Երկրի օրը չի ավարտվում. այն այսօր է և ամեն օր…


“Քանի՞ տարեկան եք” հարցից շատ կանայք խորշում են` փորձելով հնարավորինս թաքցնել իրենց տարիքը: Իսկ մեր մայր-մոլորակը, ով ոչ միայն չի թաքցնում, այլև, ի հեճուկս իրեն հիվանդացնողների, ամեն ճիգ գործադրում է երիտասարդ մնալու և բոլորիս օգտակար լինելու համար, ընդամենը 4,5 միլիարդ տարեկան է…և ունի ընդամենը 7.08 միլիարդ “երեխաներ”…

Տարիներ առաջ` 1970 թվականին, երբ ԱՄՆ Ուիսքոնսին նահանգի սենատոր Գեյլորդ Նելսոնը հադես եկավ կոչով ապրիլի 22-ին անցկացնել բնապահպանական քննարկում կամ նշել Երկրի օրը, ավելի քան 20 միլիոն մարդ հավաքվեց այս առթիվ, իսկ այսօր բոլորիս ընդհանուր տան` Երկիր մոլորակի օրը ողջ աշխարհում արդեն նշում են 500 միլիոնից ավել մարդ:

Ինչպես արևմտյան լրատվամիջոցներն են նշում, մայր-մոլորակի փառաբանման օրվա արմատները տանում են ավել վաղ` 19-րդ դար և տոնը կապված է Ջոն Մորտոն անունով մի ամերիկացու հետ: Վերջինս Նեբրասկա նահանգի անապատային տարածք տեղափոխվելով, որտեղ շինարարության համար ինտենսիվ կերպով առանց այն էլ եղած շատ քիչ ծառերը կտրատվում էին, առաջարկում է մի օր նվիրել կանաչապատմանը և պարգևատրել առավելագույն քանակով ծառեր տնկողներին: Օրը, որի ընթացքում ակցիայի մասնակիցները տնկում են մոտ 1 մլն ծառեր, Նեբրասկայում պաշտոնապես հայտարարվում է Ծառերի օր, ինչը համընկնում է Մորտոնի ծննդյան օրվա հետ:

Համաձայն 1992թ. Ռիոյի հռչակագրի`Երկիր մոլորակի օրվա խորհուրդը պահանջում է հավաքական պատասխանատվություն` մեր մոլորակի և բնության միջև ներդաշնակություն ստեղծելու համար, մարդկության ներկա և գալիք սերունդների տնտեսական, սոցիալական և բնապահպանական կարիքների միջև հավասարակշռության հասնելու նպատակով:

Հատկանշական է, որ այս օրը պաշտոնապես ՄԱԿ-ի կողմից հռչակվել է Երկիր մոլորակի միջազգային օր միայն 2009 թվականին` Բոլիվիայի նախաձեռնությամբ:

Այս կապակցությամբ կա մի հետաքրքրական փաստ. հյուսիային կիասագնդում Երկրի օրը նշվում է գարնանը, իսկ ահա հարավային կիսագնդում`աշնանը:

Եվ այժմ, ամեն տարի ապրիլի 22-ին աշխարհի տարբեր կետերից գիտնականներ հավաքվում են կլոր սեղանների շուրջ` քննարկման օրակարգում ունենալով գլոբալ էկոլոգիական խնդիրներ, որոնք առավելապես վերաբերում են շրջակա միջաբայրի մաքրությանը, կանաչ տարածությունների պահպանմանն ու ընդլայնմանը, ավտոմոբիլային երթևեկությանը, խոշոր քաղաքների գերբնակեցվածությանը և այլն:

Թերևս, երբ մեզանից` Երկիր մոլորակի 7.08 միալիարդ բնակիչներիցս յուրաքանչյուրը գիտակցի, որ բնության բարիքների սպառողից զատ ինքը նաև պատասխանատվություն է կրում, թեկուզ այն փոքրիկ միջավայրի համար, որում նա ապրում է, ապա մենք ոչ միայն կունենանք բնապահպանական խնդիրների որակական և ծավալային նվազում, այլև մեր գալիք սերունդներին կժառանգենք “ինչ վերցնում ես, փոխարենը տուր” պատգամը…

Աղբյուրը` “Արմեդիա” ՏՎԳ