ԵԽԽՎ կայանալիք նստաշրջանն ու Գլխավոր քարտուղարի այցի արդյունքները

Ապրիլի 22-26-ը Ստրասբուրգում կայանալու է Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի գարնանային նստաշրջանը: Ելույթներով հանդես են գալու չորս երկրների ղեկավարներ և բարձրաստիճան պաշտոնյաներ՝ Գերմանիայի նախագահ Յոախիմ Գաուքը, Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին, Ռումինիայի վարչապետ Վիկտոր Պոնտան և Անդորրայի վարչապետ Անտոնի Մարտին:

Օրակարգում ընգրկված են կրոնական համայնքների նկատմամբ բռնությունների կանխարգելման, նանոտեխնոլոգիների ընձեռած հնարավորությունների և մարտահրավերների բալանսավորման, երիտասարդների կրթության խնդիրների հաղթահարման և մարդու իրավունքների ոլորտին առնչվող մի շարք այլ հարցեր: Նաև նախատեսված է Թուրքիայի հետ երկխոսության վերաբերյալ բանավեճ` 2004թ. մոնիթորինգի դադարեցումից հետո դեռևս խնդրահարույց համարվող 12 կետերի վերաբերյալ, կներկայացվի զեկույց:

Ապրիլի 22-ի օրակարգում նախատեսվում է 2013թ. փետրվարի 18-ի ՀՀ նախագահական ընտրությունների դիտարկման արդյունքների շուրջ բանավեճ, զեկուցողի դերում հանդես կգա Կարին Ս. Վոլդեսփը (Նորվեգիա): Բանաձևի ընդունում չի նախատեսվում:

Հիշեցնենք, որ մայիսի 16-ից ՀՀ-ն ստանձնում է նախագահությունը ԵԽ Նախարարների խորհրդում: Նախապատրաստման նպատակով ապրիլի 16-18-ին Երևան էր այցելել Եվրոպայի Խորհրդի Գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը: Նա հանդիպումներ է ունեցել ՀՀ Նախագահ Ս.Սարգսյանի, ԱԳ նախարարի պաշտոնակատար Է.Նալբանդյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի, ինչպես նաև ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Եվրոպայի Խորհրդում ՀՀ նախագահության գերակայությունները: «Մենք մեծ ակնկալիքներ ունենք այս Նախագահությունից: Այն կհամընկնի կազմակերպության կարևոր բարեփոխումների և ԵՄ-ի՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային միանալու, մեր Դատարանի մաս դառնալու հետ»,-ասել է ԵԽ Գլխավոր քարտուղարը:

Էդվարդ Նալբանդյանը հանդիպման ընթացքում ներկայացրել է ՀՀ գերակայությունները ԵԽ-ում նախագահության ընթացքում, նա նշել է, որ նախագահության գերակայությունները ձևավորելիս հայկական կողմը փորձել է համատեղել Եվրոպայի Խորհրդի կարևոր օրակարգային և Հայաստանի համար առաջնային հանդիսացող հարցերը: Կարևորվել են Եվրոպայի Խորհրդի բոլոր երեք ուղղությունները` մարդու իրավունքներ, օրենքի գերակայություն և ժողովրդավարություն:

Նախարարը նշել է, որ ՀՀ նախագահության շրջանակներում նախատեսված են մի շարք կարևոր միջոցառումներ խորհրդարանների, Սահմանադրական դատարանների, արտգործնախարարների մակարդակով, նաև այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են միջկրոնական, միջմշակութային երկխոսությունը, տեղական ժողովրդավարությունը, խտրականության և անհանդուրժողականության դեմ պայքարը, կրթությունը, երիտասարդական քաղաքականությունը։ Ծրագրված է Եվրոպայի Խորհրդի անդամ պետությունների մայրաքաղաքների քաղաքապետերի մակարդակով համաժողով։ Կայանալու են բարձրաստիճան այցելություններ Ստրասբուրգ, մասնավորապես` Հայաստանի Հանրապետության նախագահի այցը:

Նախարարի պաշտոնակատարը հատուկ առանձնացրել է ակնկալվող մի շարք մշակութային միջոցառումները՝ ցուցահանդեսներ, համերգներ, մասնավորապես` «Սպարտակ» բալետի ներկայացումը Ստրասբուրգում:

Հանդիպումից հետո Էդվարդ Նալբանդյանն ու Թորբյորն Յագլանդը ստորագրել են Երևանում Եվրոպայի Խորհրդի գրասենյակի հիմնադրման և դրա իրավական կարգավիճակի մասին փոխըմբռնման հուշագիրը, որով Հայաստանում Եվրոպայի Խորհրդի ներկայության կարգավիճակը կբարձրանա նոր մակարդակի:

Աղբյուրը` “Արմեդիա” ՏՎԳ