ԵՄ-ՀԱՅԱՍՏԱՆ ԱՊՐԱՆՔԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՃԻ

ԵՄ–ՀՀ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման դեպքում կմեծանա ԵՄ–ից Հայաստան ապրանքների ներմուծումը, ինչ կխրախուսի մրցակցությունը հօգուտ սպառողների։ Այս մասին այսօր այդ թեմայով կազմակերպված աշխատաժողովի ժամանակ ասաց փորձագետ Ռուբեն Սարուխանյանը, ով մասնակցում է Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման բանակցություններին օժանդակելու նպատակով հոլանդական երկու ընկերության կողմից իրականացվող ուսումնասիրությանը, տեղեկացնում են ՀՀ լրատվամիջոցները։

“Նախնական հետազոտության տվյալներով կա հիմնական դրական ազդեցություն, դրանցից են՝ տնտեսական աճի տեմպերի բարձրացումը, աշխատավարձերի բարձրացումը, եկամուտների աճը, գների որոշակի նվազումը”,– ասաց նա՝ ներկայացնելով ուսումնասիրությունների արդյունքները:

“Հույս կա, որ տնտեսությունն ավելի ակտիվ կլինի, մրցակցությունը կբարձրանա: Իհարկե, այս դեպքում ԵՄ ապրանքների ներմուծումը Հայաստանում կմեծանա, բայց դա կխրախուսի մրցակցությունը, իսկ ապրանքները կլինեն ավելի որակյալ ու էժան”,- ընդգծեց նա:

ԵՄ–ՀՀ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման բանակցություններին օժանդակելու նպատակով հոլանդական “Էկորիս” և “ՔԵՅՍ” կազմակերպությունները ուսումնասիրություններ են իրականացնում, որպեսզի պարզեն, թե ինչ ազդեցություն կարող է ունենալ այդ գոտու ստեղծումը ԵՄ-ի և Հայաստանի տնտեսությունների վրա:

Ռուբեն Սարուխանյանը նշեց, որ աշխատանքների առաջին փուլն արդեն իսկ ավարտված է և արդյունքները հիմնականում դրական են: Նա նաև տեղեկացրեց, որ ուսումնասիրությունները կավարտվեն այս տարվա սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին:

Աշխատաժողովին ներկա էր ՀՀ–ում ԵՄ պատվիրակության փոխդեսպան Օննո Սիմոնսը, ով կարևորելով աշխատանքային խմբի ուսումնասիրությունները նշեց, որ մինչև 2012թ-ի փետրվարը, ԵՄ-ի և ՀՀ-ի միջև սկսված աշխատանքներում արձանագրվել է այնպիսի առաջընթաց, որ հնարավոր եղավ սկսել պաշտոնական բանակցությունները:

“Իմ գործընկերները Բրյուսելից այսօր շարունակում են Խորը և համապարփակ առևտրի գոտու և Ասոցացման պայմանագրի բանակցությունների 5-րդ փուլը: Կպահանջվի ևս մեկ փուլ, որի ընթացքում մինչև այս տարվա նոյեմբեր բոլոր խնդիրները վերջանական լուծում կստանան: Հաջորդ տարվա կեսերին արդեն գոտին կդառնա գործող”,- ասաց Օննո Սիմոնսը:

17.04.2013