“ժպտացե’ք, մարդիկ, ժպտացե’ք: Դեմքի լուրջ արտահայտությունը դեռևս խելքի նշան չէ”…

Անձամբ ես շատ եմ սիրում ապրիլի 1-ը, քանի որ կարծում եմ, որ առանց կատակների և ծիծաղի կյանքը շատ ձանձրալի է: Ինձ համար ժպիտները կյանքի սկզբնաղբյուրն են: Խոժոռ մարդիկ, ովքեր եթե անգամ երկար են ապրում, հազիվ թե մտորում են՝ արդյոք կյանքն առանց ժպիտների կյա՞նք է… Ահա, ինքներդ փորձեք հիշել, թե ում եք առավել հաճախ հիշում կամ ուզում տեսնել ձեր կողքին: Իհարկե, դրական, տոկուն մարդկանց, ում բարձր ծիծաղը գերում է ամենքին, իսկ ձեզ հետ արած չարաճճի կատակները ստիպում են երկար տարիներ հիշել այն յուրահատուկ զգացումները, որոնք արթնանում են մարդկանց մեջ ամեն տարվա ապրիլի 1-ին:

Չգիտեմ, թե Ծիծաղի կամ Հիմարների օրը Հայաստանում տոնելն ինչքանով է դարձել ավանդույթ, բայց համոզված եմ, որ այսօրվա հայկական իրականության պարագայում ծիծաղի օրը, ոչ, անգամ՝ օրերը պարզապես անհրաժեշտություն են: Անհրաժեշտ է, որ քաղաքականության մասին դատող բոլոր “ամենագետ” մարդիկ հանկարծ հասկանան, թե այդ ամենն ինչքան զավեշտալի է՝մեկ կյանք ապրելու տեսանկյունից: Անհրաժեշտ է, որպեսզի “փողկապներով” մարդիկ չվախենան ծիծաղել իրենց իսկ կերպարների վրա, որպեսզի հայ կանայք դադարեն խոժոռվել և հասկանան, որ կյանքի իմաստն ուրախության մեջ է, որպեսզի մարդիկ երեխաների պես կարողանան ուրախանալ “հենց այնպես”, որպեսզի ծիծաղի օրը լինի ամեն օր… և ոչ թե նրա համար, որ դա “վիտամին C” է, այլ, որ կյանքն առանց ծիծաղի պարզապես ձանձրալի և անիմաստ է… Եվ իսկապես, “ժպտացե’ք, մարդիկ, ժպտացե’ք: Դեմքի լուրջ արտահայտությունը դեռևս խելքի նշան չէ”…

Կարինե Օհանյան