Deutsche Bank-ը թաքցնում է վնասնե՞րը

Չնայած բազմաթիվ միջազգային գնահատականներին, համաձայն որոնց՝ Եվրոպայում այսօր ճգնաժամը շրջանցել հաջողվում է միայն գերմանական տնտեսությանը, հնարավոր է, որ իրականում դա այնքան էլ այդպես չլինի:

Գերմանիայի Կենտրոնական բանկը խոշոր Deutsche Bank-ի նկատմամբ հետաքննություն է սկսել՝ կասկածի տակ առնելով վերջինիս հաշվետվությունների ճշմարտացիությունը: ԿԲ-ն մասնավորապես կասկածում է բանկի կողմից վարկային դերիվատիվների հաշվին մեքենայությունների իրականացում, որոնցով վերջինիս գլոբալ ֆինանսական ճգնաժամի ընթացքում հաջողվել է թաքցնել 12 մլրդ դոլարի վնասը:

Թաքցրե՞լ է արդյոք իրականում բանկը ճգնաժամի արդյունքում կրած վնասները թե ոչ, կպարզեն ԿԲ-ի մի խումբ փորձագետներ, ովքեր մոտ ժամանակներս կուղևորվեն Նյու Յորք՝ հանդիպելու բանկի նախկին աշխատակիցներին, ովքեր էլ հայտնել են իրենց նախկին գործատուի մեքենայությունների մասին:

Նշենք, որ Deutsche Bank-ը վստահեցնում է, որ իր կողմից ներկայացված հաշվետվությունները մանրամասնորեն ուսումնասիրվել են անկախ իրավաբանների կողմից, որոնք նմանատիպ մեքենայություններ չեն հայտնաբերել:

Հիշեցնենք, որ Եվրոպան ներկայումս գտնվում է հենց բանկային ճգնաժամում, ու այս առումով, եթե հաստատվի, որ գերմանական խոշոր բանկերից մեկը ևս ենթարկվել է ճգնաժամի բացասական ազդեցությանը, ֆինանսական շուկաներն արագ արձագանք կտան բացասական ելքերով, քանի որ մեծագույն վստահություն կա, որ գերմանական տնտեսությունը շարունակում է պահպանել մինչճգնաժամային դիրքերը: Այս դեպքում, չնայած Ժոզե Մանուել Բարոզուի հայտարարությանը, որ ճգնաժամի դժվարին ժամանակահատվածը հաղթահարված է, իրավիճակը կրկին կսրվի ոչ միայն եվրոպական, այլև համաշխարհային ֆինանսական շուկաներում:

Սա ձեռնտու չէ նաև հենց Գերմանիայի համար, ուստի լավ կլինի՝ բանկի կողմից նման մեքենայությունների լուրը հաստատվելու դեպքում էլ պետությունը մեծ աղմուկ չբարձրացնի:

Աղբյուրը` “Արմեդիա” ՏՎԳ

05.04.2013