընկերոջ նախաձեռնությամբ, և ամեն ինչ տեղի է ունեցել այնքան անսպասելի և արագ, որ ծրագրի հեղինակային թիմը նույնիսկ չի հաս¬ցրել եթերով զգուշացնել իր մշտական հեռուստադիտողներին, որ տվյալ հեռուստաալիքով իրենց հաղորդումն այլևս չի հեռարձակվելու եթեր: Այնուամենայնիվ մեր գործընկերը շնորհակալություն է հայտնում “Երևան” հեռուստաալիքին երկարամյա համագործակցության համար, շնորհակալություն է հայտնում բոլորին, ովքեր աշխատել են իր հետ, նաև իր ամբողջ թիմին և, իհարկե, բոլոր հեռուստադիտողներին:

“Արմեդիա” ՏՎԳ-ն իր համոզմունքն է հայտնում, որ հայ հեռուստադիտողն առաջվա պես հետաքրքրված է լուրջ և ճանաչողական հաղորդաշարերով, և ցանկանում է վստահեցնել հեռուստադիտողներին, որ “Հայացք աշխարհին”-ը դեռևս կհայտնվի հայկական եթերում: Տվյալ պահին գործակալությունը բանակցություններ է վարում ռեյտինգային և հեղինակավոր հեռուստաալիքների հետ տարբեր երկրներից իր էքսկլյուզիվ նյութերը, հայացքն աշխարհին և աշխարհի հայացքը Հայաստանին կրկին Հայաստանի հեռուստաեթերում ներկայացնելու համար: Մեր գործընկերը հույս է հայտնում, որ նոր հեռուստաալիքը, որով եթեր կհեռարձակվի “Հայացք աշխարհին”-ը (կամ հաղորդման նորացված տարբերակը) ավելի լայն ծածկույթ և տարածում կունենա՝ այդ բառերի բոլոր իմաստներով:

Այս կամ այն հեռուստաընկերության հետ վերջնական համաձայնություններ ձեռք բերելուն պես “Արմեդիա” ՏՎԳ-ն այդ մասին հավելյալ կհայտնի ԶԼՄ-ներով: “Արմեդիա” ՏՎԳ-ն վստահեցնում է իր “երկրպագուներին”՝ “Հայացք աշխարհին”-ը շուտով կվերադառնա ձեր էկրաններին:

“Եվրոպական ինտեգրացիա” ՀԿ