Եվրաինտեգրում. արդյո՞ք, միայն սովորում ենք

Եվրաինտեգրման մասին խոսելիս հաճախ ենք առաջնորդվում աշակերտական մոտեցմամբ՝ աշխատել լավագույնս առավելագույն գնահատական ստանալու համար: Պետք չէ, իհարկե, անտեսել լավագույնն անելու սկզբունքը, քանի որ համագործակցությունը ԵՄ-ի հետ, ինչպես գիտենք, կառուցվում է «ավելին ավելիի դիմաց» սկզբունքով: Եվ այդ «ավելին» առաջին հերթին բխում է հենց մեր շահերից: Այս առումով շահում ենք կրկնակի, քանի որ «ավելի» բարեփոխումները նպաստում են Հայաստանում տարբեր ոլորտների բարեփոխումներին, ժողովրդավարացմանն ու քաղաքացու համար ավելի մատչելիացմանն ու հարմարավետ լինելուն: Օրինակ կարող է ծառայել մեկ պատուհանի սկբունքի ներմուծումը պետական մարմիններում, փաստաթղթաշրջանառության դյուրացումը շատ ոլորտներում և այլն:

Եվ այդ «ավելիի» դիմաց ստանում ենք «ավելին»՝ ավելի լայն տեխնիկական և ֆինանսական աջակցություն, բացվում են համագործակցության նոր ոլորտներ, մեծանում են մեզ ընձեռվող հնարավորությունները, կամ, պարզապես, կարելի է ասել, որ մեր առաջ բացվում են նոր դռներ:

Միաժամանակ, պետք չէ ընկալել այդ ամենը որպես միակողմանի գործարք, կամ խաղ զրոյական արդյունքով: Ավելի շուտ եվրաինտեգրումը հենց խաղ է դրական արդյունքով, երբ գործընթացը հաղթանակ է բերում բոլոր կողմերին:

Մենք միշտ փորձում ենք եվրաինտեգրման ներքո տեսնել մեր երկրի շահերը, հնարավորություններն ու օգուտները, որ կարող ենք քաղել գործընթացից: Սակայն, պակաս կարևոր և օգտակար չի լինի հարցին նայել հակառակ կողմից, իսկ ինչո՞վ կարող ենք մենք օգտակար լինել Եվրոպային և դրանով իսկ ունենալ մեր անփոխարինելի ներդրումն այն մեծ ընտանիքի կյանքում, որի անդամն ու արժեքների կրող ենք նաև մենք:

Եվ թող չզարմացնի այն արտահայտությունս, թե մենք այդ ընտանիքի անդամ ենք, քանի որ 2001 թ.-ից Հայաստանի Հանրապետությունը, մյուս 46 երկրների հետ հավասարապես դարձել է Եվրոպայի խորհրդի անդամ, որի արժեքների ու սկզբունքների վրա հիմնված է ողջ Եվրոպան: Այստեղ մենք հավասար ենք եվրոպական ցանկացած երկրի հետ, ունենք ձայնի իրավունք և մյուսների հետ հավասարապես կարող ենք մեր ներդրումն ունենալ եվրոպական հարցերի լուծմանն ու օրակարգի ձևավորմանը: Մենք, որ միշտ հպարտանում ենք հայ մտքի մեծությամբ ու խորությամբ, միգուցե, շատ գաղափարներ ու նորություններ ունենք առաջարկելու Եվրոպային: Գուցե, ծերուկ Եվրոպան մեր խորհրդի կարիքն ունի՞: Իսկ ո՞վ է դա բացառել:

Բացի այդ, մենք քրիստոնեական երկիր ենք, որը մահմեդական երկրների հարևանությամբ և նրանց հետ համատեղ ապրելու, պայքար մղելու և խաղաղ գոյակցելու դարավոր փորձ ունի: Հաշվի առնելով Եվրոպայի ունեցած խնդիրներն ու մահմեդականացման մեծ տեմպերը, գուցե այդ պայմաններում քրիստոնեական արժեքների պահպանման ու ազգային ինքնության ամրապնդման փորձը ևս պակաս օգտակար չի լինի Եվրոպային:

Կատարյալ ճիշտ, ամենագիտական համակարգեր, երկրներ ու մարդիկ չկան: Եվ մենք շատ բան ունենք սովորելու Եվրոպայից, սակայն, դա չի բացառում, որ Եվրոպան, նույնպես, շատ բան կարող է ընդօրինակել մեզանից: Մենք մեկ ընտանիքի հավասարազոր անդամներ ենք, և փոխադարձ օգնությունը հզորացնում է բոլորիս:

Աննա Կարապետյան