Ե՞րբ կստորագրվի ՀՀ-ԵՄ Ռեադմիսիայի համաձայնագիրը և ի՞նչն էր դրան խոչընդոտում

Այսօր ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը հայտնել է, որ ՀՀ Արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանն ապրիլի 19-ին մեկնելու է Բրյուսել, որտեղ ԵՄ ներքին գործերով հանձնակատարի և ԵՄ Խորհրդում նախագահող Իռլանդիայի ներկայացուցչի հետ կստորագրի Հայաստան – Եվրոպական Միություն Ռեադմիսիայի մասին համաձայնագիրը:

Ռեադմիսիայի, ինչպես նաև Վիզաների դյուրացման համաձայնագրերի (Visa Facilitation and Readmission agreements) շուրջ բանակցությունները ԵՄ-ի և Հայաստանի Հանրապետության միջև մեկնարկել են 2011թ. դեկտեմբերին:

Բանակցությունները ավարտին են հասցվել 2012թ. հոկտեմբերին, ինչի արդյունքում 2012թ. դեկտեմբերի 17-ին ԵՄ-ի և ՀՀ-ի միջև ստորագրվել է Վիզաների դյուրացման համաձայնագիրը: Սակայն, վերջինս ուժի մեջ կարող է մտնել միայն Ռեադմիսիայի համաձայնագրի հետ միաժամանակ: Ռեադմիսիայի համաձայնագիրը դեռևս ստորագրված չէ, այն կարող է ստորագրվել միայն Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի կողմից՝ իրենց ներգրավման վերաբերյալ որոշման կայացումից և ԵՄ խորհրդի կողմից համապատասխան որոշման ընդունումից հետո: Ի դեպ, Վիզաների դյուրացման համաձայնագիրը չի տարածվում Մեծ Բրիտանիայի, Իռլանդիայի և Դանիայի վրա:

Մեծ Բրիտանիան 2013թ. ապրիլի 14-ին հրապարակել է կառավարության որոշումը համաձայնագրին չմիանալու վերաբերյալ: Կառավարության որոշման մեջ մասնավորապես ասվում է. «Մենք գտնում ենք, որ այս առաջարկը Մեծ Բրիտանիային որևէ հստակ շահույթ չի տալիս, և այս պատճառով անհրաժեշտ չենք համարում միանալ դրան: Հայաստանից դեպի Մեծ Բրիտանիա առկա է որոշակի ապօրինի միգրացիա, և մենք որևէ օպերացիոնալ խնդիրներ չունենք նրանց վերադարձի հետ կապված, որը կօգնի կարգավորել ԵՄ Ռեադմիսիայի համաձայնագիրը: Մեծ Բրիտանիան կկարողանա միանալ համաձայնագրին նաև ստորագրումից հետո, եթե այդ հանգամանքները փոխվեն»:

Ուստի, Մեծ Բրիտանիայի որոշման հստակեցումից հետո, ինչին տրված էր եռամսյա ժամկետ, ապրիլի 16-ին ԵՄ խորհուրդը հրապարակեց որոշումը Հայաստանի հետ Ռեադմիսիայի համաձայնագիր ստորագրելու վերաբերյալ:

Նշենք, որ Ռեադմիսիայի համաձայնագիրը սահմանում է ԵՄ անդամ երկրների իշխանությունների և երրորդ երկրների միջև պարտավորություններն ու ընթացակարգերն ապօրինի կերպով երկրի տարածքում գտնվող քաղաքացիների վերադարձի վերաբերյալ: Դրանք երաշխավորում են մարդու իրավունքների լիակատար ապահովումը վերադարձի ընթացքում:

Վիզաների դյուրացման համաձայնագիրն, իր հերթին, ավելի մատչելի և դյուրին է դարձնում Հայաստանի քաղաքացիների կողմից անցագրերի ստացումն ու անվճար տեղաշարժը ԵՄ տարածքում: Հաճախակի ճամփորդող քաղաքացիներին այն տալիս է 5 տարով բազմակի օգտագործման վիզայի ստացման հնարավորություն: Պաշտոնական առաքելությունները, 12 տարեկանից ցածր երեխաները, թոշակառուները, հետազոտողներն ու ուսանողները կազատվեն վիզաների համար պարտադիր վճարներից:

Այսօրվա դրությամբ ԵՄ-ն Վիզաների դյուրացման և Ռեադմիսիայի համաձայնագրերը ստորագրել է ինը (որոնցից երեքը Արևելյան գործընկերության ծրագրի մեջ ներգրավված են) երկրների հետ` Ալբանիա, Բոսնիա և Հերցեգովինա, Մակեդոնիայի Նախկին Հարավասլավական Հանրապետություն, Մոլդովայի Հանրապետություն, Մոնտենեգրո, Ռուսաստան, Սերբիա, Ուկրաինա և Վրաստան: Բանակցային փուլում է գտնվում Ադրբեջանը:

Աղբյուրը՝ «Արմեդիա» ՏՎԳ