Պառավը, անվնաս գնդասեղը և տարվա մնացած 265 օրերը

Ոչ ոք հստակ չգիտե, թե քանի տարի առաջ այս օրերին պառավը բարկացրեց եղանակին՝ ոգևորվելով ապրիլյան արևից և իր ուլերին սար բարձրացնելու շտապողական որոշումով: Թաքցնելով արևը, եղանակն անսպասելիորեն փոխեց տրամադրությունը, անձրև տեղաց, ուժեղ քամի ու… պառավի ուլերը քշեց-տարավ:

Այդ օրվանից ապրիլյան երկրորդ շաբաթը գրեթե միշտ, ի տարբերություն նախորդի, լինում է անձրևոտ ու մի փոքր ցուրտ: Այնպես որ բարկանանք, թե ոչ, այսօր դեռ ապրիլի տասն է ու “պառավի ուլերի” ավարտին դեռևս երեք օր կա:

Եթե պառավի հետ կապված պատմության հստակ ժամկետները հայտնի չեն ոչ ոքի, ապա նույնը չես ասի անվնաս գնդասեղի մասին: Գնդասեղը, որն այսօր շատերիս կենցաղում անհրաժեշտ տարր է, ստեղծվել է ամերիկացի ինժեներ Ուոլտեր Հանտի կողմից: 1849 թ. այս օրը այն արտոնագրվել է:

Հանտը ստեղծել է անվնաս գնդասեղն այն տեսքով, որին մենք ծանոթ ենք: Մինչդեռ հայտնի է, որ գնդասեղներ կիրառվել են մ.թ.ա 3000 տարի առաջ շումերների կողմից, ինչպես նաև մ.թ.ա 13-րդ դարում հին հռոմեացիների կողմից:

Հանտի կողմից ստեղծված գնդասեղն ունի անվնաս, ինչպես նաև անգլիական գնդասեղ անվանումը: Վերջինս պայմանավորված է նրանով, որ հայտնագործության նույն տարվա աշնանը բրիտանացի Չարլզ Ռուլեյը կրկին արտոնագրում է Հանտի հայտնագործությունն իր անունով: Եվ քանի որ այդ ժամանակ արտոնագիրը չէր պաշտպանում հեղինակային իրավունքները, այն անվանվում է անգլիական:

Իզուր չեն ասում, որ գարունը կյանքի զարթոնք է խորհրդանշում, հատկապես ապրիլ ամիսը, երբ շուրջբոլորը ծաղկում ու կանաչում է: Միաժամանակ զարթոնք ապրելով բնության հետ՝ շատերիս մոտ առաջանում է նոր ծրագրեր մշակելու ու մեր առաջ նպատակներ դնելու բուռն ցանկություն: Այս առումով ապրիլի տասը շատ հարմար օր է, հատկապես, երբ առջևում շուրջ 265 օր կա: Այո, այո, ապրիլի 10-ին լրանում է տարվա հարյուերորդ օրը (բացառություն են կազմում նահանջ տարիները):

Այնպես որ, մոռանանք “պառվի ուլերի” մասին, գնդասեղով ամրապնդենք մեր մտքերն ու նպատակները և ժպիտով դիմավորենք տարվա մնացած 265 օրերը:

Լիլիա Ամիրխանյան