Սերբիան և Կոսովոն կրկին ձախողեցին հարաբերությունների կարգավորումը

Սերբիայի վարչապետ Իվացա Դաչիչը, Կոսովոյի վարչապետ Հաշիմ Թաչին և եվրոպական դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը անցկացրել են մի շարք երկկողմ և եռակողմ հանդիպումներ: Ընդհանուր առմամբ, բանակցություններն ընդմիջումներով տևել են 12 ժամ:

Բրյուսելում երեկ կայացած բանակցությունների արդյունքում կառավարական պատվիրակություններն այդպես էլ չկարողացան համաձայնության գալ հարաբերությունների կարգավորման հարցում: Այսպես է արդյունքների մասին արտահայտվել Սերբիայի վաչապետը:

Նրա պնդմամբ մոտակա օրերին կանցկացվի բանակցությունների վերլուծություն և քննարկում: Լրագրողներին Դաչիչը տեղեկացրել է. «Մենք առաջվա պես մի քանի կետերով հեռու ենք միմյանցից, սակայն արձանագրվել է որոշակի առաջընթաց»:

Նշենք, որ բանակցություններում Կոսովոյի (որը 2008 թ.-ին միակողմանիորեն հռչակեց Սերբիայից իր անկախությունը) կարգավիճակի թեման չի քննարկվել:

Մի շարք փորձագետներ, որ հետևում են զարգացումներին, նշում են, որ վարչապետների այս թվով 8-րդ հանդիպումը կարող էր որոշիչ դառնալ ողջ բանակցային գործընթացում: Ուշագրավ է, որ Սերբիայի փոխվարչապետ և ՊՆ նախարար Ալեքսանդր Վուչիչը երկխոսության արդյունքների բացակայության պատճառով փորձել է հրաժարական տալ, ինչը սակայն չի ընդունվել:

Հավելենք, որ Սերբիայի և Կոսովոյի միջև Եվրամիության միջնորդությամբ երկխոսությունը մեկնարկել է 2011 թ.-ի մարտին և սկզբնական շրջանում տեխնիկական բնույթ էր կրում:

Մինչդեռ այժմ ակնհայտ է դառնում, որ կողմերին անհրաժեշտ է հասնել հարաբերությունների կարգավորմանը, եթե ցանկություն ունեն առավել մոտենալ ԵՄ-ին:

Քրիստինե Հովսեփյան