Եվրախորհրդարանը բանկային սահմանափակումների ծրագիր է ներկայացրել

Ինչպես և սպասվում էր, 2013-ը եվրոպական ճգնաժամի դեմ պայքարին ուղղված միջոցառումների ակտիվ գործարկման տարի պետք է լինի: Այս համատեքստում տեղեկացնենք, որ Եվրախորհրդարանի պատգամավորները ձայների մեծամասնությամբ հաստատել են բանկային համակարգի կարգավորմանն ուղղված միջոցառումների փաթեթ:ը, որն ավելի վաղ՝ փետրվարի վերջին, քվեարկության է ներկայացվել ԵՄ անդամ-պետությունների կողմից: Եթե օրինագիծը հաստատվի նաև Եվրոպայի Խորհրդի կողմից, ապա բանկային ոլորտի խստացումների մասին օրենքն ուժի մեջ կմտնի 2014թ. հունվարի 1-ից:

Բանկային ոլորտին առնչվող մի շարք սահմանափակումներին զուգահեռ՝ ոլորտի աշխատակիցներին առավել շատ տխրեցրել է խրախուսական վճարների կրճատումը. խորհրդարանականները հաստատել են, որ դրանք չպետք է գերազանցեն աշխատակիցների տարեկան աշխատավարձի չափը:

«Եվրախորհրդարանը կոչ էր արել նման սահմանափակումների գնալ դեռևս երեք տարի առաջ՝ ենթարկվելով խիստ քննադատությունների: Եվրամիության երկրների ֆինանսների նախարարները այդ ժամանակ պնդում էին, որ դրա կարիքը չկա: Սակայն հետզհետե նրանք հասկացան՝ ինչ լուրջ խնդիր է դա բանկային ոլորտի համար՝ հատկապես հաշվի առնելով պարտքային ճգնաժամի ու որոշ բանկերում ստեղծված իրավիճակի միջև առկա կապը: Արդյունքում մենք խելամիտ որոշում կայացրինք, այն է՝ ֆինանսական ոլորտի վճարները պետք է սահմանափակվեն, հատկապես, եթե դրանք վերաբերում են խրախուսումներին: Հատկապես խրախուսական վճարների ձգտող բանկիրներն են ոլորտը ենթարկում մեծ ռիսկերի»,- օրինագծի ընդունման մասին պատմում է Եվրախորհրդարանի ֆինանսական հանձնաժողովի անդամ Սիլվի Գուլարը:

Հատկանշական է, որ, ամենայն հավանականությամբ, օրինագիծն ուժի մեջ կմտնի, եթե իհարկե դրան չխոչընդոտի Մեծ Բրիտանիան: Գրեթե միշտ համաեվրոպական որոշումներին դեմ հանդես եկող ԵՄ անդամն այս անգամ էլ մնաց իր «կերպարում»՝ պատճառաբանելով, որ Մեծ Բրիտանիայի բանկային ոլորտն առանց այդ էլ շատ սահմանափակումների է ենթարկված:

Փորձագետների կարծիքով՝ Լոնդոնն ամեն ինչ կանի գործընթացը Եվրոպայի Խորհրդում հաստատմանը խոչընդոտելու համար: Այս պարագայում եվրոպական կառույցների համար լավագույն ելքը կլինի այն, որ սահմանափակումները չվերաբերեն գոնե միայն այդ երկրին:

Սակայն որքանո՞վ այս դեպքում երաշխիքներ կլինեն, որ այլ երկրները ևս “ոտքի չեն կանգնի”՝ պահանջելով Միության ներսում հավասարության պահպանում…

Աղբյուրը` «Արմեդիա» ՏՎԳ